Լրահոս
Օրվա լրահոսը

«Համերգները կազմակերպված էին իմ ստեղծագործական դասարանի մի քանի սաների ստեղծագործությունները ներկայացնելու նպատակով». Արփինե Կալինինա

Նոյեմբեր 24,2025 12:00

Կոմպոզիտոր, Հայաստանի Կոմպոզիտորների միության անդամ Արփինե Կալինինան վերջերս իր ստեղծագործական դասարանի չորս սաների հետ Գերմանիայի Հայոց Թեմի կողմից հրավիրված էր Գերմանիա՝ համերգային շրջագայության: Տարբեր երաժշտական ուսումնական հաստատություններում սովորող նրա շնորհաշատ սաները՝ 15-ամյա Արտաշես Մոսիկյանը, Դալար Չիչեանը, 14-ամյա Հայկ Ջուլհակյանը եւ 12-ամյա Արթուր Գրիգորյանը (որոնք, որպես պատանի ստեղծագործողներ, տարբեր հանրապետական եւ միջազգային մրցույթների եւ փառատոների մասնակիցներ ու դափնեկիրներ են) երեք համերգով հանդես եկան Գերմանիայի Քյոլն, Բրեմեն եւ Շտուտգարտ քաղաքներում: Շտուտգարտի համերգը կայացավ Հայ մշակույթի օրերի շրջանակում: Այս շրջագայությունը յուրատեսակ հնարավորություն էր հայ եւ օտարազգի հանդիսատեսին ներկայացնելու Հայաստանի պատանի ստեղծագործ տաղանդների աշխատանքները:

Ձախից աջ` Դալար Չիչեան, Արթուր Գրիգորյան, Հայկ Ջուլհակյան, Արտաշես Մոսիկյան, Արփինե Կալինինա

-Արփինե, պատմեք խնդրեմ, այս համերգաշարի մասին:

-Համերգները կազմակերպված էին իմ ստեղծագործական դասարանի մի քանի սաների ստեղծագործությունները ներկայացնելու նպատակով: Սա սաներիս առաջին արտասահմանյան ստեղծագործական համերգաշարն էր, որի ծրագիրն ամփոփում էր պատանի կոմպոզիտորների հինգ տարիների ընթացքում գրված դաշնամուրային եւ վոկալ ստեղծագործություններ: Հատուկ այս համերգների համար պատանիները գրել էին չորս նոր դաշնամուրային ստեղծագործություն՝ ներշնչված հայ երաժշտության ակունքի՝ Կոմիտասի ժառանգությամբ: Համերգից հետո թե կազմակերպիչների, թե հանդիսատեսի կողմից լսեցինք ջերմ եւ հիացական արձագանքներ: Շատերն ասում էին, որ պատանիների  ստեղծագործությունները իրենց մտովի տեղափոխել են Հայաստան, հայաստանյան բնաշխարհ եւ իրենք զգացել են կոմիտասյան շունչը… Հանդիսատեսի շարքում թե հայեր, թե գերմանացիներ էին: Համերգներից հետո մեզ մոտեցան դաշնամուրի մի քանի դասախոս եւ խնդրեցին սաներիս ստեղծագործությունների նոտաները՝ իրենց ուսանողների եւ աշակերտների երկացանկում  ներառելու համար. սա մեծ հնարավորություն է սաներիս համար՝ իրենց ստեղծագործություններն աշխարհում լսելի դարձնելու առումով…

Համերգներին սաներիս վոկալ ստեղծագործութունները մեծ վարպետությամբ եւ սիրով կատարեց գերմանաբնակ սոպրանո, Քյոլնի հայկական համայնքի «Կոմիտաս» երգչախմբի ղեկավար Անուշ Նազարյանը:

Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում Գերմանիայի Հայոց Թեմին, թեմի առաջնորդ գերաշնորհ Սերովբէ եպիսկոպոս Իսախանյանին մեզ հրավիրելու, պատանիների ստեղծագործական աշխատանքը կարեւորելու եւ խրախուսելու համար: Շնորհակալ ենք Տեր Տիրատուրին, Տեր Հրաչին, Սայաթ Սարկավագին՝ Շտուտգարտում, Բրեմենում եւ Քյոլնում մեզ բացառիկ սիրով ու ջերմությամբ հյուրընկալելու համար: Շնորհակալ ենք նաեւ բոլոր նրանց, ովքեր մեզ հյուրընկալեցին, դիմավորեցին, ուղեկցեցին… Հրավիրող կողմը մեզ պարգեւեց անմոռանալի ուղեւորություն: Շրջագայության ընթացքում  սաներս հնարավորություն ունեցան տեսնելու  տարբեր մշակութային օջախներ՝ Բեթհովենի թանգարանը Բոննում, Շտուտգարտի գրադարանը (որտեղ տեսան Բրամսի ձեռագիրը), Քյոլնի փառահեղ տաճարը (որին կից սրահում մեր համերգն էր), ինչպեսեւ Բրեմենյան երաժիշտների արձանը… Գերմանիան դասական երաժշտության բնօրաններից է, եւ այս ուղեւորությունը, կարծում եմ, առանձնահատուկ ներգործություն ունեցավ սաներիս վրա՝ տալով նոր ստեղծագործական լիցքեր:

-Խնդրեմ պատմեք ձեր սաների մասին եւ նշեք, թե ի՞նչ ստեղծագործություններ են ներկայացրել նրանք համերգաշարի ընթացքում:

– Արտաշես Մոսիկյանը (Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջ) ներկայացրեց իր «Ալեբախում», «Խռովք» դաշնամուրային պիեսները, ինչպեսեւ  «Գետը»  ռոմանսը ձայնի եւ դաշնամուրի համար (խոսք՝ Համո Սահյանի): Հատուկ այս համերգների համար նա գրել էր «Գարուն ա» ազդեցիկ դաշնամուրային ստեղծագործությունը՝ ըստ կոմիտասյան «Գարուն ա» երգի: Արտաշեսն իր ստեղծագործական ընթացքը սկսել է իմ դասարանում, ինձ մոտ ուսանում է արդեն հինգերորդ տարին եւ այս ընթացքում դրսեւորել  է երաժշտական մտքի խորություն, արտահայտչականություն եւ հարուստ հարմոնիկ մտածողություն, որը հրաշալի հիմք է մեծակտավ ստեղծագործությունների ստեղծման համար: Արտաշեսը, ինչպեսեւ բոլոր սաներս, մեծ պատասխանատվությամբ  մոտեցան Կոմիտասյան մեղեդիներով ներշնչված ստեղծագործություններ գրելու առաջադրանքին եւ գրեցին արժանավոր ստեղծագործություններ՝ արտահայտելով իրենց սերը Կոմիտասի հանդեպ:

Արթուր Գրիգորյանը (Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոց) ներկայացրեց իր դաշնամուրային «Կոմիտասյան պար» – ը եւ «Գարնանամուտ»  ռոմանսը (խոսք՝ Հովհաննես Շիրազի)՝ արտացոլելով  շիրազյան բանաստեղծության գարնանային էությունը: Ռոմանսը գրելիս՝ Արթուրը լսել է, թե ինչպես է Շիրազն ինքը կարդում իր բանաստեղծությունը եւ մեծապես ազդվել է շիրազյան ասմունքից: Արթուրն ինձ մոտ կոմպոզիցիայի է հաճախում չորրորդ տարին, վերջին տարում արձանագրել է մեծ աճ: Երաժշտական հակումներին զուգընթաց, նա հետաքրքրություն է ցուցաբերում բնագիտական առարկաների հանդեպ, սովորում է Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական մասնագիտացված դպրոցում: Բնագիտական առարկաների հանդեպ սերն օգնում է նրան կենտրոնանալ, որը կարեւոր է թե ստեղծագործելիս, թե կատարելիս:

Հայկ Ջուլհակյանը (Պարոնյան երաժշտական դպրոց) կոմպոզիցիայի է հաճախում հինգերորդ տարին: Ինչպես բոլոր սաներս, նա եւս իր ստեղծագործական ընթացքը սկսել է իմ դասարանում: Հայկը Գերմանիայում ներկայացրեց իր «Գետակ», «Կռունկ» եւ «Գարնանային հրաշք»  դաշնամուրային ստեղծագործությունները, նաեւ «Կանչը» ռոմանսը՝ ըստ Վահան Տերյանի համանուն բանաստեղծության՝  հարազատ մնալով տերյանական ոգուն:  Շատ կարեւոր եմ համարում, որ աշակերտներս ստեղծագործություններ են գրում հայ պոեզիայի հիման վրա՝ այսկերպ առավել խորությամբ առնչվելով հայոց լեզվի եւ գրականության հետ:

Հայկը, ինչպեսեւ Արտաշեսն ու Արթուրը, Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթի դափնեկիր է: Նա նաեւ հրաշալի դաշնակահար է, Արտաշեսի հետ սովորում է Իզաբելլա Պարոնյանի դաշնամուրային դասարանում: Հայկը երազանք ունի առաջիկայում գրել դաշնամուրային կոնցերտ կամ պոեմ նվագախմբի հետ, որը կկատարի ինքը: Դրա համար, իհարկե, պետք է լուրջ նախապատրաստություն, նվագախմբի իմացություն եւ այլն…, եւ հաշվի առնելով, թե Հայկը որքան ուշիմ, երաժշտական եւ նպատակասլաց պատանի է, լիովին քաջալերում եմ նրա ցանկությունը:

Ուրախանում եմ՝ տեսնելով, որ այս չորս սաներիցս յուրաքանչյուրն ունի ստեղծագործական լուրջ ցանկություններ, նպատակներ եւ ներուժ՝ գրելու բազմաժանր, ինչպեսեւ խոշոր կտավի ստեղծագործություններ՝ կոնցերտներ, սիմֆոնիկ երկեր եւ այլն…

Դալար Չիչեանը, որն անցյալ տարի գերազանցությամբ ավարտել է Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցի դաշնամուրային բաժինը, ինձ մոտ կոմպոզիցիայի է հաճախում երկրորդ տարին եւ այս ընթացքում կատարել է լուրջ աշխատանք: Որպես պատանի ստեղծագործող՝  ելույթ է ունեցել տարբեր համերգասրահներում, մասնակցել Արամ Խաչատրյանի անվան պատանի ստեղծագործողների ստուգատես-փառատոնին: Դալարը Գերմանիայում ներկայացրեց իր «Մայիսյան»  երկու պիեսը դաշնամուրի համար, ինչպեսեւ կոմիտասյան երգերով ոգեշնչված իր «Չինար ես, Նազան իմ»  դաշնամուրային ստեղծագործությունը: Դալարն ունի հրաշալի լսողություն եւ երգել է երգչախմբում՝ քանիցս կատարելով Կոմիտասի խմբերգերը, որոնք իրեն շատ սիրելի են: Այս սերն էր, որ Դալարին եւ իմ մյուս սաներին մղեց մանրակրկիտ աշխատանք կատարել՝ կոմիտասյան մեղեդիներով ներշնչված ստեղծագործություններ գրելիս:

Համերգները Գերմանիայում, որտեղ ուսանել է նաեւ Կոմիտասը, մեծ հնարավորություն տվեցին աշակերտներիս առավել սերտ ստեղծագործական առնչություն ունենալ կոմիտասյան ժառանգության հետ, որը, վստահ եմ, խորը հետք կթողնի իրենց ստեղծագործական հետագա ընթացքի վրա:

-Ի՞նչ կմաղթեք ձեր սաներին:

-Կմաղթեմ նոր ստեղծագործական բացահայտումներ, նոր աշխատանքներ որոնք կհասնեն մարդկանց սրտերին եւ հոգուն: Շատ կցանկանամ, որ սաներս մտածեն ինքնուրույն, ինչպեսեւ պահպանեն իրենց աստվածատուր ստեղծագործական շնորհը, իրենց էության յուրահատկությունը եւ հոգու լույսը…

Սյուզի ԲԱԲԱՅԱՆ

Գլխավոր լուսանկարում՝ ձախից աջ` Արտաշես Մոսիկյան, Հայկ Ջուլհակյան, Արթուր Գրիգորյան, Անուշ Նազարյան, Սեորվբէ Սրբազան, Դալար Չիչեան, Արփինե Կալինինա

«Առավոտ» օրաթերթ
22.11.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930