Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատերազմի ընթացքում էր, որ սկսեցի նկարել եւ այն դարձավ ինձ համար արտ-թերապիա». Արփինե Ղազարյան

Նոյեմբեր 24,2025 12:30

Մանրանկարչության փրկող ուժը

Արփինե Ղազարյանն իր ապրելակերպով, լեռնագնացի պայքարող ոգով, ինքնազարգացման ու ինքնաճանաչման մաքրամաքուր տեսակն է հաստատում մեզանում, ում արվեստի մեջ փնտրտուքները նրան նախանշեցին հայկական մանրանկարչության ուղին։ Ճշգրիտ գիտության մարդ լինելով` նա իր հերթական նվաճումն է գեղագրում. այս անգամ ոչ թե Արարատի կամ Կիլիմանջարոյի իր հաղթահարած գագաթներն են, այլ դարերի լույսի ու խավարի պայքարը հաղթահարած մեր ծաղկողների մանրանկարների վերապատկերումները։ Վերջերս ցուցահանդեսով ներկայացած հայուհու հետ զրույցը արվեստի փրկող ուժի, մեր այսօրվա ոչ սովորական կյանքի մասին է:

–Պայքարի ոգին շոշափելի են դարձնում անհատները, ում ընտրած ուղին կամ վիճակված ճանապարհը կյանքում սովորականությունից դուրս է: Ձեզ ճանաչողները կփաստեն, որ Դուք մեկն եք այդ երամի, ում տակավին երիտասարդ կենսագրությունն արդեն իսկ լի է նվաճումներով, դեպի վերելք, դեպի գագաթներ: Արփինե, ի՞նչը տարավ քեզ դեպի նկարչությունը, հատկապես մանրանկարչությունը, որը ինքն իրենով ոչ միայն պատմական, ազգային արմատ ու նկարագիր պարունակող արվեստ է, այլեւ բազմաթիվ նրբություններ պարունակող, տեխնիկա, ինքնատիպ գունազգացողություն ունեցող, նաեւ խորը հավատ թելադրող եւ պահանջող արվեստ է, որտեղ միաձուլվում են ազգի հոգեւոր նկարագիրը պարունակող ատրիբուտները։

-Մանկուց երազանք էր նկարելն ինձ համար, բայց դժվար տարիներ էին, լրացուցիչ նկարչական պարագաները մեծ շռայլություն էին ընտանիքիս համար։ Մի քանի տարի երազեցի նկարչական դպրոց գնալու մասին, հետո ինքս ինձ համոզեցի, որ ինձ մոտ չի ստացվի, մոռացա։ Տարիներ անց գնացել էինք ուխտերթի դեպի Արցախ եւ ծանոթացա ՀՀ հրաշալի նկարչուհի Հասմիկ Ավետիսյանի հետ, այցելեցի իր արվեստանոց եւ ցանկություն հայտնեցի սովորել գեղանկարչություն։ Պատերազմի ընթացքում էր, որ սկսեցի նկարել եւ այն դարձավ ինձ համար արտ-թերապիա:

Մի անգամ ֆեյսբուքում պատահական հանդիպեցի հրաշալի մանրանկարչուհի Աննա Մարգարյանի «Հայկական մանրանկարչության ստուդիա»-ի դասընթացների առաջարկին՝ նախատեսված սկսնակների համար, որոշեցի փորձել։ Մանրանկարչությունը միշտ գերել է ինձ՝ մեր ձեռագիր մատյանների հանդեպ ունեցած պատկառանքի շնորհիվ, բայց անգամ չեմ էլ պատկերացրել, որ կարող եմ անձամբ նկարել։ Ժամանակի ընթացքում հասկացա, որ ինձ շատ հարցերում սկսել է մանրանկարչությունն օգնել՝ ավելի համբերատար դառնալ, ամեն մանրուք շտկել, սիրել բարակ վրձինները, սովորել ոչ միայն դասական մանրանկրչության տեխնիկան, այլեւ փորձել նկարել ոչ նկարչական նյութերի վրա եւ գտնել ինձ հոգեհարազատը։

Աննան իսկապես հրաշալի մանկավարժ է եւ մասնագետ, ամենայն մանրամասնությամբ բացատրում է տարբեր նյութերի վրա նկարելու բոլոր գաղտնիքները, սիրով կիսվում է իր գիտելիքով եւ բաց է ժամանակակից լուծումներով մանրանկարչությունն արդիական դարձնելուն։ Իսկապես երջանիկ եմ Աննայի հետ ծանոթանալու, իր ստուդիայի սանը դառնալու եւ իր պես ընկեր ունենալու համար։

Այս տարվա սեպտեմբերին Նարեկացի միությունում շուրջ մեկ շաբաթ ցուցադրվեցին մեր ստուդիայի սաների նկարները, ովքեր բոլորն էլ սիրողական մակարդակի նկարողներ են։ Ներկաների կարծիքով հաջողված ցուցահանդես էր՝ բավականին բարդ եւ որակյալ նկարված աշխատանքներով։ Ցուցահանդեսի ավարտին առաջարկ ստացանք կրկին ցուցադրվելու իրենց մոտ եկող տարվա ընթացքում։

-Քանի՞ գործ ունես, մտադի՞ր ես շարունակել մանրանկարչությունը, ի՞նչ տեղ ունի այն քո կյանքում, կա՞ն գործեր, որոնք կարելի է ձեռք բերել:

-Ցավոք, շատ ժամանակ չեմ կարողանում հատկացնել նկարչությանը, երբեմն միայն դասերի ժամանակ եմ հասցնում նկարել, դրա համար նկարներն էլ շատ չեն, արդեն պատրաստի նկարներն էլ միայն նվիրում եմ մեծ սիրով։ Հետաքրքիր համեմատություն կարող եմ անել, յուղաներկով նկարված կտավներիցս չեմ կարողանում բաժանվել, բայց մանրանկարներս մինչեւ նկարել սկսելն արդեն գիտեմ, թե ում եմ նվիրելու։ Այստեղ հոգեւոր կապն էլ է ազդեցիկ, եւ ասեմ, որ աղոթքով նկարված մանրանկարներն իսկապես իրենց նպատակին ծառայում են: Ընկերուհուս համար «Ավետում» նկարեցի, քահանան մյուռոնով օրհնեց նկարը եւ իրեն համար շուրջ քառասուն օր աղոթել էր։ Կարճ ժամանակ անց իմացա, որ ընկերուհիս հղիացել է։ Այսօր արդեն մեր գանձիկը երեք ամսական Է։ Հրաշքներ իսկապես լինում են, եթե ամբողջ սրտով եւ հոգով հավատաս։

Հիմա մագաղաթի վրա Թորոս Ռոսլինի «Ավետում»-ն եմ նկարում, առաջին մանրանկարն է, որ ինձ համար եմ նկարում: Մեծ ցանկություն ունեմ շատ նկարել եւ վարպետանալ, ավելի բարդ աշխատանքներ նկարել։

– Լինելով մասնագիտությամբ բիզնես վերլուծաբան, առավել ճշգրիտ գիտության մարդ, հեշտ էր արդյո՞ք այն ճանապարհը, որն անցար, հմտանալու համար այս արվեստում, գիտեմ, որ զբաղվում ես նաեւ ձեռագործով, հայկական զարդանախշի սխեմատիկ աշխարհը նույնպես իր հետաքրքիր տեղն ունի քո կյանքում։

–Իրավացի եք, Արմինե ջան, բնագետներն ավելի հստակություն սիրող են, բայց ես էությամբ միշտ եմ եղել դեպի արվեստը ձգվող ու կարծում եմ, ինձ իրականում օգնել է, ոչ թե խանգարել մասնագիտությունս։ Գեղանկարում խանգարում էր, ինձ համար դժվար էր սխալվելը։ Երկար ժամանակ նկարչուհիս փորձում էր ինձ սխալվել սովորեցնել, որքան էլ գուցե տարօրինակ հնչի։ Յուղաներկով նկարելիս դու ազատ ես վրձնահարվածներ դնելու մեջ, բայց մանրանկարչությունը կրկնօրինակման արվեստ է, այստեղ խնդիրներն այլ են՝ մնալ մոտ բնօրինակին, ճշգրտությամբ կրկնօրինակել մանրանկարը։ Մանրանկարչությունը հստակություն պարտադրող արվեստ է, կարծում եմ։

–Լեռնագնացի, դժվարություններ հաղթահարող, ներքին, բացառիկ այդ նվաճողի ոգին քեզ բարձունքից բարձունք է հասցրել, լեռնագագաթները իրենց աուրայով ինչպիսին են, Արարատի գագաթը եւ ասենք մի այլ, աշխարհի մեծագույն գագաթները, որոնք հաղթահարել ու բարձրացել ես, իրենց ծովի բարձրությունից տարբերությամբ ի՞նչ մակարդակի վրա էին հոգու չափորոշիչների բարձրությամբ չափելիս:

–Լեռնագնացությունն արդեն իմ տարերքն է, ես ապրում եմ լեռներով։ Ինձ համար ուրույն տեղ ուներ մեր Բիբլիական Արարատի գագաթ բարձրանալը, եւ այդպես էլ մնաց անգամ դրանից հետո այլ գագաթներ բարձրանալով, օրինակ՝ Եվրոպայի ամենաբարձր գագաթը՝ Էլբրուսի Արեւմտյան գագաթը-5642մ, Աֆրիկայի ամենաբարձր գագաթը՝ Կիլիմանջարոն-5895մ։ Կիլիմանջարո վելեքի ընթացքն ամենագեղեցիկն էր ու բազմազան տեսարաններով լի, բայց գագաթին որեւէ դրական էմոցիա չեմ զգացել, շատ սառն էր լեռան աուրան։ Էլբրուսի վերելքն էլ մեր ամբողջ խմբին մեծ դժվարությամբ տրվեց՝ -30՛C, ձյուն, բուք, մառախուղ, անտեսանելի երթուղի, որը բոլորով հաղթահարեցինք պրոֆեսիոնալ ուցեկցորդների շնորհիվ։ Ինձ շատ դժվարությամբ տրվեց վերելքը, անգամ հրաշքով ողջ մնացի, մի ուրիշ ոգեւորություն կար հաջորդող օրերին, բայց մեկ է, բիբլիականս ուրիշ է ինձ համար։ Նախորդ տարի նաեւ բարձրացա Սիսը, հրաշալի եղանակ էր, եւ ամբողջ ճանապարհը գրեթե կիսաշրջված եմ քայլել՝ հիանալով Արարատովս մեկ այլ ռակուրսից։

Թեեւ Արարատս ամենաբարձր լեռը չէ բարձրացածներիս մեջ, բայց ամենախրոխտն է ու վսեմաշուքը։ Ինձ համար վեհաշուք գագաթ է նաեւ Խուստուփը, որտեղ զգում եմ հենց Նժդեհի ներկայությունը։ Երանի բոլորս կապված լինեինք եւ սիրեինք մեր փոքրացած, բայց այսքան ուրիշ հայրենիքը։

–Գիտեմ, որ ամենուր, որտեղ որ եղել ես, քեզ հետ Արցախի դրոշն է եղել եւ դու այն բարձրացրել ես այդ գագաթներին, դա ծե՞ս է, ո՞ւխտ, ինչ նշանակություն ու խորհուրդ ունի քեզ համար եւ ի՞նչ մեսիջ այդ բարձունքը նվաճող եկողների համար:

–Երբ բարձրացա Արարատի գագաթը, Արցախս շրջափակման մեջ էր, վերելքի ամբողջ ընթացքում աղոթում էի Արցախիս համար, գրպանումս փոքրիկ Նարեկը բռնած  շշնջում էի Տեր Ողորմյա եւ ուժ խնդրում Տեր Աստծուց, որ հասնեմ գագաթ։ Ես անչափ սիրում եմ Արցախս, եթե դրոշ պիտի պարզեմ, ապա էլ որը, եթե ոչ Արցախինս: Ցավոք, հիմա ավելի ծանր օրեր ենք ապրում, քան 2021-ին, ու Արցախիս դրոշը շարունակում եմ բարձրացնել՝ հանուն Արցախիս։ Այն կա ու կմնա իմ սրտում հավետ։

– Վայրիվերումներով, քաղաքական, հասարակական, աշխարհաքաղաքական եւ բնականաբար մշակութահոգեբանական մեր օրերի այս քաոտիկ իրականության մեջ ինչպե՞ս է հաջողվում չընկղմվել մոխրագույնի ու միօրինակության աշխարհում, գտնել փրկօղակ, չկորցնել եսը, դա ընտանեկան դաստիարակության, կրթական ցենզի, թե՞ ինքնազարգացման արդյունք է: Դիմադրություն մեր հոգու, մեր արժեքների վրա ամեն պահ ոտնձգվող ներքին եւ արտաքին նշանառուներից արդյո՞ք հնարավոր է ստեղծել հոգեպատնեշով, որը արվեստն է իր բոլոր մաքուր երակներով։

– Արմինե ջան, իսկապես շատ դժվար եւ դաժան ժամանակներում ենք ապրում, երբ փորձում են լռեցնել ամեն գիտակից անհատի, թիրախավորված հարձակվում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա, բանտարկում իսկապես նվիրյալ սրբազանների, հոգեւորականների վրա։ Կարծես աշխարհը շուռ է եկել։ Տարիներ առաջ արտասահմանում թշնամու դեսպանատների մոտ ցույցերին էինք մասնակցում, այսօր հայերն են ստիպված ցույցեր կազմակերպում Հայաստանի դեսպանատների առջեւ, ինձ համար իսկապես խենթանալիք է: Ու իսկապես շատ դժվար է չընկճվելը: Մանրանկարչությունն իրոք օգնում է ինձ հոգեպես հանգստանալու, արժեք ստեղծելու, խորապես հավատում եմ, որ պիտի հնարավորինս ինքնակրթվենք, որ վաղը, երբ մեր երկիրն էլ ազատագրված կլինի այս չարիքից, կարողանանք մեր հայրենիքը վերակառուցել։

–Վերջերս շատերից, եւ ցավալի է, որ հենց մեծերից եմ լսում, «գգգ դե հիմա ո՞վ է գիրք կարդում, կամ էլ գիրք չեն կարդում» արտահայտությունը, որը եւ համապատասխանում է իրականությանը եւ չի համապատասխանում, քանի որ ամեն սերունդ կարծես բերում է իր ընթերցողին, կրթում, թելադրում, պահանջ առաջացնում եւ տալիս պրոդուկտ, որը պահանջում է այդ սերնդի ընթերցողը, որին կարծում եմ նաեւ դպրոցն է ուղենիշ: Ի՞նչ եք կարդում հիմա, ունե՞ք սեղանի գիրք ասվածը:

– Ես մանկուց գրքամոլ եմ, ծնողներիցս եմ ժառանգել գրքի հանդեպ մեծ սերը, ու փորձում եմ կարդալ ամեն օր։ Ճիշտ է, առաջ ավելի շատ էի կարդում, քան հիմա, գիրքը պիտի ավարտեի մինչ լուսանալը, ու այդպես կարող էի օրերով չքնել։ Հիմա ինֆորմացիայի հոսքը շատ է, հոգնեցնող, բայց գրքերի զարմանահրաշ աշխարհն անփոխարինելի է ինձ համար։ Մասնագիտական գրականությանը զուգահեռ փորձում եմ կարդալ նաեւ գեղարվեստական գրականություն, հոգեւոր գրականություն։ Նարեկս եւ Ներսես Շնորհալու աղոթքները սեղանիս գրքերն են։

Հարցազրույցը՝

արվեստաբան Արմինե ՄԵԼԻՔ–ԻՍՐԱԱՅԵԼՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
22.11.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930