Տեղեկություն է հրապարակվել, որ կարգալույծ հռչակված Տեր Արամին (այժմ՝ ավազանի անունով Ստեփան Ասատրյան) քահանայական կարգից զրկելու որոշմանը դեմ է քվեարկել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը։
Տեր Գեւորգը անգամ անդրադարձել էր այս տեղեկություններին եւ հաստատել, որ դեմ է քվեարկել. «Նախկին Տեր Արամի կարգալուծության հարցում իմ դեմ լինելը պայմանավորված է եղել բացառապես Եկեղեցու շահով, եւ իմ մոտեցումը հարցին չի կարելի կապել քաղաքական որեւէ օրակարգի հետ՝ ընդդիմության կամ իշխանության»։
Փաստաբան Արա Զոհրաբյանին «Արմլուրը» խնդրեց մեկնաբանել ստեղծված իրավիճակը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մի շարք հոգեւորականներ հարցաքննվում են Տեր Արամին կարգալույծ հռչակելու հարցով։
Ի պատասխան՝ Արա Զոհրաբյանը հայտնեց. «Նախկին Տեր Արամին, այժմ՝ Ստեփան Ասատրյանին կարգազրկել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Այդ իրավասությունն ունի միայն Կաթողիկոսը։ Պարգեւների շնորհման եւ կարգապահական հարցերի հանձնախումբը խորհրդակցական մարմին է, որը Կաթողիկոսին առաջարկություն է ներկայացնում։ Նախկին Տեր Արամի հարցով որոշումը կայացվել է Պարգեւների շնորհման եւ կարգապահական հարցերի հանձնախմբի ներկա անդամների միաձայնությամբ։ Հանձնախմբի անդամ Տեր Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը նույնպես կողմ է եղել։ Մայր Աթոռում կա նաեւ ստորագրված արձանագրություն։ Թե ինչու է Գեւորգ Սրբազանն այդպես արտահայտվել, կամ թե ինչ թյուրիմացություն է եղել հարցազրույց տալու ժամանակ, պետք է Սրբազանից ճշտեք»։

















































