Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ փաստերը հակասում են ՀՀ վարչապետի հայտարարությանը․ Երևանի և միջազգային միջնորդության դիրքորոշումների մոռացված ընդհանրություններ. Հովհաննես Գևորգյան

Նոյեմբեր 24,2025 11:42

Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը հոդված է հրապարակել ֆրանսահայ Armenews կայքում՝ փաստերի ներկայացման միջոցով համադրելով Երևանի պաշտոնական մոտեցումների պատմական զարգացումը և միջազգային միջնորդության կողմից տարիներ շարունակ առաջ քաշված սկզբունքները՝ ցույց տալու համար այն ընդհանրությունները, որոնք փաստաթղթերում և բանակցային արձանագրություններում բազմիցս ամրագրվել են։

Հոդվածը՝ թարգմանաբար.

«Հայաստանի Հանրապետության վարչապետը վերջերս հայտարարեց, որ Հայաստանը կարող էր խուսափել քառասունչորսօրյա պատերազմից, եթե կարողանար «համապատասխանեցնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման իր տեսլականը միջազգային հանրության տեսլականին»։ Նրա խոսքով՝ 1990-ականներից ի վեր Հայաստանի պատկերացրած կարգավորման հայեցակարգը և միջազգային հանրության կողմից առաջ մղվող մոտեցումը աստիճանաբար բաժանվել էին միմյանցից։
Այս մեկնաբանությունը պարունակում է փաստական սխալ և հակասում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ իրադարձությունների ընթացքին։

Գրեթե երեք տասնամյակ միջազգային հանրությունը գործել է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդավորությամբ, որը համանախագահում էին ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանը։ Իսկ այդ համանախագահության և Երևանի դիրքորոշումները մեծապես համընկել են՝ թե՛ բովանդակությամբ, թե՛ մեթոդաբանությամբ։

Դեռևս 2001 թվականի ապրիլի 3-6-ին ԱՄՆ հովանու ներքո անցկացված Քի Ուեսթի բանակցությունների ժամանակ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը 2001 թվականի ապրիլի 9-ին «Radio Free Europe / Radio Liberty»-ին տված հարցազրույցում հայտարարել էր. «Հայկական կողմն ու միջնորդները փոխադարձ փոխըմբռնման են հասել բանակցությունների ընթացքում»։ Հայաստանը ճանաչում էր փոխզիջումների վրա հիմնված համապարփակ կարգավորման սկզբունքը, մինչդեռ Ադրբեջանը հետագայում հրաժարվեց այդ ձևաչափից։ Երևանի և միջազգային միջնորդների դիրքորոշումների համընկնումը իրական, հստակ և փաստագրված է։

Հայաստանի նման դիրքորոշման շարունակականությունը ամրապնդվեց 2007 թվականի նոյեմբերին, երբ միջազգային միջնորդները կողմերին փոխանցեցին Մադրիդյան սկզբունքները։ Այդ սկզբունքներով նախատեսվում էր Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշում իրավաբանորեն պարտադիր կամարտահայտության (հանրաքվե կամ պլեբիսցիտ) միջոցով, Հայաստանի և Ղարաբաղի միջև ցամաքային միջանցքի ստեղծում, միջազգային անվտանգության երաշխիքներ, ուժի չկիրառում, Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության տակ, ինչպես նաև փախստականների և տեղահանվածների վերադարձ։

Այս տարրերը, որոնք համանախագահներն իրենք են հրապարակել իրենց պաշտոնական հայտարարություններում, մասնավորապես G8-ի Լ’Ակվիլայի (2009), Մուսքոկայի (2010) և Դովիլի (2011) գագաթնաժողովների ընթացքում, հասանելի են ԵԱՀԿ պաշտոնական կայքէջում (www.osce.org/mg)։
Դրանք խաղաղ գործընթացի հիմքն էին և արտացոլում էին միջազգային ճանաչում ունեցող կարգավորման հիմնարար սկզբունքները։

Այսպիսով՝ միջազգային համանախագահությունը բացահայտորեն ընդունում էր, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը քաղաքական կարգավորման անբաժանելի և անխուսափելի մաս է։ Այս դիրքորոշումը, ոչ միայն չէր հակասում Հայաստանի դիրքորոշմանը, այլև լիովին համընկնում էր դրա հետ, քանի որ Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտության սկզբունքը վաղուց իսկ եղել էր հայկական դիվանագիտության առանցքում։

Հայաստանը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի (2008–2018) բազմաթիվ հայտարարություններ հաստատում են, որ Հայաստանն ընդունել էր այդ սկզբունքները՝ որպես բանակցությունների հիմք։ Այս դիրքորոշումը համանախագահները բազմիցս ողջունել են իրենց հաշվետվություններում և հայտարարություններում։ Նման բովանդակությամբ մի շարք հայտարարություններ կարելի է գտնել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթներում Հայաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում՝ www.mfa.am։

Խոչընդոտները հիմնականում գալիս էին Բաքվից, որը հրաժարվում էր ընդունել ինքնորոշման հանրաքվեի սկզբունքը և պահպանում էր ռազմական հռետորաբանություն, որը հակասում էր ուժի չկիրառման սկզբունքին։ Միջազգային հանրությունն իր դիրքորոշմամբ չէր հեռացել Հայաստանի դիրքորոշումից․ Ադրբեջանն էր, որը բազմիցս փորձել էր շրջանցել Մադրիդյան գործընթացի փոխզիջման տրամաբանությունը։

Այսպես, 2008 թվականի մարտին Ադրբեջանը փորձեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունել միակողմանի բանաձև, որը հաստատում էր միայն իր տարածքային ամբողջականությունը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հրապարակավ դեմ արտահայտվեցին՝ հիշեցնելով, որ կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկյան բոլոր սկզբունքների վրա, ներառյալ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, տարածքային ամբողջականությունը և ուժի չկիրառումը։ Նրանք ընդգծեցին, որ համաձայնությունը կարող է ձեռք բերվել միայն «անխուսափելի փոխզիջումների» արդյունքում և նշեցին, որ «Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը պետք է որոշվի կողմերի միջև բանակցությունների միջոցով» (Վիեննայի հայտարարություններ, 2008 թվականի մարտի 17 և 19, osce.org/mg)։

Միջազգային գործընթացի տեսլականը հիմնված էր իրավունքի վրա՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն՝ հավասարակշռված ինքնորոշման իրավունքով։ Այս երեք հիմնասյուները եղել են թե՛ համանախագահների, թե՛ հայկական դիրքորոշման հիմքում։ Երևանի դիվանագիտությունը երբեք չի շեղվել այդ շրջանակից և մշտապես պահպանել է հետևողականություն, նույնիսկ երբ տարածաշրջանային միջավայրը դառնում էր անբարենպաստ։

Այսօր պնդել, թե հայկական և միջազգային տեսլականները բաժանվել էին իրարից, նշանակում է անտեսել տարիների համատեղ աշխատանքը, ընդհանուր առաջարկները և Մինսկի խմբի հովանու ներքո ձեռք բերված մասնակի համաձայնությունները։ Քի Ուեսթի փաստաթղթերը, Մադրիդյան սկզբունքները, Լ’Ակվիլայի, Մուսքոկայի, Դովիլի և բազմաթիվ այլ հայտարարություններ վկայում են, որ Հայաստանը ամենևին հակասության մեջ չէր միջազգային տեսլականի հետ․ ընդհակառակը, նա կիսում էր դրա ոգին և սկզբունքները։

«Արցախ» միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930