ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում հիմնավորվել և հաստատվել է, որ մի խումբ անձինք իրացնելու նպատակով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու նախնական համաձայնությամբ, 2025 թվականի սեպտեմբերի 8-ին ապօրինի ձեռք են բերել առանձնապես խոշոր չափերով՝ 18.3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց:
Այնուհետև, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության էկոպարեկներ Ա.Մ.-ն և Բ.Ա.-ն առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցը վերցնելու նպատակով մեկնել են Սյունիքի մարզ: Թմրամիջոցները վերցնելուց հետո, էկոպարեկները այն տեղադրել են Ա.Մ.-ի մոր անվամբ հաշվառված ավտոմեքենայում և նպատակ ունենալով քողարկել թմրամիջոցները Երևան քաղաք տեղափոխելու գործընթացը, պատրանք են ստեղծել իբր ավտոմեքենան խափանված է: Ա.Մ.-ն՝ Բ.Ա.-ի ցուցումով, իր կողմից օգտագործվող հեռախոսահամարով 2025 թվականի սեպտեմբերի 8-ին կապ է հաստատել Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակչի հետ՝ պայմանավորվածություն ձեռք բերելով վարձատրության դիմաց ավտոմեքենան Երևան քաղաք տեղափոխելու վերաբերյալ։
Ավտոմեքենայի՝ Երևան քաղաք հասնելուց հետո խմբի անդամ Ա.Մ.-ն մոտեցել է վարորդին, վերցրել թմրամիջոցով բեռնված ավտոմեքենայի բանալին, իջեցրել և կայանել, որից հետո ձերբակալվել է ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայության աշխատակիցների կողմից։ Կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է ավտոմեքենայում թաքցված առանձնապես խոշոր չափերով՝ 18.3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը։
Նախաքննության ընթացքում Ա.Մ.-ի, Բ.Ա.-ի և Ա.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը):
Կարդացեք նաև
Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Երեք անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ՀՀ քննչական կոմիտե


















































