Այսօր գլխավոր դատախազության շենքի դիմաց 44-օրյա պատերազմի մասնակից Արման Պետրոսյանը անժամկետ նստացույց է սկսել՝ ի պաշտպանություն «Բագրատ սրբազանի եւ մյուսների» գործով անցնող միակ կին մեղադրյալ Լիդյա Մանթաշյանի պաշտպանության:
Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ նստացույցը կշարունակի այնքան ժամանակ, քանի դեռ Լիդյան երկաթե դռներից այն կողմ՝ անազատության մեջ է:
«Ակցիայի նպատակն է հանրությանը ներկայացնել, որ կա կին քաղբանտարկյալ, որին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության նախապատրաստում շինծու հոդվածով: Հանրության ուշադրությունն եմ ուզում սեւեռել այդ խնդրին, որ հնարավորինս շուտ ազատություն լինի Լիդյա Մանթաշյանին»,- ասաց Պետրոսյանը:
Կարդացեք նաև
Նրա խոսքով՝ այս խնդրի առջեւ այսօր կանգնած է Լիդյա Մանթաշյանը, վաղը կարող է ցանկացած այլ կին բախվել այդ խնդրին. «Դատախազությունից ակնկալում եմ անաչառ աշխատանք, քանի որ հիմնավոր մեղադրանք չկա: Ակնկալում եմ նաեւ, որ քանի դեռ չկա դատավճիռ Լիդյայի նկատմամբ, Լիդյան գտնվի ազատության մեջ: Գլխավոր դատախազն էլ կին է , ցանկանում եմ հորդորել՝ հաշվի առնել այդ հանգամանքը, որ ճիշտ հետեւություններ անեն»:
Լրագրողների դիտարկմանը, թե Լիդյան դատարանում հայտարարել է, որոշ պաշտոնյաներից մասին տեղեկատվության է տիրապետում, այդ պատճառով են իրեն այսպես պատժում, Պետրոսյանն այսպես արձագանքեց. «Այս քրեական գործը գնում է քաղաքական հաշվեհարդարի ու եթե մենք պետք է այս երկրում ճշմարտության մասին շշուկով խոսենք, ուրեմն այս երկիրը գրավվել է թշնամու կողմից»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































