ԿԳՄՍ նախարարությունը խոր ցավով տեղեկացնում է, որ 99 տարեկանում կյանքից հեռացել է Օլիմպիական չեմպիոն, խորհրդային և հայկական ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանը:
Նիկիտա Սիմոնյանն իր բացառիկ տաղանդով, անսպառ աշխատասիրությամբ և անկեղծ նվիրումով թողել է անջնջելի հետք համաշխարհային ու հայկական ֆուտբոլի պատմության մեջ։
Նրա գլխավորությամբ Երևանի «Արարատը» 1973–1974 թվականներին դարձել է ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր։ Այդ հաղթանակները մինչ օրս էլ համարվում են հայկական սպորտի ամենամեծ նվաճումներից։
Նրա բազմամյա գործունեությունը, բարձր պրոֆեսիոնալիզմը, մարդկային որակները և ֆուտբոլի հանդեպ նվիրումը միշտ կմնան սպորտի պատմության ոսկե էջերում՝ որպես օրինակ հաջորդ սերունդների համար։
Կարդացեք նաև
Նիկիտա Սիմոնյանը ԽՍՀՄ վաստակավոր մարզիկ էր (1954 թ.), Ռուսաստանի ԽՍՖՀ վաստակավոր մարզիչ (1968 թ.), ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ (1970 թ.), Մոսկվայի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն (160 գնդակ):
2011 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ծանրակշիռ ձեռքբերումների, ֆուտբոլի ասպարեզում երկարամյա արդյունավետ աշխատանքի համար Նիկիտա Սիմոնյանը պարգևատրվել է Պատվո շքանշանով: 2013 թվականին հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և փայլուն նվաճումների համար Նիկիտա Սիմոնյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով, իսկ 2019 թվականին՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով։
ԿԳՄՍ նախարարությունն իր վշտակցությունն է հայտնում լեգենդար Նիկիտա Սիմոնյանի ընտանիքին, հարազատներին ու հայկական ֆուտբոլային ընտանիքին։
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


















































