Լրահոս
Օրվա լրահոսը

«Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը մի քանի ուղերձ է խնդրել փոխանցել ՀՀ հասարակությանը»․ Արեգ Քոչինյանը մանրամասնեց

Նոյեմբեր 24,2025 13:12

«Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը մի քանի ուղերձ է խնդրել փոխանցել ՀՀ հասարակությանը»,- «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում քաղհասարակության և իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալու համար Հայաստանից Բաքու մեկնած քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների խմբի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանը։

Նշենք, որ նոյեմբերի 21-22-ին Ադրբեջանի այցի շրջանակում տեղի է ունեցել Նախաձեռնության անդամների հանդիպումը Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի հետ։

Արեգ Քոչինյանը Իլհամ Ալիևի օգնականի փոխանցած ուղերձների մասին մանրամասնեց․ «Առաջին ուղերձն այն է, որ պատերազմն ավարտվել է Ադրբեջանի համար․ այլևս պատերազմ չկա, որ հայ ադրբեջանական կոնֆլիկտն իրենց համար ավարտված է, որ ուզում են այս չպատերազմ վիճակից կառուցեն խաղաղություն և գնան դեպի խաղաղության ու իրենց համար կարևոր է այս ուղերձը մեր միջոցով փոխանցել ՀՀ հանրությանը, որ իրենք ցանկանում են ՀՀ-ի հետ համապարփակ և երկարաժամկետ խաղաղություն կառուցել և պատրաստ են այդ ճանապարհով գնալ առաջ, և որ Ադրբեջանը ՀՀ-ի նկատմամբ որևէ տարածքային պահանջ չունի»։

Անդրադառնալով իրենց հասցեին հնչած քննադատություններին, օրինակ, թե ինչու է ՀՀ պետբյուջեից 17 միլիոն դրամ՝ այդքան մեծ գումար ծախսվել, որ ուղիղ չվերթով քաղհասարակության ներկայացուցիչների այցը կազմակերպվի Բաքու, Արեգ Քոչինյանն ասաց․ «Ամեն ինչ արվել է փոխադարձության սկզբունքով․ ինչպես ադրբեջանական կողմից են եկել ՀՀ ուղիղ չվերթով, ՀՀ նույն որոշումը կայացվել է նաև հայկական կողմից։ Սա չափազանց պարտավորեցնող է նաև մեզ համար, երբ նման քանակի ռեսուրսներ են ներդրվում այդ միջոցառման մեջ։ Մենք աշխատում ենք և աշխատելու ենք այլ ռեսուրսներ ներգրավել այս նախաձեռնության մեջ․ ոչ միայն ՀՀ պետբյուջեից հատկացումներ, այլև միջազգային կազմակերպություններից, որ հարկատուների հաշվին տեղի ունեցող միջոցառումների բեռը թեթևացնենք»։

Ըստ Արեգ Քոչինյանի՝ այս գործընթացների շուրջ բարկությունն ու չվստահելը բնական է․ «35 տարվա նման մակարդակի նման խորության թշնամությունից, ատելությունից ապամարդկայնացումից հետո երևի հայ- ադրբեջանական կոնֆլիկտը միակը չէ, որ այդ ֆենոմենն է տեղի ունեցել, բայց ինքն իր ատելության և թշնամական մակարդակով ինչ- որ չափով բացառիկ է, և մեզ շատ մեծ աշխատանք է սպասվում այդ հարցերը լուծելու և այդ զգացողությունները հաղթահարելու ուղղությամբ»։

Անդրադառնալով քաղաքական դաշտում իրենց հասցեին հնչող քննադատություններին՝ Արեգ Քոչինյանն ասաց․ «Այն էմոցիոնալ ֆոնը, որ ՀՀ-ում կա, այդ բարկացվածությունը, նեղսրտվածությունը, անվստահությունը, ինչ-որ չափով վախը, ես նկատում եմ, որ ՀՀ քաղաքական դաշտում տարբեր գործիչներ փորձում են ամեն կերպ կապիտալիզացնել իրենց քաղաքական նպատակների իրականացման գործում, ինչը զազրելի երևույթ է։ Իմ անձնական կարծիքով՝ ՀՀ քաղաքական դաշտում այս պահին ով դեմ է խոսում հայ-ադրբեջանական և հայ-թուրքական կարգավորմանը կամ օտարերկրյա գործակալ է, սրիկա է կամ ապաքաղաքական ապուշ է, որը չի հասկանում՝ ինչ է խոսում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930