ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 24-ին հրավիրված նիստում Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է 2025 թվականի պետական բյուջեի ինն ամիսների կատարման ընթացքի վերաբերյալ հաշվետվությունը:
Հիմնական զեկուցողի խոսքով հաշվետու ժամանակահատվածում գործընկեր երկրներում տնտեսական աճի տեմպերը դանդաղել են, բացառությամբ ԱՄՆ-ի: Նավթի միջազգային գինը 2025 թվականի ինն ամիսներին, համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, նվազել է 14,4 տոկոսով՝ կազմելով 71 դոլար: Պղնձի միջազգային գինը նույն ժամանակահատվածի համար աճել է 4,7 տոկոսով, պարենի միջազգային գինը եւս աճել է 6,3 տոկոսով:
Ներկայացնելով ինն ամիսների Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացումները՝ Վահե Հովհաննիսյանը նշել է, որ հունվար-սեպտեմբերին ապրանքների արտահանումը նվազել է 46,8 տոկոսով, որին նպաստել է ոսկու, արծաթի ու պլատինի վերաարտահանման կտրուկ նվազումը: Հայկական ծագման ապրանքների արտահանումն աճել է 9,1 տոկոսով:
Նույն ժամանակահատվածում ապրանքների ներմուծումը եւս նվազել է 33,4 տոկոսով:
Կարդացեք նաև
Հաշվետու ժամանակահատվածում մեր երկիր այցելած զբոսաշրջիկների քանակն աճել է 0,8 տոկոսով:
Հունվար-սեպտեմբեր ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7,6 տոկոսով՝ պայմանավորված հիմնականում ծառայությունների ու շինարարության ճյուղերի աճով:
Հաշվետու ժամանակահատվածում միջին ամսական աշխատավարձն աճել է 5,3 տոկոսով՝ կազմելով 295.042 դրամ:
Ֆինանսների նախարարի խոսքով ինն ամիսներին գնաճն արագացել է՝ հաստատվելով ԿԲ թիրախային միջակայքում:
Հաշվետու ժամանակահատվածում դրամը դոլարի դիմաց արժեւորվել է 1,2 տոկոսով, իսկ եվրոյի ու ռուբլու նկատմամբ արժեզրկվել է համապատասխանաբար 1,6 եւ 5,3 տոկոսներով:
Վահե Հովհաննիսյանի խոսքով տարեկան ծրագրով պլանավորված էին 2 տրիլիոն 837 մլրդ դրամ եկամուտ եւ 3 տրիլիոն 441 մլրդ դրամ ծախսեր, իսկ դեֆիցիտը՝ 604 մլրդ դրամ: Ինն ամիսների եկամուտների աճը կազմում է 14,3 տոկոս, իսկ ծախսերը նախորդ տարվա համեմատ աճել են 14,1 տոկոսով:
Հաշվետու ժամանակահատվածում պետբյուջեի հարկային եկամուտների աճի բարձր տեմպը պահպանվել է՝ պայմանավորված հարկային վարչարարության արդյունավետության բարձրացմամբ:
Հունվար-սեպտեմբերին պետական բյուջեի ծախսերը կազմել են 2 տրիլիոն 205 մլրդ դրամ օգտագործվել են 174 ծրագրերի մասով 47 բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների կողմից:
Ֆինանսների նախարարն ընդգծել է, որ հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեն կատարվել է 79,9 մլրդ դրամ պակասուրդով, ինչը պայմանավորված է եկամուտների գերակատարմամբ եւ ծախսերի ցածր կատարողականով: Պետական դրամային պարտքը նշյալ ժամանակահատվածում աճել է 6,7 տոկոսով, Կառավարության պարտքը՝ 7 տոկոսով, իսկ ԿԲ պարտքը մնացել է անփոփոխ:
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին:
Մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել է ««Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի եւ ««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը:
ԱԺ


















































