ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պատգամավորներին առաջարկեց ծանոթանալ ՀՀ ձեռք բերած նոր սպառազինությանը։
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց․ «Պարոն նախարար, դուք կոչ արեցիք, որպեսզի մեր գործընկերներն ունենան հնարավորություն՝ տեսնելու ձեռք բերված այն սպառազինությունը, որն էլի հույս է առաջացնում, դրական լիցքեր է փոխանցում։ Այս ընթացքում, երբ պաշտպանական գերատեսչությունը ստեղծել է այդ հնարավորությունը՝ տեսնելու սպառազինությունը, եւ դրանից չօգտվելը պարզապես սխալ է։ Երբ գտնվում ես այնտեղ, այն, ինչ ես տեսել եմ, բոլորի մոտ առաջացնում է դրական լիցքեր, որ եթե այնուամենայնիվ դու կարողանում ես սա ճիշտ կառավարել, ունենում ես պաշտպանության լրիվ այլ համակարգ։ Արժե դա ոչ միայն տեսնել, այլեւ վստահ լինել, որ այն գումարները, որոնք ծախսվել են, առկա են եւ հողի վրա են»։
Անդրանիկ Քոչարյանը դիմեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանին․ «Պարոն Աբրահամյան, ինձ թվում էր՝ դուք առաջինը կգնայիք այնտեղ»։
Սուրեն Պապիկյանն ասաց․ «Պարոն Աբրահամյան, սա ձեզ չի վերաբերում, բայց նաեւ դիրքորոշումներ են եղել, որ՝ ես չեմ դառնա ձեր գովազդի մաս։ Որոշումը ձերն է՝ կգա, լավ, չեք գա, էլի լավ»։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նշենք, որ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն այսօրվա նիստում դրական եզրակացություն տվեց Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծին, որով նախատեսվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 24-ամսյա ժամկետը փոխարինել 18-ամսյա ծառայության ժամկետով՝ դրա գործողությունը տարածելով 2026 թվականի հունվարի մեկից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների վրա։
Այս նախագիծը հրատապ ռեժիմով ընդգրկվեց լիագումար նիստերի օրակարգ։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




















































