ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն այսօրվա նիստում դրական եզրակացություն տվեց Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծին, որով նախատեսվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 24-ամսյա ժամկետը փոխարինել 18-ամսյա ծառայության ժամկետով՝ դրա գործողությունը տարածելով 2026 թվականի հունվարի մեկից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների վրա։ Որոշվեց նախագիծը հրատապ ռեժիմով ընդգրկվել լիագումար նիստերի օրակարգ։
«Այս թեման այս շտապողականության մեջ դրսեւորելն անվտանգային տեսանկյունից բազմաթիվ խնդիրներ է իր մեջ պարունակում։ Սրա անունը կդնենք նախընտրական կամ մեկ այլ ձեւակերպում կտանք, սա հարցի այլ մասն է, բայց այն, որ այստեղ շտապողականություն կա, սա ուղղակի այստեղ արտահայտված է»,- հանձնաժողովի նիստում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն իր ելույթում նշեց․ «Ես կարծում եմ՝ շատ ծնողներ, շատ մայրեր, հատկապես տղա ունեցող, անհամբեր սպասում են։ Ես էլ՝ որպես տղա ունեցող ծնող, չեմ կարող ներքուստ դրական չվերաբերվել նման փոփոխությանը, որը տանելու է ավելի քիչ ծառայության։ Բայց բազմաթիվ խնդիրներ ու մտահոգություններ կան, որոնք պետք է փարատվեն։ Առաջինը համալրման խնդիրն է, պարոն Պապիկյան, որքան էլ ասում եք՝ 2 տարին 1,5 տարի դարձնելով՝ թվակազմի վրա դա որեւէ ազդեցություն չի ունենում, այդ դեպքում, տրամաբանական հարց է առաջանում՝ դե այդ դեպքում եկեք միանգամից մեկ տարի դարձնենք։ Հաջորդ խնդիրը հերթափոխի հետ կապված խնդիրն է, այսօր էլ մարտական հերթափոխ իրականացնող տղաները նախատեսված շատ ավելի երկար են մնում իրենց դիրքերում։ Ես մտահոգություն ունեմ, որ 1,5 տարի դարձնելուց հետո այդ խնդիրը կարող է սրվել»։
Աննա Գրիգորյանն ասաց, որ սա նախընտրական քայլ է, դա նույնիսկ որեւէ մեկի մոտ կասկած չի առաջացնում։ «Այս օրենքը պետք է իրականություն դառնար հուլիսին, հիմա հունվարից է սկսել աշխատել, պարզ է, որ սա նախընտրական տրամաբանություն ունի»,- նշեց պատգամավորը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց․ «Տիկին Գրիգորյան, ասեմ, որ այս նախաձեռնությունը նախընտրական չէ հաստատ։ Ինչքան էլ մենք ասենք՝ դուք ասելու եք, նախընտրական է, բայց ինքը սպասված է եւ սպասված էր վաղուց։ Եվ եթե մենք ունենայինք այդ հնարավորությունը, երեւի ավելի շուտ կանեինք։ Սա ոչ միայն սպասված է, սա դրական լիցքեր է տալիս։ Սա նաեւ հետեւում է այն անցած ուղուն, որ բանակը, հետպատերազմյան իրողությունները հաշվի առնելով, անշեղորեն գնում է բանակի գրավչության բարձրացման ուղիով։ Եվ դա անխուսափելիորեն պետք է անենք»։
Մանրամասները՝ տեսանյութում
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ իրականում սա եւս մեկ քայլ է՝ դեպի պրոֆեսիոնալ բանակ, որովհետեւ հիմա հնարավորինս շատ ուշադրություն պետք է դարձնել բանակի համալրմանը պայմանագրային զինծառայողներով։ «Երբ ես «հաճելի» եզրույթը կիրառել եմ Հանրային հեռուստատեսության եթերում, խոսքը նրան է վերաբերել, որ եթե կառավարությունն ունի ստանձնած պարտավորություն, այդ պարտավորությունը փորձում է կատարել, եւ պարզվում է, որ դա հանրությանն էլ է հաճելի, ի՞նչ անեք, հրաժարվե՞նք, ասենք՝ ընդդիմությունը նեղվել է, որ հաճելի բան ենք արել, հետ տանե՞նք։ Իհարկե, չենք տանի»,- ասաց նախարարը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



















































