Խիստ դատապարտելի է Սուրբ Պատարագների ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ թեմակալ առաջնորդի անունը չհիշատակելու առերևույթ ձևավորվող ու մտահոգիչ դարձած գործելաոճը, որի ականատեսն ենք վերջին շրջանում, երբ երկրի վարչապետը և իշխանական շրջանակների ներկայացուցիչներն իրենց մասնակցությունն են բերում սրբազան արարողությանը։
Այս վարքագիծը կանխամտածված շրջանցում է եկեղեցական կարգի, թելադրված է քաղաքական օրակարգով և հանդիսանում է կոպիտ միջամտություն Սուրբ Պատարագի անխախտ ավանդությանը։
Պատարագի խորհուրդը չի կարող ծառայեցվել անձնական վերաբերմունքներին, քաղաքական նախընտրություններին կամ անձի տրամադրություններին։ Հատկապես մտահոգիչ է, երբ իշխանություններն իրենց մասնակցությամբ եւ իբր «հոգևոր նորոգության» մղումով ստեղծում են մի օրակարգ, որը հակասում է դարավոր եկեղեցական կարգին ու ավանդույթին և խաթարում հավատացյալ ժողովրդի հոգևոր զգացումները։
Պատարագի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը հիշատակելը ոչ թե անձի հանդեպ արտահայտվող «նախասիրություն» է, այլ Եկեղեցու միասնականության անշրջանցելի դրոշմը, որով ամբողջ Հայաստանյայց Եկեղեցին միաբանվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր ու կանոնական կենտրոնին։
Հայրապետի եւ թեմակալ առաջնորդի հիշատակումը պարտադիր է, շրջանցումը՝ հակականոնական, անթույլատրելի և հոգևոր առումով դատապարտելի։
Կարդացեք նաև
Այդ քայլը խաթարում է եկեղեցական կարգի անբեկանելի շղթան, ստեղծում բաժանում և խիստ վտանգավոր նախադեպ՝ մարտահրավեր նետելով Հայ Եկեղեցու միասնականությանը։
Արմեն ԳԵՂԱՄՅԱՆ
Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդ
«Առավոտ». Լուսանկարում Արտաշատի սբ. Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Երվանդ քհն. Բաբայանն է, որը ֆեյսբուքյան էջում գրել է. «Նոյեմբերի 23-ին Մասյացոտնի թեմի Արարատ գյուղի սբ. Հակոբ եկեղեցում ես՝ Երվանդ քահանա Բաբայանս մատուցել եմ սուրբ և անմահ Պատարագ:
Դրանից մեկ օր առաջ հանդիպել եմ Վեհափառ Հայրապետի հետ. հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում:
Երեկոյան համացանցում աչքովս ընկավ մի հոդված, որտեղ իմ առաջնորդը՝ Տեր Գևորգ եպս. Սարոյանը նույնացված էր Բրուտոսի հետ և մեղադրվում էր ենթադրյալ դավաճանության մեջ:
Մենք՝ թեմի քահանաներս գիտենք, թե անցնող տարիների ընթացքում, ինչպես է մեր առաջնորդը պաշտպանել Մայր Աթոռը և հատկապես Վեհափառ Հայրապետին:
Հիշում ենք նաև, թե ինչպես հանիրավի թիրախավորվեց Գևորգ սրբազանը սույն թվականի հուլիսի 4-ին Seasons այգում ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ:
Ես չնչին կասկած իսկ չունեմ, որ Գևորգ սրբազանին, ինչպես նաև շատ այլ հոգևորականների թիրախավորում են Մայր Աթոռ սբ. Էջմիածնից՝ փորձում դավաճանի պիտակ կպցնել զուտ նրա համար, որ չեն կիսում եկեղեցի-պետություն հակամարտությանն առնչվող տեսակետները, որը սպառնալիք է Հայ Եկեղեցու և մեր պետականության համար: Եվ սա այն դեպքում, երբ եկեղեցու և որոշ եկեղեցականների հասցեին ծանրակշիռ մեղադրանքներ են հնչում, փաստեր են հրապարակվում, մինչդեռ Մայր Աթոռը լուռ է:
Վեհափառի անունը չհիշատակելու պատվեր ինձ որևէ մեկը չի տվել, ո՛չ իշխանությունները և ո՛չ էլ իմ առաջնորդը:
Ես պարզապես իմ անհամաձայնությունն եմ արտահայտել տիրող անարդարությանը, երկակի ստանդարտներին: Վեհափառի հետ հանդիպման ժամանակ նույնպես իմ մտահոգություններն եմ հայտնել մեր եկեղեցու կյանքը խռովված երևույթների նկատմամբ:
Ես հայցում եմ բոլորի աղոթքն ու մաղթանքը, որ հնարավորինս շուտ եկեղեցու և պետության միջև խորացող այս ճգնաժամը հանգուցալուծվի և մենք իբրև եկեղեցու սպասավորներ լծվենք մեր առաքելությանը՝ ի շինություն մեր հայրենիքի և ի պայծառություն մեր հավատի»:


















































