Գյումրու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ, քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի պաշտոնավարման ժամանակ Գյումրու փոխքաղաքապետի պաշտոնը կարճ ժամանակով զբաղեցրած Վահագն Մկրտչյանը, որը Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռն է, վեց ամսով նշանակվել է «Գյումրու Ն․ Ա․ Մելիքյանի անցան թիվ 2 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։
Նման որոշում է կայացրել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը․ Վահագն Մկրտչյանը կլինի ժամանակավոր պաշտոնակատար մինչև այդ պաշտոնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մրցույթի արդյունքներով տնօրենի պաշտոնի նշանակումը։
Անդրադարձել էինք, որ նրան դեռ մայիս ամսին նշանակել էին այս նույն պոլիկլինիկայի բուժգծով տեղակալ։ Դեռ այդ ժամանակ Գյումրու առողջապահական ոլորտում պնդում էին, որ նա վեց ամիս անց կնշանակվի պոլիկլինիկայի տնօրեն։
Այդ պահին, ըստ տեղեկությունների, մասնագիտությամբ ատամնաբույժ Վահագն Մկրտչյանին անհնար է եղել պոլիկլինիկայի տնօրեն նշանակել՝ օրենքով պահանջվող վարչական աշխատանքային ստաժի ոչ բավարար լինելու պատճառով․ մի քանի ամիս պակասել է նրա ստաժից։
Կարդացեք նաև
Առողջապահական ոլորտի պնդումները փաստացի իրագործվեցին։
Նկատենք, սակայն, որ սա, բարեբախտաբար, այն դեպքը չէ, երբ որևէ մեկին ազատում են պաշտոնից՝ ազգականներին տեղավորելու համար․ պոլիկլինիկայի երկարամյա տնօրեն Սիրանուշ Ղուկասյանը թոշակային տարիքում էր։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































