«Բագրատ սրբազանի եւ մյուսների» գործով անցնող միակ կին մեղադրյալ Լիդյա Մանթաշյանի քույրը՝ Լիզա Մանթաշյանն այսօր է կալանավայրում տեսակցել քրոջը: Aravot.am-ին պատմեց՝ Լիդյան չընկճված, ինչպես միշտ լավ տրամադրությամբ է եղել:
Անդրադառնալով Լիդյայի խափանման միջոց կալանքը եւս երեք ամսով երկարաձգելու վերաբերյալ դատարանի որոշմանը՝ Լիզա Մանթաշյանն ասաց, որ Լիդյան ենթադրում է, որ անազատության մեջ իրեն պահելու որոշումը պայմանավորված է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի մորն առնչվող հայտնի տեսագրությամբ:
«Վահագն Ալեքսանյանին նկատի ուներ Լիդյան, երբ դատարանում հայտարարեց՝ որոշ պաշտոնյաների վերաբերյալ տեղեկություն է դուրս եկել իր միջոցով: Ես կարող եմ ասել, որ դա Լիդյայի ենթադրությունն է, պարզապես տարբերակ է: Մենք այդ դեպքից առաջ չենք ճանաչել այդ կնոջը, թեեւ նույն մարզից ենք: Մենք Դիլիջանից ենք, իրենք՝ Իջեւանից: Անձնական որեւէ կապ չենք ունեցել»,- ասաց Լիզա Մանթաշյանը:
Թե ինչու է դատարանը գործով «գլխավոր դերակատարների» նկատմամբ ավելի մեղմ մոտեցում դրսեւորում, քան Լիդյայի նկատմամբ, Լիզա Մանթաշյանն ասաց՝ կա մի քանի տարբերակ. «Այս գործով տղաների, սրբազանի վրա ճնշում գործադրելու համար: Հիմնական տարբերակը սա եմ համարում: Թե չէ վկաների վրա ազդեցություն թողնելու այդ ծիծաղելի թեզը, որի պատճառով կալանքը երկարաձգեցին, ոչ մի վկա Լիդյայի դեմ ցուցմունք չի տվել: Բացի այդ տնային կալանքի տակ գտնվող մարդը հեռահաղորդակցման որեւէ միջոց իր մոտ չի ունենում, ինչպես պետք է ոտքին օղակ գցած մարդը տանը նստած, որին դուք հետեւում եք օրը 24 ժամ, վկաների վրա ազդի: Նույնիսկ, եթե ուզենա ազդել, ինչու պետք է ազդի, եթե որեւէ վկա Լիդյայի դեմ ցուցմունք չի տվել: Այս ամենից հետեւություն ենք անում, որ սա պարզապես քաղաքական պատվեր է»:
Կարդացեք նաև
Իսկ ինչ է եղել Լիդյայի հայտնի նոթատետրում, որը դրվել է մեղադրանքի հիմքում. «Ենթադրվող հանցանքը նշում են, որ նոյեմբերին հասկանալով, որ խաղաղ միջոցներով չեն կարողանում հասնել իշխանափոխության, սկսել են այլեւայլ ճանապարհներ փնտրել, իսկ նոթատետրը գրվել է 2024-ի մայիսին, որտեղ կազմակերպչական նշումներ են եղել, Լիդյան նույնիսկ ասում էր՝ այդ նոթատետրում նշել է իր անձնական պայմանավորվածությունների մասին, որոնք գործի նյութերում են ներառվել: Այդ նոթատետրն է, երկու զրույց կա գաղտնալսված, որտեղ Մովսեսի հետ ծուխն են փորձարկում, թե այդ ծուխը քանի րոպե է աշխատում: Իսկ այդ ծուխը իրենց խաղաղ ակցիաներին միշտ օգտագործել են: Այդ ազատության ծուխը վառում են, ինչպես Լենա Նազարյանն ու Արարատ Միրզոյանը վառեցին ԱԺ նիստերից մեկի ժամանակ»:
Լիզա Մանթաշյանն ասաց, որ մեղադրանքի հիմքում նշված ապացույցներից բացի ներառվել է նաեւ իրենց տնից հայտնաբերված «հեղափոխության պլանի» պատճենը, որը Լիդյան անձամբ էր տպել ձերբակալությունից մեկ օր առաջ ու հետը տուն տարել՝ ծանոթանալու:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































