Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջին 5 տարվա մեջ 3 պատերազմ ու Արցախում էթնիկ զտում տեսած հայերին չեք համոզելու, որ Բաքուն խաղաղության որևէ միտում ունի. Տաթևիկ Հայրապետյան

Նոյեմբեր 25,2025 12:41

«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

ՀՀ իշխանությունները անթաքույց կերպով հայ ժողովրդին համարում են տգետ հիմարներ։ Իրենց թվում է, որ եթե այս շռնդալից նվաստացումը ու Ալիևի երազանքների ցուցակի իրագործումը կոչեն «խաղաղություն», ապա դրան հանրությունը հավատալու է։ Մի խոսք կա, ասում է՝ ինձ ամենից շատ բարկացնում է այն, որ ստախոսը, որը գիտի, որ ինքը ստում է, մտածում է, որ ես հիմար եմ։ Ես նորություն ունեմ՝ հայ ժողովուրդը՝ իր բոլոր թերություններով ու առավելություններով հանդերձ, ոչ տգետ է, ոչ էլ հիմար, միգուցե խաբված է, միգուցե միամիտ, բայց ոչ հիմար։ Վերջին հինգ տարվա մեջ երեք պատերազմ ու Արցախում էթնիկ զտում տեսած հայերին չեք համոզելու, որ Բաքուն խաղաղության որևէ միտում ունի։ Ավելին ասեմ, հենց Իլհամ Ալիևն էլ պարբերաբար ստախոսների տոնը «փչացնելու է» այդ հարցում, քանի որ մեծապես հաճույք է ստանում ձեզ ու մեր պետությունը նվաստացնելուց։ Ի վերջո, Փաշինյանի մեծագույն կախվածությունը հենց Ալիևից է, դա երկուսն էլ շատ լավ գիտեն։

Դրա հետ մեկտեղ կա ընդդիմադիր որոշ հատված, որոնք էլ հայ հանրությանը համարում են «ժեխ», տալիս այլ անհարկի ու վտանգավոր պիտակավորումներ։ Իրենք չեն տալիս լուծումներ, այլ միայն գուժում են կործանում։ Դա իր հերթին սնում է իշխանությանը, ով իր նվաստացման քաղաքականությունը ներկայացնում է որպես լուծում։

Այս երկուսն էլ փակուղի տանող ուղիներ են։ Կան շատ ավելի հետաքրքիր, հաջողության տանող լուծումներ, կան միջազգային միջնորդներ և գործընկերներ, որոնց ազդեցությունը կարելի է օգտագործել Ադրբեջանի աճող վտանգավոր ագրեսիան թե՛ կարճաժամկետ, թե՛ երկարաժամկետ կտրվածքով զսպելու համար։ Դրա հետ մեկտեղ կա ներուժ՝ հզորացնելու երկիրը ներսից, դրա համար պետք է կամք ու խելք։

Այսօր պատերազմը մղվում է մեր ուղեղներում, մղվում է մեր ուղեղների համար, տարբեր կողմեր մեզ փորձում են համոզել տարբեր բնույթի ստեր և անհեթեթություններ, որոնց, եթե հավատանք, կամ պետք է Ալիևին դարձնենք ՀՀ անկախության խորհրդանիշ, կամ էլ Հայաստանի վրա առհասարակ խաչ քաշենք։ Մեկը՝ ես ոչ առաջինն եմ ուզում, ոչ էլ երկրորդը։ Ես հստակ տեսնում եմ, որ Ադրբեջանը բազմաթիվ խոցելի կողմեր ունի, որոնք կարելի է ուղղել հենց իրենց դեմ։ Մեր քննարկումը պետք է լինի Հայաստանի հզորացման և մեր խնդիրների լուծումների շուրջ, իսկ ստախոսներին պետք է թողնել իրենց ստի փուչիկի մեջ։ Ամենավտանգավորը, որ իրենց հետ արդեն տեղի է ունեցել, այն է, որ իրենք արդեն իրենց ստին հավատացել են, իսկ դա ինքնաոչնչացման տանող ճշմարիտ ուղին է։

Հայ ժողովուրդը արժանի է շատ ավելի որակյալ, խելացի, տրամաբանող ու անկեղծ առաջնորդության, որով էլ կարող ենք շատ բան փոխել թե՛ մեր երկրի, թե՛ ինքներս մեզ համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930