Օրերս ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտը կազմակերպել էր «Պատմական սկզբնաղբյուրները հայկական գաղթավայրերի մասին» խորագրով հերթական միջազգային գիտաժողով, որն այս անգամ նվիրված էր Կահիրեի «Նուբարյան» ազգային վարժարանի 100-ամյակին: «Սկզբում սկսել ենք հայ գաղթավայրերի մասին օտար աղբյուրներից, հետո ընդլայնեցինք՝ ներառելով առհասարակ պատմական աղբյուրները: Մեր նպատակն էր վեր հանել այն նյութը, որ տարբեր լեզուներով առկա է տպագիր աղբյուրներում, բայց հայագիտությանը մեծ հաշվով անծանոթ է: Արդեն սա վերածվել է սփյուռքագիտական գիտաժողովի:
Նշեմ, որ իմ առաջարկով ենք սկսել նման գիտաժողովների իրականացումը, քանի որ տարբեր աղբյուրներում տեսնում եւ ստուգում էինք՝ մեր հայագիտությանը այդ աղբյուրներն արդյոք ծանո՞թ են: Հիմնականում անծանոթ մնացած աղբյուրներ էին՝ գերմաներեն, անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն: Այժմ մեր ամենամյա գիտաժողովներում նոր աղբյուրներ եմ ներկայացնում»,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց ԳԱԱ Պատմության ինստիտուտի Հայ գաղթօջախների եւ Սփյուռքի պատմության բաժնի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու Արծվի Բախչինյանը:
Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ Արծվի Բախչինյանի «Էդվարդ Դանիել Քլարքը՝ Ռուսաստանի հայերի մասին» թեմայով զեկուցմանը:
«Համացանցի դարում կարող ես առցանց բազմաթիվ թվայնացված աղբյուրներ գտնել, եւ այլեւս կարիք չկա օտար գրադարաններում թերթել, թե մեր մասին ինչ են գրել: Այդպես ես հերթական աղբյուրը բացահայտեցի. անգլիացի հնագետ, հանքաբան, Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր Էդվարդ Դանիել Քլարքը 1799-1804թթ ճամփորդել է Եվրոպայի մեծ մասով, Օսմանյան կայսրություն, Եգիպտոս, Ռուսաստան եւ գրքեր է գրել իր ուղեւորությունների մասին: «Ճանապարհորդություններ՝ Ռուսաստանով, Թաթարստանով եւ Թուրքիայով» գրքում նա վկայություններ է թողել այնտեղ ապրող հայերի մասին: Քլարքը բուն Հայաստանում չի եղել, բայց իր ուղեգրություններում մասնավորապես հիշել է Պետերբուրգի հայերին, հայկական եկեղեցին, Կուբանի հայերին, նշել է, որ Դոնի կազակների շարքում ի թիվս տարբեր ժողովուրդների նաեւ հայ կազակներ են եղել:
Կարդացեք նաև
Էդվարդ Դանիել Քլարքը մանրամասն տեղեկություններ է տալիս Նոր Նախիջեւանի հայերի մասին, գրում է, որ տեղի հայերը այս անապատային մասում իրենց նախաձեռնողական ոգու շնորհիվ շենացրել են տարածքը: Ըստ Քլարքի, հայ առեւտրականները «դրդված առևտրային շահարկումներով, թափանցում են բոլոր երկրները եւ հաղթահարում բոլոր խոչընդոտները՝ հաճախակի ճանապարհորդելով ցամաքով դեպի Հնդկաստան եւ երկրագնդի ամենահեռավոր շրջաններ: Ո՞վ, եթե ոչ նրանք, հենվելով Ռուսաստանի խոստումների վրա, կարող էին հույս ունենալ եւ գիտակցել այն ակնկալիքը, որ հսկայական անապատներով շրջապատված Դոնի աղքատ գյուղում պիտի հիմնեն առեւտրի եւ հարստության մի աղբյուր»: Քլարքը նշում է, որ Ռուսաստանի տարբեր մարզերում հայերը արտադրություններ ունեին, աշխույժ առեւտուր էին անում, նկարագրում է խանութների թաղամասը»,-տեղեկացրեց գիտնականը:
«Մի առիթով Քլարքը հիշում է նաեւ Աստրախանի հայուհիներին, ասում է՝ նրանց տարազը ամենահարուստն է Ռուսաստանում, հայուհիները հագուստները հիմնականում մետաքսից էին եւ ոսկեկար էին: Քլարքը հետաքրքրիր դրվագ է ներկայացրել Ղրիմի հայերի մասին, նա գրել է, որ երբ Եկատերինա կայսրուհին հրամայել է Ղրիմի հայերը Կուբան տեղափոխվեն, ռուս կոմիսարները այն ժամանակվանից կոռումպացված են եղել, իրենց գրպաններն են դրել այն գումարները, որ հատկացվել էր հայերի տեղափոխման համար: Ու երբ հայերը տեղ են հասել, նրանց առաջ թշվառ խրճիթներ են բացվել: Շքեղ ապրած հայերը առաջին տարիներին դժվար են ապրել, հետագայում իրենց նախաձեռնողականության շնորհիվ կարողացել են արագ վերականգնվել:
Քլարքը հիշում է Ղրիմի հայկական եկեղեցին, մարմարյա հայատառ սալիկի մասին է հիշատակում, Թեոդոսիայում հայկական բերդ է հիշում, նկարագրում է Ղրիմում հայկական տապանաքարերը ու նշում, որ ամեն տապանաքարի վրա ըստ հանգուցյալի մասնագիտության՝ որեւէ առարկա էր քանդակված, օրինակ` դերձակի տապանաքարին՝ մկրատ, այգեպանի տապանաքարին՝ բահ եւ այլն: Այս ուղեգրությունը հայագիտությանը մինչեւ հիմա անհայտ մնացած աղբյուր է: Այն կարեւոր տեղեկություններ է պարունակում 18-րդ դարի վերջի, 19-րդ դարի սկզբի ռուսաստանաբնակ հայերի թվաքանակի, զբաղմունքի, տարազի եւ այլնի վերաբերյալ»,-հավելեց Արծվի Բախչինյանը:
Ի թիվս այլնի, նա նշեց, որ «Պատմական սկզբնաղբյուրները հայկական գաղթավայրերի մասին» խորագրով գիտաժողովին մասնակցում էին ոչ միայն կայացած, այլ երիտասարդ գիտնականներ: Նա փաստեց, որ առաջին անգամ Միացյալ Թագավորությունից գիտաժողովին մասնակցում էր երիտասարդ պատմաբան Վահէ Պօղօսեանը՝ «Եակուպ Արթին փաշան Սուտանու հայերի մասին» զեկուցմամբ: Վերջինս զբաղվում է Սուդանի հայերի պատմությամբ, քանի որ իր մայրը սուդանահայ է, առաջին անգամ հանդես է եկել արեւմտահայերեն գիտական զեկուցումով: Մյուսը Դոնի Ռոստովից Լեւոն Բատիեւն էր, որը խոսել է Նոր Նախիջեւանի հայերի պատմությունից:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































