Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը Իտալիայի Հանրապետության հաշմանդամություն ունեցող անձանց հարցերի նախարար Ալեսսանդրա Լոկատելլիի հետ այցելել է Միլանի խոշորագույն բժշկական կառույցներից մեկը՝ Նիգուարդայի հիվանդանոց (1200 մահճակալային հզորությամբ), ինչպես նաև «Centro Nemo» մասնագիտացված կենտրոն։
Այցի ընթացքում հիվանդանոցի տնօրենը նախարարներին ներկայացրել է մատուցվող բուժական և վերականգնողական ծառայությունների ամբողջական շրջանակը՝ առանձնապես շեշտելով ձիաբուժության (հիպոթերապիայի), այրվածքաբանության և նեյրոմկանային հիվանդությունների ուղղությամբ իրականացվող ծրագրերը։
Հիվանդանոցը սպասարկում է ինչպես տեղում գտնվող պացիենտներին, այնպես էլ դրսից ժամանող հիվանդներին՝ առանձնակի ուշադրություն դարձնելով երեխաներին։
Նախարարները այցելել են նաև նեյրոմկանային հիվանդություններով անձանց համար նախատեսված բաժանմունք, որտեղ իրականացվում են ժամանակակից դեղամիջոցների կլինիկական փորձարկումներ՝ ուղղված պացիենտների բուժման արդյունավետության բարձրացմանը։
Կարդացեք նաև
Քննարկումների արդյունքում ձեռք են բերվել հետևյալ պայմանավորվածությունները․
- Համագործակցել ԱՍՀՆ Խարբերդի մասնագիտացված մանկատան հիպոթերապիայի կենտրոնի հետ,
- ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ նախաձեռնել համագործակցություն այն բժշկական և վերականգնողական կենտրոնների հետ, որոնք սպասարկում են նեյրոմկանային ատրոֆիա և դիստրոֆիա ունեցող պացիենտներին,
- Ձևավորել համագործակցություն պացիենտներին մատուցվող կոնկրետ ծառայությունների շրջանակում՝ փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի իրականացման նպատակով։
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


















































