«Այդ ամենը խնդիրների համակարգ է՝ անորակ, քաոտիկ շինարարություն Երևանում, որ շրջակա միջավայրի ոչ մի փորձաքննության չի դիմանում, պուրակների, փոքրիկ անտառների, ծառերի մասսայական հատում քաղաքում, Նուբարաշենի աղբավայրի պարբերական հրդեհներ, նաև վերջին հրդեհների հետ է կապված։ Ամենը կուտակվում է, և այսպիսի պատկեր ենք տեսնում։ Այդ ի՞նչ եզրակացություն են տվել․ ուղղակի ծիծաղելի է»,- Aravot.am-ի հարցին՝ միայն վերջին օրերին անտիցիկլոնի կենտրոնի առկայությամբ, օդի տուրբուլենտականության դադարով, քամիների բացակայությամբ պայմանավորված Արարատյան գոգավորությունում սառը օդի լճացման պատճառո՞վ է օդի աղտոտվածության մակարդակը բարձրացել, թե՞ այլ խնդիրների հետևանք է նաև, որոնց մասին մասնագետները մշտապես ահազանգում են, այսպես պատասխանեց բնապահպան Սիլվա Ադամյանը։
Հիշեցնենք՝ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես նշված է․ «Պայմանավորված վերջին օրերին անտիցիկլոնի կենտրոնի առկայությամբ, օդի տուրբուլենտականության դադարով, քամիների բացակայությամբ` Արարատյան գոգավորությունում նկատվում է սառը օդի լճացում, որն իր հետ բերել է օդի աղտոտվածության մակարդակի բարձրացում։ Անտիցիկլոնի կենտրոնը կշարունակի մնալ հանրապետության տարածքում, ինչի արդյունքում առաջիկա 5 օրերին սպասվում է օդի աղտոտվածության մակարդակի կրկին աստիճանաբար բարձրացում»։
Սիլվա Ադամյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ հետևանքներ կարող է սա ունենալ բնակչության առողջության վրա, բնապահպանը պատասխանեց՝ հետևանքն ահավոր է լինելու․ «Ընդհանուր առմամբ՝ քաղաքի բնակչությունը լուրջ առողջական խնդիրներ է ունենալու․ դա նպաստելու է բրոնխիալ ասթմային, ալերգիային, սրտանոթային, օնկոլոգիական հիվանդություններին։ Այս ամենն առողջապահության նախարարությունը հրաշալի գիտի, և ծպտուն դուրս չի գալիս, մեկը վեր չի կենում, ասում՝ էս ի՞նչ եք անում։ Ասում եք՝ քաղաքացու առողջություն, էս ո՞նց եք մթնոլորտը պահում։ Ընդհանրապես չեն խոսում ոչ էլ հասկանում ես, որ ունես առողջապահության նախարարություն, որը կոչված է շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցել ու աշխատել այս խնդիրներով»։
Սիլվա Ադամյանը միևնույն ժամանակ նշեց, որ օդի աղտոտվածությանը շատ են նպաստում նաև տերևների, մանր ճյուղերի հրդեհները․ «Այս մշակույթը վաղուց է գործում, երբ ցավոք, մեր գյուղական համայնքներում, Երևանում մարդիկ այրում են տերևները, մանր ճյուղերը»։
Կարդացեք նաև
Բնապահպանը նաև փաստեց՝ Երևան քաղաքի իրավիճակը բավականին բարդ է․ «Բազմիցս ասել եմ՝ Երևանն այնպիսի գոտում է գտնվում՝ կիսաանապատ, կիսատափաստան, որ առանց դրան էլ դեռ հիսունականներին գիտնականների, ԳԱԱ տարբեր ինստիտուտների կողմից մեծ ջանքեր են գործադրել, որ այս տարածքը ավելի կանաչապատեն, բնակելի լինի մարդկանց համար, և ստացել էինք կանաչապատ քաղաք։ Սակայն 90-ականներից հետո պուրակների, անտառների վերացնելը սկսվեց, և մի պահ բնապահպանների ճնշման տակ իրավիճակը մի քիչ կանգ առավ։ 2018-ից այս կողմ Երևանը գտնվում է SOS վիճակում։
Բացի դրանից՝ մենք ունենք լուրջ խնդիր շինարարության և կառուցապատման հետ, ոչ մի նորմերի չի համապատասխանում ընթացող կառուցապատումը Երևանում։ Մենք դրա հետ զուգահեռ ունեցանք վատ վիճակ, որ քաղաքապետարանը, հաշվի չառնելով իրավիճակը, լուրջ մասնագետների եզրակացությունները, սկսեց ինքնակամ ծառերի հատումը։ Լրիվ առողջ, հասուն ծառերը, որոնք լուրջ դեր էին կատարում Երևանի օդի մաքրության հետ կապված հատվեցին։ Սա միայն մենք՝ բնապահպաններս չենք ասում, այլ ես բազմաթիվ ահազանգեր եմ ստանում Երևանի բնակիչների կողմից։ Հետևանքն այն է, որ մենք ունենք լուրջ խնդիր օդի աղտոտվածության հետ կապված։
Միջազգային կայքերը տեսնում եք՝ ինչ SOS իրավիճակ են ներկայացնում Երևան քաղաքում։ Այս իրավիճակը, իհարկե, նաև հրդեհների հետ է կապված և ոչ միայն Նուբարաշենի աղբավայրի հրդեհը, որը լուրջ ազդեցություն ունեցավ մթնոլորտի իրավիճակի վրա, այլ նաև վերջին օրերի հրդեհները»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































