Համաշխարհային բանկը հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամսական ամփոփագիրը։
- Սեպտեմբերին աճը կտրուկ բարձրացավ մինչև 5 տոկոս (տ/տ)՝ պայմանավորված սննդի և մետաղների արտադրությամբ։
- Զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումները ավելացան 16.2 տոկոսով (տ/տ)՝ Ռուսաստանից ներհոսքերի հաշվին։
- Հոկտեմբերին պահպանվեց գնաճի 3.7 տոկոս մակարդակը, և ՀՀ ԿԲ-ն անփոփոխ թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը։
- Սեպտեմբերին թանկարժեք քարերի և մետաղների վերաարտահանման աստիճանական դադարումը շարունակվեց։
1-ին-3-րդ եռամսյակների պակասուրդը մնաց կանխատեսումներից ցածր մակարդակի վրա՝ կազմելով տարեկան կանխատեսված ՀՆԱ-ի 0.73 տոկոսը։
Սեպտեմբերին տնտեսական ակտիվության աճը բարձր էր՝ 10.5 տոկոս (տ/տ՝ տվյալ ժամանակահատվածը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ)՝ օգոստոսի 7․5 տոկոսի համեմատ (գծապատկեր 1)։ Սա պայմանավորված էր արդյունաբերության աճի գրեթե կրկնապատկմամբ, ընդ որում՝ թողարկման աճը սեպտեմբերին 10․1 տոկոս էր (տ/տ)՝ օգոստոսի 5.8 տոկոսի համեմատ (տ/տ)։ Մշակող արդյունաբերությունն աճեց 12․1 տոկոսով (տ/տ)՝ սննդի արտադրության ծավալների մեծացման և գունավոր մետաղների արտադրության շարունակական ընդլայնման հաշվին։ Հանքարդյունաբերության ակտիվության աճը 1․8 տոկոս էր (տ/տ)՝ օգոստոսի անփոփոխ աճից հետո։ Առևտուրը (մեծածախ և մանրածախ) թուլացավ՝ կազմելով 0․9 տոկոս (տ/տ)։ 1-ին-3-րդ եռամսյակների աճը 7․6 տոկոս կազմեց ՝ աճողական ցուցանիշով, զգալիորեն գերազանցելով սկզբնական սպասումները։ Օգոստոսի 3․5 տոկոսով անկումից հետո իրավաբանական անձանց գրանցումներն արագ՝ 26.8 տոկոսով աճեցին (ա/ա՝ տվյալ ամիսը՝ նախորդ ամսվա նկատմամբ)՝ անհատ ձեռնարկատերերի գրանցումների 32 տոկոս (ա/ա) և ՍՊԸ-ների գրանցումների 14.2 տոկոս (ա/ա) աճի շնորհիվ։
Կարդացեք նաև
Սեպտեմբերին զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումների երկնիշ աճը շարունակվեց (16.2 տոկոս, տ/տ)։ Սա պայմանավորված էր Ռուսաստանից զուտ ներհոսքերի 60 տոկոս (տ/տ) աճով, որին բաժին է ընկնում ընդհանուր զուտ ներհոսքերի 63 տոկոսը և Միացյալ Նահանգներից զուտ ներհոսքերի 3.7 տոկոս (տ/տ) ավելացումով (գծապատկեր 2)։
Հոկտեմբերին գնաճը կայունացավ 3.7 տոկոս (տ/տ) մակարդակի վրա (գծապատկեր 3)։ Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գնաճը (5.6 տոկոս տ/տ) մնաց հոկտեմբերի գնաճին հիմնական նպաստողը (ընդհանուր աճի 61 տոկոսը)։ Նոյեմբերի 4-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը (ՀՀ ԿԲ) որոշեց վերաֆինանսավորման (քաղաքականության) տոկոսադրույքն անփոփոխ՝ 6․75 տոկոս թողնել, ինչը նշանավորեց առանց տոկոսադրույքի փոփոխության։ վեցերորդ անընդմեջ նիստը։
Սեպտեմբերին արտահանման և ներմուծման ծավալների նվազման տեմպը թուլացավ՝ պայմանավորված վերաարտահանման աստիճանական դադարեցմամբ (գծապատկեր 4)։ Արտահանումը սեպտեմբերին նվազեց 24.4 տոկոսով (տ/տ)՝ օգոստոսի 40.8 տոկոսի (տ/տ) համեմատ։ Ներմուծումը նվազեց 19.5 տոկոսով (տ/տ)՝ հաջորդելով օգոստոսի 28.3 տոկոսով (տ/տ) նվազմանը։ Սա հիմնականում պայմանավորված էր թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի և մետաղների արտահանման (67.2 տոկոս, տ/տ) և ներմուծման (78,2 տոկոս, տ/տ) նվազմամբ։ Արտահանման ցուցանիշն իջավ նաև կենդանիների (նվազումը՝ 30.4 տոկոս, տ/տ), տեքստիլի (նվազումը՝ 17.6 տոկոս, տ/տ) և փոխադրումների (նվազումը՝ 15.2 տոկոս, տ/տ) ծավալների կրճատման հաշվին։ Սա մասամբ չեզոքացավ հանքանյութերի (աճը՝ 56.3 տոկոս, տ/տ), պատրաստի սննդամթերքի (աճը՝ 20.5 տոկոս, տ/տ) և մեքենա-սարքավորումների (աճը՝ 14.5 տոկոս, տ/տ) արտահանման աճի շնորհիվ։ Սեպտեմբերին, բացառելով թանկարժեք մետաղների և քարերի վերաարտահանմամբ առևուրը, արտահանումը և ներմուծումը աճել են համապատասխանաբար 16.7 տոկոսով (տ/տ) և 7.3 տոկոսով (տ/տ)։ Արտահանման աճողական ցուցանիշը՝ տարեսկզբից մինչ օրս, կրճատվել է 46.8 տոկոսով (տ/տ), իսկ ներմուծման ցուցանիշն իջել է 33.4 տոկոսով (տ/տ)։ Հոկտեմբերին, 2025 թ․-ի սկզբին դանդաղ մեկնարկից հետո զբոսաշրջիկների ժամանումները Հայաստան ավելացան 4.4 տոկոսով (տ/տ)՝ ավելի դանդաղ տեմպով, քան ամռան ընթացքում։
Հոկտեմբերին ՀՀ դրամ/ԱՄՆ դոլար փոխարժեքը միջինը կայուն է պահպանվել՝ նախորդ ամսվա համեմատ։ Անցյալ տարվա նույն ամսվա համեմատությամբ՝ ՀՀ դրամը հոկտեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ արժևորվեց 1.2 տոկոսով (տ/տ)՝ միաժամանակ համապատասխանաբար 5.5 տոկոսով (տ/տ) և 17.7 տոկոսով (տ/տ) արժեզրկվելով եվրոյի և ռուբլու նկատմամբ։ Սեպտեմբերին իրական արդյունավետ փոխարժեքը (REER) նվազեց 1 տոկոսով (տ/տ)։ Համախառն պահուստները կայունացան 4.3 միլիարդ ԱՄՆ դոլարի՝ ներմուծման 3․4 ամսվա ծածկույթին համարժեք մակարդակում։
Սեպտեմբերին առևտրային բանկերի ավանդներն աճեցին 1.1 տոկոսով (ա/ա), իսկ վարկերի ցուցանիշն ընդլայնվեց 2.1 տոկոսով (ա/ա)։ Երկուսի աճն էլ շարունակել է պայմանավորված լինել ՀՀ դրամով արտահայտված միջոցներով։ Վարկավորման աճը հիմնականում պայմանավորված էր ՀՀ դրամով սպառողական և հիփոթեքային վարկերով, ընդ որում՝ ընդհանուր վարկերի նկատմամբ 45 տոկոս մասնաբաժնով։ Հունվարից սկսած՝ հիփոթեքային վարկերը, չնայած մեծ ծավալներին, նվազել են՝ պայմանավորված եկամտային հարկի վերադարձի ծրագրի աստիճանական դադարեցմամբ։ Փոխարժեքով ճշգրտված տարեկան աճը կայունացել է 16 տոկոսի մակարդակում (տ/տ) ընդհանուր ավանդների դեպքում և 27.2 տոկոսի (տ/տ)՝ վարկերի (գծապատկեր 5)։
Սեպտեմբերին գրանցվեց կանխատեսված տարեկան ՀՆԱ-ի 0.1 տոկոսին հավասար պակասուրդ։ Հարկային եկամուտները (այդ թվում՝ հիփոթեքային վարկերի հետ կապված եկամտային հարկը) անվանական արտահայտությամբ աճեցին 8.7 տոկոսով (տ/տ)՝ պայմանավորված հավաքված ավելի բարձր ԱԱՀ-ով (աճը՝ 25.4 տոկոս, տ/տ), եկամտային հարկերով (աճը՝ 10.7 տոկոս, տ/տ) և շահութահարկերով (աճը՝ 12.6 տոկոս, տ/տ)։ Սոցիալական վճարները բարձրացան 13.3 տոկոսով (տ/տ), իսկ հավաքված շրջանառության հարկն ավելացավ 53.1 տոկոսով (տ/տ)՝ 2025 թ.-ին շրջանառության հարկերի ավելի բարձր դրույքաչափի շնորհիվ։ Սակայն հավաքված բնապահպանական հարկի ցուցանիշը նվազեց 22.5 տոկոսով (տ/տ)։ Ընդհանուր ծախսերն ավելացան 23 տոկոսով (տ/տ)։ Կապիտալ ծախսերն ավելացան 79.5 տոկոսով (տ/տ)՝ հիմնականում պաշտպանական ծախսերի ցուցանիշի 50.7 տոկոսով (տ/տ) բարձրանալու հաշվին։ Կրթության ծախսերը գրեթե կրկնապատկվեցին (տ/տ)՝ պայմանավորված շարունակվող դպրոցաշինության և դպրոցների հիմնանորոգման ծրագրերով։ Ընթացիկ ծախսերն անվանական արտահայտությամբ ավելացան 7.8 տոկոսով (տ/տ)՝ հիմնականում սոցիալական պաշտպանության ծախսերի հաշվին (աճը՝ 8.9 տոկոս, տ/տ)։ 1ին-3-րդ եռամսյակների ընթացքում պակասուրդի աճողական ցուցանիշը հասավ կանխատեսված տարեկան ՀՆԱ-ի 0.73 տոկոսին՝ համեմատած 2025 թ․ համար նախատեսված՝ ՀՆԱ-ի 5.5 տոկոս պակասուրդի հետ։
Համաշխարհային բանկ



















































