Ազգային ժողովում նոյեմբերի 25-ին շարունակվել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ «Զարգացնելով խորհրդարանական բարեվարքության չափորոշիչները. ԵՄ Արեւելյան գործընկերության երկրները եւ ԵԱՀԿ տարածաշրջանային հեռանկարները դիտակետում» թեմայով համաժողովի աշխատանքը:
Համաժողովի մասնակից փորձագետները եւ խորհրդարանականները շարունակել են խորհրդարանական բարեվարքության լավագույն փորձի վերաբերյալ ներկայացնել իրենց տեսակետներն ու դիտարկումները, որի նպատակն Արեւելյան Եվրոպայի եւ Հարավային Կովկասի երկրներին վարքագծի կանոնագրքեր մշակելու եւ արդյունավետ խորհրդարանական բարեվարքության մեխանիզմներ ներդնելու գործում աջակցելն է:
Օրվա պանելային քննարկումն ընթացել է «Խորհրդարանական բարեվարքության չափորոշիչների ներդրում. էթիկական նորմեր, խտրականության եւ ոտնձգությունների դեմ պայքար» թեմայի շրջանակում: Այս համատեքստում ելույթներ են ունեցել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը, Մեծ Բրիտանիայի անկախ խորհրդարանական չափորոշիչների մարմնի ղեկավար Լի Բրիջեսը, Սերբիայի Հանրապետության ԱԺ նախկին փոխնախագահ Գորդանա Կոմիքը, Սյուզի Ռիսը՝ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անկախ դիմումների եւ բողոքարկումների քննության համակարգից, Արմեն Խուդավերդյանը՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունից:
Անդրադառնալով խորհրդարանականների բարեվարքության հարցին՝ Թագուհի Ղազարյանը, մասնավորապես, նշել է, որ այժմ խորհրդարանում աշխատանքներ են ընթանում բարեվարքության կանոնագրքի շուրջ, ինչի հետ կապված ամենամեծ խնդիրը խորհրդարանական բոլոր ուժերի միջեւ բարեվարքության համընդհանուր, միասնական դիրքորոշման ձեւավորումն է: Գենդերային հարցերի կապակցությամբ էլ պատգամավորը հայտնել է, որ կանանց ներկայացվածության հարցը Հայաստանի խորհրդարանում քվոտավորվել է դեռեւս 1999 թվականին, երբ այն սահմանվել էր 5 տոկոս, սակայն կանանց ներկայացվածությունը հասել էր ընդամենը 3 տոկոսի: «Այս պահին մենք հասել ենք 37-38 տոկոս ներկայացվածության՝ չնայած սեռերի ներկայացվածության նվազագույն շեմը 30 տոկոսն է: Կարող ենք ասել, որ ներկայացվածության հարցը մեծ մասամբ լուծել ենք»,- ասել է Թագուհի Ղազարյանը՝ հավելելով, որ շարունակվում է խնդիր մնալ որոշումների կայացման հարցում կանանց ներգրավվածությունը:
Կարդացեք նաև
Եզրափակիչ խոսքում ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը շնորհակալություն է հայտնել համաժողովի մասնակիցներին արդյունավետ քննարկումների համար:
Ամփոփելով համաժողովի աշխատանքը՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ժողովրդավարացման վարչության պետ Կոնստանտին Վարձելաշվիլին շնորհակալություն է հայտնել ՀՀ Ազգային ժողովին ջերմ ընդունելության եւ համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար:
ԱԺ


















































