«Այս 40 գործերը «Թումո» կենտրոնի հետ են կապված։ 10 տարի է, ինչքան ժամանակ է այդ տարածքը տրված է «Թումո» կենտրոնին։ Այս ամբողջը, ինչը անում է դատախազությունը, անում է «Թումո» կենտրոնի համար։ «Թումո» կենտրոնը վերցրել է քաղաքի կենտրոնական թատրոնի շենքը, ապօրինի կերպով, ծառահատումներով ամբողջությամբ վերցրել է, ավելի սարսափելի ձեւով ապօրինի կառույցներ է կառուցել, քան թե էդ «Օազիսը», որը մենք օրինական ճանապարհով ամեն ինչը կազմակերպված է։ Հիմա դատախազը կամաց-կամաց սարքելով գալիս է «Թումոյի» վրա․․․ Ես հիմա բարձրաձայն հայտարարում եմ՝ «Թումոն» է հանդիսանում այս 40 սարքովի գործերի խոչընդոտը»,- այսօր ՀՀ հակակոռուպցիոն դատարանում հայտարարեց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ «Ես հիմա հայտարարում եմ՝ «Օազիս» սրճարանը 60 հոդվածի տակ չի մտնում։ Հիմա էս մարդը կանգնած տարակուսանքի մեջ է ընկնում՝ կարո՞ղ է ես սխալ եմ եղել»,- ասաց նա։
Հիշեցնենք, Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվում էին Վարդան Ղուկասյանի, նրա ընտանիքի անդամների եւ իր հետ ասոցացվող այլ անձանց ենթադրյալ ապօրինի գույքի գործով նախնական դատալսումները։ Այս գործով դատարանը վկաների հարցաքննության փուլում է։
Այսօր երկու վկա հարցաքննվեցին․ քաղաքապետարանի նախկին աշխատակից Գառնիկ Հակոբյանը եւ կադաստրի կոմիտեի նախկին աշխատակից Կարեն Խաչատրյանը։ Երկուսն էլ ասացին՝ երկար ժամանակ է անցել, շատ բան չեն հիշում։ Վկաները հստակ չէին հիշում նաեւ իրենց նախաքննական ցուցմունքները, որոնք տվել էին 2-3 տարի առաջ։ Դատարանը փորձում էր պարզել Գյումրու քաղաքային զբոսայգուց «Օազիս» սրճարանի կառուցման համար հողահատկացման հարցի օրինականությունը։ Դատախազությունը գտնում է, որ հողահատկացումն անօրինական է եղել, քանի որ զբոսայգին եւ սրճարանի համար հատկացված հողը գտնվում են ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի պաշտպանության տակ։ Այսինքն, այդ հողը հանդիսանում է պատմամշակութային տարածք եւ օտարման ենթակա չէ։ Վիճելի հարցը վերաբերվում է 2005-2013 թվականներին։
«Հեռախոսս կդնեմ՝ կմոռանամ, ակնոցս դնեմ՝ կմոռանամ, երեկվա կերածս չեմ հիշե, ընբես հարցեր կուդաք․․․ ուրդից հիշեմ, կրնա՝ «Թումոյի» տարածքի հատակագիծն է, կռնա՝ չէ»,- ասաց վկա Գառնիկ Հակոբյանը։
Կարդացեք նաև
Կարեն Խաչատրյանն էլ հստակ չէր հիշում, բայց ենթադրում է, որ սրճարանի համար օտարված հողատարածքը չի եղել հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված, այլապես չէր օտարվի։ Նա ասաց, որ այն ժամանակ կադաստրից պարտադիր պահանջ չկար՝ տեղեկանք ներկայացնել, որ օտարվող հողատարածքը այդ կատեգորիային չի պատկանում։ Բայց քաղաքապետի որոշմամբ ֆիքսվում էր դա եւ եթե քաղաքապետի որոշումն առկա է, ուրեմն կադաստրում խնդիր չեն տեսնում հողի օտարման համար։ 2014-ին գույքի նկատմամբ պետական իրավունքների գրանցման մասին օրենքի 25-րդ կետը հակասահմանադրական է ճանաչվել և, ըստ այդմ, կադաստրի համակարգն իրավասու չէ կասկածի ենթարկել համայնքապետարանի ներկայացրած վարչական ակտը։ Բացի այդ, վիճելի հողատարածքի մասով կադաստրային գրանցումը մեկ անգամ մերժվել է, ապա համայնքապետարանը տեղեկանք է տրամադրել, որ տվյալ հողատարածքը զբոսայգու տարածքում չէ, այլ հարակից տարածքում է։
Վարդան Ղուկասյանի պաշտպան Արամայիս Հայրապետյանը վկայի եւ դատախազի հարցուպատասխանից տպավորություն ստացավ, որ դատախազը նախադասություններ է ասում, վկան կրկնում է։
Պաշտպանը վկային հարցրեց՝ եթե ձեզ տալիս են քաղաքապետի որոշում եւ կադաստրային կոմիտեն տեսնում է, որ հակաօրինական է, ո՞նց եք գրանցում։
Վկան պատասխանեց՝ ինքը գրանցման ոլորտի մասնագետ է, քարտեզի մասնագետ չէ։ Պաշտպանը հարցրեց, ապա այդ դեպքում ինչո՞ւ է դատախազին ասում, եթե քաղաքապետարանից թուղթ է գալիս, պիտի գրանցեն։ Վկան ասաց, որ հաշվառման բաժնի մասնագետներն են պատասխանատու եղել չափագրության հարցերում։
Պաշտպանի դիտարկմանը՝ 2005 թվականից կադաստրում եղել է Գյումրու հատակագծի թղթային տարբերակը, 2006-ից էլ էլեկտրոնային եւ հարցին՝ երբ քաղաքացուց հայտ էր գալիս չէի՞ն համեմատվում, վկան պատասխանեց, որ քարտեզը հիմնականում ձեւական է փակցված եղել պատին, դրանից չեն օգտվել։ Նաեւ հավելեց՝ կադաստրի գործառույթը չի օտարվող գույքի տեղագիծը ստուգելը։ Նախնական տեղեկատվությունը համայնքը ունի, թե ինչ է ուզում օտարել․ «Մեր պրակտիկան այն է, եթե համապատասխան փաստաթղթերը կան՝ օտարելն է»։
Պաշտպանի հարցին՝ եթե օտարման ներկայացված հողամասը 60 հոդվածի տակ էր, հնարավոր չէ՞ր պարզել եւ մերժել գրանցումը, վկան պատասխանեց․ «Եթե մեզ տրամադրված փաստաթղթերում չկան գրառումներ, որ հողամասը գտնվում է անօտարելի հողամասերի շարքում, գրանցում ենք»։ Նա նաեւ ասաց, որ մինչեւ էլեկտրոնային քարտեզների առկայությունը մոտավոր թղթային հաշվարկներով են արվել չափումները, որտեղ նաեւ շեղումներ էին հնարավոր։ Հարցին՝ քաղաքապետարանը կարո՞ղ է տեղադիրք, կոորդինատ կեղծել, վկան պատասխանեց․ «Չեմ կարող ասել։ Նման բան չի եղել մեր պրակտիկայում»։
Վարդան Ղուկասյանը միջամտեց եւ հարցրեց. «Կյանքում մի քայլ չէիք անի, եթե փաստաթղթերը տակը չդնեին, որ 60 հոդված չէ»։ Դրական պատասխան ստանալով՝ արձանագրեց․ «Էս սաղ խոսակցությունը սրա համար էր»։
Դատախազը հակասություններ տեսավ վկայի նախաքննական ցուցմունքներում եւ դատարանում արված հայտարարություններում։ Հրապարակեց նախաքննական ցուցմունքը, ըստ որի, վկան ասել է, թե օտարված հողատարածքը հնարավոր է 60 հոդվածով սահմանված հողատարածք է։
Վկան տարակուսեց՝ ասելով, որ ինքը նման գնահատական չէր կարող տալ․ «Ես ինչ-որ հայտարարություններ կարող եմ անել, ըստ առկա փաստաթղթերի։ Կադաստրային փաթեթ է ներկայացվել, թե ինչ ցանկ է եղել, չեմ կարող ասել, չեմ հիշում»։
Ի դեպ, Վարդան Ղուկասյանի պաշտպանը հայտարարեց, որ Վարդան Ղուկասյանի կալանքի տակ գտնվելը խոչընդոտում է այս վարույթով նրան փաստաթղթեր փոխանցելուն։ Դատարանը խոստացավ պարզել եւ հստակություն մտցնել այդ հարցում։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ



















































