Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե քո տունը ժամանակին վարձով ես տվել եւ մարդ է հաշվառվել քո տան վրա, ո՞վ պետք է քո փոխարեն հաներ նրան հաշվառումից, սեփականատե՛ր»

Նոյեմբեր 25,2025 20:02

«Քվեարկության օրվա վերաբերյալ որեւէ դիմում չենք ստացել։ Հաջորդ օրը ստացել ենք վերահաշվարկի երեք դիմում, որտեղ «կողմ» ձայների որեւէ փոփոխություն չենք ունեցել։ Երեք ընտրատեղամասում վերահաշվարկ ենք իրականացրել վիճակահանության արդյունքում։ «Կողմ» ձայների որեւէ փոփոխություն չենք ունեցել»։

Մեկնաբանելով նոյեմբերի 16-ին Վաղարշապատի ավագանու արտահերթ ընտրության բացթողումների մասին լուրերը՝ Aravot.am-ին այս մասին ասաց Թիվ 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գրիգոր Նազարյանը։

Նազարյանի հետ զրուցելիս նշեցինք, որ ընտրության օրը ընտրությանը մասնակցող ուժերի շտաբեր մեր այցերի ժամանակ ընդդիմադիրները հայտնում էին, որ քվեարկության ընթացքն, ընդհանուր առմամբ, բնականոն հունով էր ընթանում, բայց ահազանգում էին գովազդային վահանակների հեռացման հարցով կողմնակալ վերաբերմունքի մասին։

«Ես հասկանում եմ, որ պարտությունը արդարացնելու միջոցներ են միգուցե փնտրում»

Պատասխանելիս՝ Նազարյանն ասաց․ «Պաստառները հեռացնելու խնդիր ոստիկանության մոտ, կարծես թե, չի եղել։ Պաստառները, որտեղ փակցվել են, օրենքն ասում է՝ մնում են տեղում։ Գյուղերից մեկում կար մասնավոր տարածքի սյունի վրա փակցված պաստառ։ Մոտակայքում գտնվող ընտրատեղամասին մոտ մեծ պաստառ էին դրել, ասացինք, որ հենց հիմա հանեն»։

Ընդդիմության բարձրաձայնած ահազանգների առթիվ ԸԸՀ նախագահն ասաց․ «Ես հասկանում եմ, որ պարտությունը արդարացնելու միջոցներ են միգուցե փնտրում», չնայած գովազդային վահանակների հեռացման շուրջ կողմնակալության մասին մտահոգություններ ընդդիմադիրներից նախքան քվեարկության ավարտը նշել էին։ Դրա մասին Aravot.am-ին մասնավորապես ասել էր «Մայր Հայաստան» կուսակցության շտաբի համակարգող Արման Ստեփանյանը։

Այնուամենայնիվ, «խնդիրների մասին որեւէ գրավոր դիմում չի եղել, որպեսզի դիտարկենք, հասկանանք՝ ինչի մասին է խոսքը»։

Սխալ հաշվառումների խնդիրը

ԸԸՀ նախագահը խոսեց տան սեփականատերերի բարձրաձայնած՝ տանը օտար անձանց հաշվառված լինելու մասին։

«Եթե քո տունը ժամանակին վարձով ես տվել եւ մարդ է հաշվառվել քո տան վրա, ո՞վ պետք է քո փոխարեն հաներ նրան հաշվառումից, սեփականատե՛ր, եթե ոչ դու»։

Ընտրական ցուցակներում մահացած քաղաքացիների առկայության առումով Նազարյանը պարզաբանեց, որ անունը ցուցակից կարող է հեռացվել, երբ պետական լիազոր մարմինը տեղեկացվում է, որ անձը մահացել է։

«Ռուսաստանում մարդ է մահացել։ Ունե՞ք մահվան թուղթը։ Եթե կա, բերեք, որ դրա հիման վրա ցուցակից հանենք», – ասաց նա։

Անհրաժեշտ են ծանուցող տեսահոլովակներ

Վկայակոչեցինք 14/15 տեղամասում արձանագրված դեպքը, երբ ընտրողը ցուցադրաբար փորձել էր քվեարկել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին։ Նազարյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ պետք է անել՝ քաղաքացիների ընտրական գրագիտությունն ամրապնդելու համար։

 

«Համապետական ընտրությունների ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ծանուցող տեսահոլովակներ է պատրաստում։ Կարծում եմ՝ դա պետք է լինի», – ասաց նա։

Քվեարկողների կողմից քվեարկության կարգի խախտումների խնդիրներն առավել ընդգծված են գյուղերում, փոխանցեց մեր զրուցակիցը։ Եղել են քվեարկող զույգեր, որոնք փորձել են նույն քվեախցիկում քվեարկել։

«Համապետական ընտրության համար պետք է ավելի շատ աշխատել իրազեկման ուղղությամբ։ Մենք առաջարկներ ենք ներկայացնելու ԿԸՀ», – ասաց Նազարյանը։

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Լուսանկարը՝ Վաղարշապատում նոյեմբերի 16-ի ընտրության 14/37 տեղամասից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930