Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմիկ Մարտիրոսյան. «Քանի դեռ Հայ Առաքելական Եկեղեցին չի ընդունում, առավել եւս՝ մերժում է միասեռականների ամուսնությունը, համաշխարհային կենտրոնների կողմից դատապարտվելու է պայքարի»

Նոյեմբեր 25,2025 22:25

Նախկին պատգամավոր, նախարար, հասարակագետ Ռազմիկ Մարտիրոսյանը «Դեբատ» բանավեճի ակումբում անդրադառնալով Հայաստանի սահմանադրությունը փոխելու իշխանության մտադրությանը՝ մտավախություն հայտնեց, որ դրա տեքստը կարող է եւ Երեւանում գրված չլինել: «Սարսափելի վատ է, որ նիկոլիզմի սահմանադրության տեքստը կարող է գրվել Բաքվում: Սա իմ վախն է: Երկրորդը: Սահմանադրության ընդունումը հանրաքվեով խաբուսիկ է, եթե չասեմ՝ դեմագոգիա է, որովհետեւ հասարակությունը, ժողովուրդը չի կարող ընկալել սահմանադրության էությունը: Եվ այդ քվեարկությունը առնվազն ձեւական կլինի:

Այո, կա անհրաժեշտություն եւ դա բխում է այսօրվա գործող սահմանադրության հակասություններից ու թերություններից: Բայց սա շատ լուրջ խնդիր է: Պետք է բավականին երկարաժամկետ հատվածում մշակվի նոր Սահմանադրությունը: Պետության կայունության համար շատ կարեւոր է սահմանադրության երկարակեցությունը: Երկարակյաց են այն պետությունները, որտեղ ամեն մի անձի համար նոր սահմանադրություն չեն գրում»,-ասաց պարոն Մարտիրոսյանը:

Խոսելով Հայաստանի ներքին կյանքում տեղի ունեցող իրադարձությունների մասին՝ Ռազմիկ Մարտիրոսյանն ասաց. «90-ականներից մինչեւ մեր օրերը արեւմտյան երկրները, նրանց գիտական կենտրոնները բառացիորեն շատ ավելի մեծ աշխատանք են կատարել Հայաստանում սոցիոլոգիական ուսումնասիրություններ կատարելու առումով: Նրանք շատ ավելի լավ են ճանաչում մեզ, քան ինքներս: Եվ դժբախտաբար այսօր այդ կենտրոնները, որոնք ֆինանսավորվում են թուրքական եւ ադրբեջանական փողերով, նոր տեխնոլոգիաներով հասել են անհատի մակարդակով ճանաչելուն: Այսինքն, իրենք կարող են արդեն ընտրությունների ժամանակ տեսնել, թե անհատի մակարդակում ինչպիսի դրսեւորում եւ արդյունք կլինի:

Մի բան էլ, որպեսզի փորձեմ պատմական ակնարկ տալ դեմոկրատիա հասկացությանը, որը շահարկվում է: Այն հստակ չի եւ դեֆորմացիաները մենք տեսնում ենք Եվրոպայում: Ռումինիայում հաղթած նախագահին կարող են առանց որեւէ բանի դատել, Ֆրանսիայում՝ մրցակցի նկատմամբ քրեական գործ սարքել: Այսպիսի պայմաններում պատկերացրեք, թե մեզ ինչպիսի ձմեռ եւ գարուն է սպասվում նախընտրության փուլում:

Եթե նույն Եվրոպան, որն ինքն արդեն դեֆորմացված է, իր մրցակիցներին քրեական պատասխանատվության է ենթարկում, բնականաբար, դրա հետեւանքները Հայաստանում արդեն շատ ավելի ակնառու են, որովհետեւ մինչեւ 2018 թվականի մեր այսպես կոչված իրավապաշտպանները այսօր գիրացած, ծանրացած լուռ ու մունջ նստում են եւ իրենց բացարձակապես չի հետաքրքրում, որ ոչ միայն մեզ հայտնի մարդկանց են ձերբակալում: Ես իմացա, որ մի պատգամավորի մայր վիրավորվել է մի կնոջից եւ չորս երեխաների մայր այդ կնոջը նույնպես հանիրավի ձերբակալել են ու 4-5 ամիս բանտում է»:

Անդրադառնալով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ իրականացվող ոտնձգություններին՝ Ռազմիկ Մարտիրոսյանը ասաց. «Քանի դեռ Հայ Առաքելական Եկեղեցին չի ընդունում, առավել եւս՝ մերժում է միասեռականների ամուսնությունը, նա այդ համաշխարհային կենտրոնների կողմից դատապարտվելու է պայքարի: Քանի որ ինքը ցանցային եկեղեցի է, հնադարյան եւ այսօր քրիստոնեության ճգնաժամ է Եվրոպայում ու Ամերիկայում, ապա Հայ Առաքելական Եկեղեցին որպես ոսկոր մնացել է իրենց կոկորդին: Սա նոր չի, այդ կենտրոնները 30 տարի է այստեղ են եւ 30 տարի էլ գլոբալիստները մեր ձեռքերով պայքարելու են մեր եկեղեցու դեմ: Ըստ որում, ոչ միայն ուղղակի եկեղեցու: Նրանք արդեն մեծ հաջողությունների են հասել՝ ներմուծելու աղանդավորություն, որը նույնպես Առաքելական Եկեղեցու դեմ պայքարի ձեւերից մեկն է»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930