Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային հեռուստաընկերությունը ծառայությունը ձեռք բերելու համար մրցույթ չի հայտարարել և ձեռք է բերել մեկ անձից գնման ընթացակարգով. «Հետք»

Նոյեմբեր 25,2025 23:30

2025 թվականի հունվարի 7-ին «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն հեռուստալսարանի ապահովման ծառայություններ ձեռք բերելու համար պայմանագիր է կնքել «Ինդիվիդում կաստինգ» ՍՊԸ-ի հետ։ Պայմանագրի արժեքը 12 մլն դրամ է։

Հանրային հեռուստաընկերությունն այս ծառայությունը ձեռք բերելու համար մրցույթ չի հայտարարել և ձեռք է բերել մեկ անձից գնման ընթացակարգով։

Համաձայն «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ գնումը կարող է կատարվել մեկ անձից, եթե գնման գինը չի գերազանցում գնումների բազային միավորը՝ 1 մլն դրամը։

Սա «Ինդիվիդում կաստինգ»-ի և «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի միջև կնքված միակ պայմանագիրը չէ։ Համաձայն պետական գնումների armeps.am հարթակի տվյալների՝ 2020-2025 թվականներին «Ինդիվիդում կաստինգ» ՍՊԸ-ի հետ կնքվել է 13 պայմանագիր՝ 12-ը «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի, 1-ը՝ վարչապետի աշխատակազմի հետ։ Պայմանագրերի ընդհանուր գումարը 80 մլն 422 հազար դրամ է։

«Ինդիվիդում կաստինգ» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրերից միայն չորսի գինն է մեկ մլն դրամից ցածր։ Այստեղ հարց է առաջանում՝ ինչու է «Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն որոշել գնումն իրականացնել մեկ անձից գնման եղանակով։

«Հետքը» գրավոր հարցում ուղարկեց Հանրային հեռուստաընկերություն մեկնաբանություն ստանալու համար։ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի ֆինանսական տնօրեն Արարատ Հակոբյանը հարցմանն ի պատասխան նշել է, որ համաձայն Կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 23-րդ կետի 4-րդ ենթակետի աղյուսակի 33-րդ կետի հատուկ և բացառիկ իրավունքի առկայության հիմքով՝ հեռուստահաղորդումների պատրաստման ընթացքում ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումը, բացառությամբ շինարարության, կարող է ձեռք բերվել մեկ անձից գնման ընթացակարգով։

Սակայն, հարց է առաջանում՝ ինչպես կարող է հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայություն լինել հեռուստալսարանի ապահովման ծառայությունների մատուցման դեպքում։

Ըստ էության, «ծափահարողների» (հանդիսատեսի) մասնակցությունն ապահովելու ծառայությունը չի ենթադրում որևէ ընկերության կամ անձի բացառիկ կամ հատուկ իրավունք:

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930