Ինքնին հայ եւ ադրբեջանցի լրագրողների, մտավորականների, հ/կ-ականների հանդիպումներն, ինձ թվում է, եթե օգտակար չեն, ապա վնաս էլ չեն բերում: Ինքս 2020 թվականից առաջ մի քանի անգամ մասնակցել եմ նման հանդիպումների, եւ ադրբեջանցի գործընկերների հետ զուտ մարդկային եւ պրոֆեսիոնալ շփումը, կարծում եմ, ստացվում էր: 2020 – ից հետո նման շփումների ցանկություն չունեմ: Ազգային նվաստացման հավելյալ բեռ չեմ ուզում ինձ վրա վերցնել, քանի դեռ այդ նվաստացման «հեղինակը» առոք-փառոք բազմած է իր գահին եւ հոխորտում է, սպառնում է, բռնաճնշումներ է իրականացնում: Երբ նա կանչվի պատասխանատվության, առնվազն՝ քաղաքական եւ բարոյական, ես կզգամ, որ ինչ-որ, գոնե փոքր չափով մեր արժանապատվությունը վերականգնված է՝ մենք այլեւս կամազուրկ զանգված չենք, որին առաջնորդում է խայտառակ պարտություն կրած ղեկավարը, եւ այդ դեպքում գուցե դարձյալ կհանդիպեմ ադրբեջանցիների հետ:
Բայց դա իմ անձնական մոտեցումն է, եւ ես հասկանում եմ, որ ոչ բոլորն են կիսում իմ զգացմունքները: Այնպես որ, մերոնք կարող են գնալ Բաքու, նրանք կարող են գալ Երեւան (իհարկե, շատ ցանկալի է, որ եկողներն անցնեն որոշակի «մաղով», եւ առավել ագրեսիվ հակահայերն այստեղ չգան): Խնդիրը գնալը եւ հանդիպելը չի, եւ ես այս հարցում համաձայն չեմ մեր պատվիրակների հասցեին սուր եւ ոչ արդար քննադատության հետ: Խնդիրն այն է, թե ինչ ուղերձներ են նրանք տանում այդ հանդիպումներին եւ ինչ ուղերձներ են բերում:
Մասնավորապես, չարժե ձեւ անել, թե հավատում ենք, որ Ադրբեջանը՝ որպես պետություն, ոչ մի հավակնություն չունի ՀՀ տարածքի վրա: Ալիեւը հենց այնպես «Գյոքչա» չի ասել: «Իլհամ Ալիեւը ԳԱԱ-ի 80-ամյա միջոցառմանը ներկայացրել է նոր առաջադրանքներ պատմագիտական հետազոտությունների համար՝ առանձնահատուկ շեշտադրելով Արեւմտյան Ադրբեջանի պատմության, պետականության պատմության, քարտեզագրության և էթնոլոգիայի նոր ուղղությունները», – վերջերս ասել է իրենց ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Կարիմ Շուքուրովը: Ինչի՞ համար է այդպիսի «ղեկավար ցուցումներ» տալիս կարծր ավտորիտար ռեժիմի ղեկավարը: Պարզ չէ՞, «ապացուցելու» համար, որ այն պետությունը, որում մենք ապրում ենք, իրականում իրենցն է: Ու պարզ է նաեւ, թե որն է դրա նպատակը:
Հայերի եւ ադրբեջանցիների միջեւ հասարակական մակարդակով շփումներն, անշուշտ, անհրաժեշտ են: Պարզապես պետք է հասկանալ, թե ինչին են դրանք կոչված ծառայել: Եթե մեր հասարակության «դենացիֆիկացիային», ապա պետք չի ջանքեր թափել: Այն հասարակությունը, որը հանդուրժում է Փաշինյանին, արդեն իսկ «դենացիֆիկացվել» է:
Կարդացեք նաև
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


















































