ՀՀ Ներքին գործերի նախարարություն փրկարար ծառայությունը հայտնում է.
«Նոյեմբերի 26-ի՝ ժամը 10։30-ի դրությամբ, Տավուշի մարզի Դիլիջան «Կազաչի» հատվածում բռնկված հրդեհը մեկուսացվել է, մյուս հատվածներում՝ Նավուր բնակավայրի մոտակայքում, Դիլիջանի ոլորաններին հարակից անտառում և Դիլիջանի «Լեռնային Արմենիա» հյուրանոցի մոտակայքում աշխատանքները շարունակվում են։
Մամուլում շրջանառվող տեղեկությունը առ այն, որ հրդեհը տարածվել է «Լեռնային Հայաստան» առողջարան, չի համապատասխանում իրականությանը։
Հորդորում ենք հետևել միայն պաշտոնական լրահոսին։
Կարդացեք նաև
Հրդեհը հիմնականում տարածվել է խոտածածկ հատվածում։ Տարածքում մեծաքանակ ծառեր չեն այրվել․ արձանագրվել են ջերմահարումներ։
Հրդեհի տարածումը դեպի տներ և առողջարան կանխվել է։
Ընդհանուր առմամբ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են 669 փրկարարական ծառայող, 215 էկոպարեկ և բնակիչներ։ Հրդեհաշիջման աշխատանքներին և տարածքի օդային հետախուզությանն աջակցելու նպատակով օրվա ընթացքում ՊՆ ուղղաթիռով իրականացվել է 22 թռիչք։
Աշխատանքներն ինտենսիվորեն շարունակվում են։
Մամուլում տեղեկություններ են տարածվում հրդեհաշիջման աշխատանքներում կամավորների հավաքագրման վերաբերյալ: Իրավիճակը լիովին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության վերահսկողության տակ է, իսկ կամավորական խմբերի օգնության անհրաժեշտության դեպքում կտրվի համապատասխան հայտարարություն:
Հորդորում ենք խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները։ Հրդեհ կամ ծուխ նկատելու դեպքում խնդրում ենք անհապաղ զանգահարել 911։
Կտրվի լրացուցիչ տեղեկություն»։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է.
«Այս պահին գտնվում եմ «Դիլիջան» ազգային պարկի տարածքում, որտեղ հրդեհը միմիայն ավելի է ուժգնանում:
Հրշեջ-փրկարարներն օրեր շարունակ առանց դադարի շարունակում են հրդեհաշիջման աշխատանքները: Ուզում եմ իսկապես ըստ արժանվույն գնահատենք այս մարդկանց անձնվիրությունը:
Ցավոք, հրդեհի բռնկման օջախները բազմաթիվ են: Վտանգ կա, որ կրակը կարող է հասնել Սեմյոնովկա բնակավայրին:
Աշխատանքներին խանգարում է խոտածածկի չորությունը, քամին՝ նպաստելով հրդեհի տարածմանը:
Կարծում եմ, որ փրկարարները միայնակ չեն կարող կասեցնել ահռելի մասշտաբների հասնող այս աղետը: Պետք է ողջ ռեսուրսները ներդնել հրդեհաշիջման աշխատանքներին: Անհրաժեշտ է ընդգրկել մեծաքանակ կամավորների:
Յուրաքանչյուրի մասնակցությունը կարող է նպաստել ժամ առաջ հրդեհի մեկուսացմանը և դեպի բնակավայրեր տարածմանը»:


















































