Սամվել դպիր Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը
ԵԿԵՂԵՑԻՆ ՊԱՌԱԿՏԵԼՈՒ ՄԵՂՔԸ
Եկեղեցին Քրիստոսի Մարմինն է (Ա Կորնթ. 12:27, Եփես. 1:22-23; Կող. 1:24), իսկ հավատացյալ մարդիկ՝ այդ մարմնի անդամները: Եկեղեցին հիմնվել է Քրիստոսի կողմից՝ մարդկանց դեպի փրկություն առաջնորդելու համար: Եկեղեցուց դուրս փրկություն չկա. «Տերն օրեցօր ավելացնում էր եկեղեցում փրկվածների թիվը» (Գործք 2:47): Եկեղեցու պառակտումը՝ Քրիստոսի Մարմնի անդամահատումը Հայ Առաքելական Եկեղեցու ուսմունքի և կանոնական իրավունքի տեսանկյունից համարվում է ծանրագույն մեղքերից մեկը, որն ունի խիստ հոգևոր և կանոնական հետևանքներ։
Մասնավորապես՝
1. Քրիստոսի Մարմնի ամբողջականությունը խախտելուն ուղղված արարք է, որը համարվում է ամենածանր մեղքերից մեկը, ըստ եկեղեցու որոշ հայրերի` համազոր հերձվածին իր ծանրությամբ և հետևանքներով:
2. Քրիստոսի գլխավոր՝ սիրո պատվիրանի (Յովհ. 13:34) խախտում է, որով պատվիրվեց մեզ սիրել Աստծուն և միմյանց:
3. Քրիստոսի՝ Հայր Աստծուն ուղղված աղոթքում Իրեն հավատացողների համար միության ու միասնականության անհրաժեշտության կոպիտ անտեսում է (Յովհ. 17:20-23):
Կարդացեք նաև
4. Պառակտման մեջ ներգրավված հոգևորականները անկախ իրենց աստիճանից իրենք իրենց և իրենց մոլորեցմանը հետևող հոտին դուրս են դնում փրկարար միջավայրից, քանի որ Եկեղեցուց դուրս փրկություն չկա:
5. Երկրորդ Առաքելական կանոններից ԵԱԿ ԼԲ-ն ասում է. «Յուրաքանչյուր ազգի եպիսկոպոսները պարտավոր են ճանաչել իրենց առաջինին (հոգևոր պետին) և պարտավոր են նրան համարել որպես գլխավոր։ Եվ իրենց իշխանության շրջանակից դուրս ոչինչ ավելորդ չանել առանց նրա համաձայնության…»: Պառակտված հոգևորականը, առավել ևս Թեմի առաջնորդի ներկայությամբ կամ համաձայնությամբ Ս.Պատարագի ընթացքում չհիշատակելով Կաթողիկոսի անունը խախտում է այս կանոնը: Նրա գործողությունները, չնայած արտաքինից ունեն ճիշտ ձև, բայց դիտվում են որպես հակականոնական, քանի որ դրանք կատարվում են ապօրինի կարգով և ապստամբություն են Եկեղեցու հոգևոր պետի՝ (մեր դեպքում Հայրապետի) դեմ։
6. Անտիոքի Ժողովի կանոնները խստորեն դատապարտում են այն հոգևորականներին, ովքեր մերժում են իրենց եպիսկոպոսին կամ Կաթողիկոսին և անջատվում են։ Այդ կանոնները հայտարարում են, որ կարգալույծ (պառակտված) հոգևորականները զրկվում են Խորհուրդներ կատարելու լիազորությունից: Նրանք չունենալով կանոնական ընթացք և հաղորդակցություն Եկեղեցու մյուս մասերի հետ, կանոնականորեն չեն կարող վավերական Խորհուրդներ կատարել։
7. Ընդհանրական Եկեղեցու հայրերից Ս.Կիպրիանոս Կարթագենացին գրում է, որ Եկեղեցուց դուրս գործողները նման են ջրի աղբյուրից անջատված ճյուղի։ Նույնիսկ եթե պառակտված հոգևորականը պահպանել է իր ձեռնադրության շնորհը, այդ շնորհը դադարում է գործել փրկարար ուժով Եկեղեցուց դուրս։ Այսինքն, պառակտված խմբում կատարված Խորհուրդները (հատկապես Պատարագը և Ձեռնադրությունը) համարվում են անվավեր, քանի որ դրանք կատարվում են Առաքելական և համընդհանուր եկեղեցական կանոնների խախտմամբ, որոնք պահանջում են միասնություն Կաթողիկոսական Գահի (որպես Քրիստոսի Եկեղեցու գահակալի) հետ, ինչպես նաև դրանց պակասում է Եկեղեցու Մարմնի հոգևոր համաձայնությունը և Նվիրապետական համակարգից եկող օրհնությունը։ Կաթողիկոսի անունը չհիշատակելը ծիսականորեն հայտարարում է այս պառակտումը։
8. Ընդհանրական Եկեղեցու սյուներից մեկը՝ Ս.Հովհան Ոսկեբերանը պառակտումը դիտարկում էր որպես մեղք, որն ավելի ծանր է, քան անգամ կռապաշտությունը։ Նա զգուշացնում է, որ ոչինչ այդքան չի բորբոքում Աստծո բարկությունը, որքան Եկեղեցու բաժանումը։ Եվ նույնիսկ եթե մենք կատարած լինենք տասը հազար փառավոր գործեր, այնուամենայնիվ, եթե մասնատենք Եկեղեցու միասնականությունը, ապա կկրենք ծանր պատիժ: Եկեղեցին պառակտողին սպասվում է նույն պատիժը, ինչ Քրիստոսի մարմինը մասնատողին, եթե նույնիսկ նա ճիշտ է դավանում և ճիշտ է ապրում: Նա շեշտում է նաև, որ ոչ մի պատճառ չի կարող արդարացնել Եկեղեցու պառակտումը, քանի դեռ խախտված չէ հավատքի բուն էությունը։
9. Տիեզերական վարդապետ Ս.Գրիգոր Աստվածաբանը պառակտումը հաճախ համարում է հպարտության արդյունք, երբ հոգևորականը, իրեն ավելի արդար համարելով, հրաժարվում է ենթարկվել Եկեղեցու օրինական իշխանությանը, որին նա պետք է անվերապահ հավատարիմ մնար:
10. Մեկ այլ տեղ Ս. Կիպրիանոս Կարթագենացին ասում է. «Նա չի կարող Աստծուն ունենալ որպես Հայր, ով Եկեղեցին չունի որպես մայր։ Եթե որևէ մեկը փրկվել է Նոյի տապանից դուրս, ապա կարող է փրկվել նաև Եկեղեցուց դուրս գտնվողը»: Նա պնդում էր, որ նույնիսկ նահատակության գնացող պառակտիչը չի կարող փրկություն ստանալ, քանի որ նա խախտել է սիրո և միասնության պատվիրանը։
11. Պառակտման մեղքի մեջ ներքաշված հոգևորականների և մոլորյալ հոտի համար հոգևոր առումով հետևանքները աղետալի են, քանի որ դադարում է հաղորդակցությունը Եկեղեցու Սուրբ Հոգու շնորհների հետ, քանի որ շնորհները փոխանցվում են Եկեղեցու նվիրապետության միջոցով:
12. Պառակտող հոգևորականը, մերժելով Կաթողիկոսի իշխանությունը, ինքնաբերաբար դուրս է գալիս Եկեղեցու կանոնական դաշտից։ Հայոց Հայրապետի անունը չհիշատակելը Ս.Պատարագին Հայ Առաքելական Եկեղեցու կանոններով համարվում է ծանր կարգազանցություն, պառակտման քայլ և եկեղեցու միասնության խաթարում։
13. Պառակտում հրահրող հոգևորականը, անկախ իր հոգևոր աստիճանից, անմիջապես պետք է զրկվի այդ աստիճանից։ Պատիժը հանվում է միայն այն դեպքում, երբ անձը կամ խումբը խորը ապաշխարությամբ վերադառնում է Եկեղեցու ծոցը և ճանաչում նվիրապետական կարգը։ Եթե համառում է, պետք է ենթարկվի բանադրանքի։
14. Աշխարհականը, ով ակտիվորեն մասնակցում կամ գլխավորում է պառակտումը, պետք է հեռացվի Եկեղեցուց և նզովվի, մինչև չապաշխարի ու նոր վերադառնա եկեղեցու գիրկը։
15. Հայ եկեղեցու պատմության մեջ նվիրապետությունից անջատվող պառակտիչ հոգևորականներն ունեցել են կանոնական վախճան՝ կարգալուծություն և բանադրանք:
ԵԶՐԱԿԱՑՈւԹՅՈւՆ. Պառակտումը ոչ միայն կանոնական խախտում է, այլև սիրո բացակայություն, Եկեղեցու՝ Քրիստոսի Մարմնի մասնատում։ Պառակտման մեջ գտնվող հոգևորականի կողմից կատարված Խորհուրդները, նույնիսկ եթե տեխնիկապես ճիշտ են, զուրկ են լինում փրկարար ուժից, քանի որ դրանք կատարվում են Եկեղեցու Միասնության մարմնից դուրս։ Վեհափառ Հայրապետի անունը Ս.Պատարագի ընթացքում չհիշատակելը պարզ վարչական խախտում չէ, այլ նվիրապետական կարգի դեմ ապստամբություն, հոգևոր իշխանության անտեսում, պառակտման ծանրագույն մեղք և ծիսական անօրենություն:


















































