Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում կատարվածը զուրկ է արդարության, բարոյական եւ իրավական նորմերից . «Հիշում եմ քո ձայնը» ֆիլմը ցուցադրվեց ԱՄՆ-ում եւ Բրազիլիայում

Նոյեմբեր 26,2025 11:32

Արցախի 9-ամսյա շրջափակումը վերապրած, այնուհետեւ բռնի տեղահանված մարդկանց պատմությունները ներկայացնող «Հիշում եմ քո ձայնը» ֆիլմը հասել է ԱՄՆ եւ Բրազիլիա: Նիկոլայ Մելիքյանի եւ Արայիկ Սարգսյանի «Հիշում եմ քո ձայնը» ֆիլմի պրեմիերան նախ օրերս կայացել է Լոս Անջելեսում: Այն 2023-ի սեպտեմբերի 19-ին Արցախում տեղի ունեցած-24 ժամյա պատերազմի եւ դրան հաջորդած բռնի տեղահանման մասին պատմող առաջին փաստավավերագրական ֆիլմն է։ «Հիշում եմ քո ձայնը» ներկայացնում է 6 պատմություն՝ իրարից տարբեր, բայց նույն ճակատագրով` գերության մեջ հայտնված կնոջ պատմությունից մինչեւ բենզինի պայթյունի ժամանակ ծնողներին կորցրած 5 երեխաների պատմությունները։ Բոլոր հերոսների պատմություններն իրար են կապվում տեղահանված Մարտին Ալոյանի կերպարի միջոցով։ Բոլորին միավորում է ցավը, հայրենիքի եւ հարազատների անդառնալի կորուստը։

Ֆիլմը Voices of hope հիմնադրամի եւ ամերիկյան All prime group ընկերության արտադրանք է։ Ֆիլմի երաժշտության հեղինակն ամերիկաբնակ երաժիշտ Արման Էլբերտն է։

All prime group ընկերության համահիմնադիր Արշակ Կարապետյանի խոսքով, Արցախում տեղի ունեցածը զուրկ է արդարության, բարոյական եւ իրավական բոլոր նորմերից, եւ տեղի ունեցածի մասին պետք է հնարավորինը շատ իրազեկել միջազգային հանրությանը։ «Եթե հնարավորություն կար աջակցելու այս նախագծին, որի նպատակն է բարձրաձայնել անարդարությունը, մենք որեւէ պատճառ չեն տեսել չաջակցելու ֆիլմին»,-նշեց All prime group ընկերության համահիմնադիրը:

Լոս Անջելեսյան ցուցադրության ժամանակ դահլիճում դժվար է եղել զսպել արցունքները՝ Ադրբեջանի ցեղասպան գործողությունների պատճառով տուժած արցախցիների պատմություններին ծանոթանալիս: Պրեմիերային ներկա են եղել ամերիկացի եւ հայազգի քաղաքական, հասարակական ու մշակութային գործիչներ։ Դերասանուհի Մարջան Ավետիսյանը կարծիք է հայտնել, որ որպես հասարակություն՝ լռելու իրավունք չունենք, պետք է հնարավորինս շատ խոսվի արցախահայերի էթնիկ զտման մասին, իսկ Բաբկեն Չոբանյանն ասել է, որ ֆիլմը պետք է հնարավորինս շատ տարածվի արտասահմանում` հույսով, որ կնպաստի արդարության վերականգնմանը։

«Ֆիլմում ներկայացվում է 6 պատմություն մարդկանց մասին, որոնք 44-օրյա պատերազմից հետո շարունակել են ապրել Արցախում, որովհետեւ իրենց տրվել են անվտանգության որոշակի երաշխիքներ…Հերոսներից մեկն այդպես էլ ասում է, որ չէին պատկերացնում, թե ռուս խաղաղապահների առկայության դեպքում իրենց հետ տեղի կունենա այն, ինչ եղավ 2023թ սեպտեմբերին»,-նշում է Նիկոլայ Մելիքյանը:

Լոս Անջելեսից հետո «Հիշում եմ քո ձայնը» ցուցադրվել է աշխարհի հեղինակավոր բուհերից մեկում` Սան Պաուլոյի համալսարանում: Այն ներկայացվել է Ցեղասպանությունների կանխարգելման համաժողովի շրջանակում։ Այնուհետեւ ցուցադրվել է Սան Պաուլոյի քաղաքային խորհրդի շենքում` ավագանու անդամ Սոնարիա Ֆերնանդեսի նախաձեռնությամբ։ Երկու ցուցադրություններին էլ ներկաների ճնշող մեծամասնությունը բրազիլացիներ են եղել, որոնք ցուցադրություններին հաջորդած հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվել են էթնիկ զտման ենթարկված արցախցիների ճակատագրով, Ադրբեջանին՝ Թուրքիայի աջակցության, ադրբեջանցիների կողմից Արցախում այս պահին իրականացվող հայկական հետքի, եկեղեցիների ոչնչացմամբ։ «Հիշում եմ քո ձայնը» ցուցադրվել է նաեւ Ռիո դե Ժանեյրոյի Արդարադատության պալատում։

Առաջիկայում ցուցադրություններ են նախատեսված Ֆրանսիայում` տեղի պաշտոնյաների աջակցությամբ, հետագայում՝ Իտալիայում, Լիբանանում: Ֆիլմի հեղինակները նշում են, որ «Հիշում եմ քո ձայնը» կցուցադրվի նաեւ մի քանի միջազգային կինոփառատոնների շրջանակներում։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարները տրամադրել են ֆիլմի հեղինակները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930