Կայացել է ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի հերթական նիստը, եւ Հայաստանի ու ԵՄ-ի միջեւ գործընկերության օրակարգը համալրվել է անվտանգային համագործակցությամբ: «Սա տալիս է հնարավորություն ստանալու հրավեր՝ որոշում ընդունել մասնակցել այդ առաքելություններին կամ չմասնակցել: Առանձին դեպքերում, բնականաբար, առանձին որոշումներ կկայացվեն: Սրա մասին է համաձայնագիրը»,- պատասխանելով լրագրողների հարցերին՝ այսօր ասաց ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը:
«Չեմ կարող կոնկրետ ասել՝ որտեղ կլինի Հայաստանի մասնակցությունը, որովհետեւ նշեցի՝ առանձին հրավերներ կլինեն եւ կկայացվեն որոշումներ՝ մասնակցության կամ չմասնակցության մասին: Հիմա այս պահին մանրամասնել, թե որտեղ Հայաստանը կմասնակցի, վաղաժամ է: Իսկ ինչ է տալիս Հայաստանին համաձայնագիրը, ինչպես նշեցի նիստի ընթացքում եւ ինչպես գործընկերներն էլ նշեցին, դա առաջին հերթին տալիս է հնարավորություն ծանոթանալու եւ ապագայում կիրառելու միջազգային փորձը՝ ճգնաժամերի կառավարման տարբեր ոլորտներում»,-հավելեց փոխնախարարը:
Հարցին, որ Հայաստանը կրկին չի մասնակցելու ՀԱՊԿ-ի համաժողովին, բայց տալիս է համաձայնություն խորհրդաժողովի ժամանակ ներկայացված փաստաթղթերին, ինչպե՞ս է գնահատում ներկա վիճակը, նաեւ ՀԱՊԿ-ի համաժողովին չի մասնակցում, բայց ԵՄ-ի հետ համաձայնագիր է ստորագրում, Մնացական Սաֆարյանն այսպես արձագանքեց. «Այս երկու գործընթացները կամ դրվագները պետք չէ կապել իրար հետ, ՀԱՊԿ-ի հետ կապված Հայաստանի ձեւաչափը եւ քաղաքականությունը հայտարարվել է, մենք դրա մասին որոշ ժամանակ առաջ հայտարարել ենք, որ չենք մասնակցում, բայց չենք էլ խոչընդոտում որոշումների, փաստաթղերի ընդունմանը: Իսկ այս համաձայնագիրը ես որեւէ կերպ չէի կապի Հայաստանի այլ գործողությունների հետ՝ դիվանագիտական կամ քաղաքական»:
Հարցին՝ ի՞նչն է խանգարում Հայաստանին դուրս գալ ՀԱՊԿ-ից, եթե այդ կառույցում չի ուզում ոչինչ անել, ԱԳ փոխնախարարն այսպես պատասխանեց. «Այս փուլում մեր քաղաքականությունն այսպիսին է, եթե հավելյալ քայլեր, դիրքորոշումներ լինեն կտեղեկացնենք»:
Մեկ այլ հարցի՝ հավանականություն կա՞, որ ռուսների հետ հարաբերությունները կարող է ավելի լարվեն, Սաֆարյանը պատասխանեց. «Հայաստանը վարում է իր արտաքին քաղաքականությունը շահերի հիման վրա՝ ըստ ձեւավորվող իրավիճակի, հայտարարվել է Հայաստանի եւ դիվերսիֆիկացման, եւ բալանսավորման քաղաքականության մասին։ Ըստ կոնկրետ իրավիճակի՝ Հայաստանն ընդունում է որոշումներ, եւ եթե հավելյալ տեղեկատվություն լինի, կտեղեկացնենք»։
Նա պատասխանեց նաեւ այն հարցին՝ արդյոք քննարկվե՞լ է Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը. «Այսպիսի հարց այս փուլում ԱԳ նախարարության օրակարգում չկա, մեր առջեւ այդպիսի խնդիր դեռ չի դրվել, եթե լինեն այդպիսի զարգացումներ, բնականաբար կիմանաք»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































