«Անվտանգությունն ու ազատությունն անվճար չեն բաժանվում, դրանք շատ թանկ բաներ են։ Եթե դուք չունեցաք անվտանգություն, ուզում ես ամենաուժեղ տնտեսությունն ունեցիր, ամենաարդար մարդիկ ունեցիր, չես կարող ոչինչ ապահովել։ Անվտանգությունից կարեւոր բան գոյություն չունի։ Մեր անվտանգության համակարգը համար մեկ խնդիրների խնդիրն է։ Պատահական չէ, որ ես այսօր դրել եմ երեք արժեքներ՝ խաղաղություն, ուժ, արդարություն։ Ուժեղ չեղանք, անվտանգության համակարգ չունեցանք, ոչ խաղաղություն է լինելու, ոչ արդարություն»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց «Միասնության թեւեր» շարժման ղեկավար Արման Թաթոյանը։
Թաթոյանն ասաց, որ երբ ինքը ստանձնի վարչապետի պաշտոնը, կստորագրի «խաղաղության պայմանագիրը», բայց այն բանից հետո,երբ Ադրբեջանի նախագահը կստորագրի այն։ «Խաղաղության պայմանագիրը կստորագրեմ, թե՞ չէ, այո, կստորագրեմ, ինչո՞ւ չեմ ստորագրի, բայց առաջինը Ադրբեջանի նախագահը թող ստորագրի։ Երբ Ադրբեջանի նախագահը կստորագրի, հենց նույն վայրկյանին ես կստորագրեմ։ Բայց եկեք մի հատ հասկանանք՝ այդ այսպես կոչված խաղաղության պայմանագիրը մեզ ի՞նչ է տալիս։ Դեռ չստորագրված՝ Ադրբեջանի նախագահն ԱՄՆ նախագհի հետ հանդիպումից դուրս է գալիս ու միանգամից ասում է՝ Հայաստանը պիտի փոխի իր Սահմանադրությունը, այն պայմաններում, երբ այդ պայմանագրի մեջ գրված է՝ կողմերը չեն միջամտում միմյանց ներքին գործերին։
Հիմա Հայաստանը պետք է Սահմանադրություն փոխի՞ Ադրբեջանի պահանջով, ոչ, այդպիսի բան չկա։ Ես Ադրբեջանի պահանջով երբեք Սահմանադրություն չեմ փոխելու։ Ես ունեմ հստակ տարանջատում՝ խաղաղության պայմանագիր եւ TRIPP-ի պայմանագիր։ Խաղաղության իրական պայմանագիրն ինձ համար TRIPP-ի պայմանագիրն է։ Մենք պետք է ԱՄՆ պես երկրի հզոր միջնորդական առաքելությունն այնպես օգտագործենք, որ դա ծառայի մեր երկրի շահերին։
Այսօր ի՞նչ է արվում՝ Փաշինյանը Ադրբեջանի նախագահի պահանջները կատարելով, ինչ ունենք-չունենք տալով՝ ամբողջությամբ մսխում է ամերիկյան էս հզորագույն միջնորդությունը։ Մեր ամերիկյան գործընկերները պետք է իմանան այս մասին՝ Փաշինյանն օգնում է Ադրբեջանի նախագահին, որ կոծկեն այն, ինչ անում են եւ դրանով հեղինակազրկում են ԱՄՆ միջնորդական առաքելությունը»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Թաթոյանն ասաց, որ պետք է զարգացնել ԱՄՆ հետ հարաբերությունները՝ որպես Հայաստանին վստահելի գործընկեր։ Ասաց, որ իշխանության գալու դեպքում կոնկրետ ոլորտներում զարգացնելու են հարաբերություններն ԱՄՆ հետ։
Անդրադառնալով Ռուսաստանի հետ հարաբերություններին՝ նշեց․ «Ակնհայտ է, որ մենք Ռուսաստանի Դաշնության հետ առաջնային պետք է լուծենք այս իշխանության օրոք ձեւավորված խնդիրները։ Պարզ ու բաց պետք է նստենք ու խոսենք։ Մենք Ռուսաստանի հետ պետք է ունենանք արդյունավետ ու ֆունկցիոնալ հարաբերություններ։ ՌԴ հետ որեւէ պարտավորությունից մենք չենք հրաժարվելու, այն, ինչ կա, բայց մի կարեւոր բան՝ միայն Ռուսաստանից կախվածությունը, որը տարիներ շարունակ եղել է, կործանարար է մեր պետության համար։ Մենք չենք կարող մեկ շուկայից կախված լինել, դա մեր պետության համար մեծագույն չարիք է»։
Մանրամասները՝ տեսանյութում
Արման Թաթոյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը հայ հասարակությանը փորձում է պահել վախերի մեջ։ «Ժողովուրդ ջան, մի վախեցեք, լուծումները կան, մենք իրավունք չունենք վախենալ, մենք ընդամենը 100 տարի առաջ ցեղասպանություն վերապրեցինք, դրանից հետո կարճ ժամանակ անց երկրորդ համաշխարհային պատերազմում ենք հաղթել, Սարդարապատի ճակատամարտ ենք հաղթել, մենք իրավունք չունենք վախենալ, հզոր պատմություն ունեցող ժողովուրդ ենք, էդ մարդիկ իրենք քաղաքական շահերի համար հլա տեսեք ինչ օրն են գցել ձեզ»,- նշեց նա։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































