ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Սոֆիայում կայացած Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) 66-րդ գլխավոր վեհաժողովի աշխատանքներին: Պատվիրակության կազմում էին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ու ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Վեհաժողովի օրակարգում ընդգրկված էին ընթացակարգային եւ բովանդակային մի շարք կարեւոր, այդ թվում՝ պատվիրակություններում նոր անդամների հաստատման, ՍԾՏՀ ԽՎ նախագահության փոխանցման գործընթացի, փոխնախագահների ընտրության հարցերը, ինչպես նաեւ եղել են 2026 թվականի բյուջեին վերաբերող ֆինանսական քննարկումներ:
Կազմակերպությունն ընդունել է համատեղ հայտարարություն Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) կողմից Գազայի իրավիճակի եւ մարդասիրական օգնության աջակցության վերաբերյալ:
Պատվիրակության անդամները մասնակցել են ընդհանուր բանավեճին, որը նվիրված էր Եվրոպական միության եւ այլ միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցության զարգացմանը:
Կարդացեք նաև
Հանձնաժողովներում քննարկումների առանցքային թեմաներից էին արհեստական բանականության դերը ՍԾՏՀ տարածաշրջանում կայուն սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացում՝ տնտեսական, իրավական եւ սոցիալական ոլորտներում դրա կիրառման ու ազդեցության համատեքստում:
Բաբկեն Թունյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ ուղղված տարածաշրջանային երկխոսության ամրապնդմանը, կայուն զարգացման խթանմանը եւ Սեւծովյան տարածաշրջանում խորհրդարանական համագործակցության ընդլայնմանը՝ ընդգծելով Հայաստանի շարունակական ներգրավվածությունը կառուցողական բազմակողմ գործընթացներում՝ ի նպաստ տարածաշրջանային կայունության, տնտեսական աճի եւ նորարարության զարգացման: Նա անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացին՝ կարեւորելով տարածաշրջանում կայունության եւ խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը:
Վեհաժողովի ավարտին ՍԾՏՀ ԽՎ հաջորդ՝ 67-րդ լիագումար նիստի նախագահությունը Բուլղարիայից փոխանցվել է Վրաստանին:
ԱԺ


















































