Լրահոս
Օրվա լրահոսը

Հրդեհը դեռ չի հասել Դիլիջան ազգային պարկի տարածք. ՆԳՆ Փրկարար ծառայության գնդապետ

Նոյեմբեր 26,2025 14:02

«Գեղարքունիքի մարզում հրդեհի ահազանգը ստացվել էր նոյեմբերի 21-ին, փրկարար ծառայությունը մեծ թվով ուժեր ներգրավեց դեպքի վայր՝ հրդեհը կանխարգելելու համար: Գրեթե 1400 փրկարար ծառայող մասնակցել է այնտեղ հրդեհաշիջման աշխատանքներին»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց ՆԳՆ Փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ, գնդապետ Բագրատ Վարդազարյանը։

«Հրդեհն արդեն իր տեմպերը թուլացրեց նոյեմբերի 22-ին, ինչը հնարավորություն տվեց մեր ուժերը տեղափոխել Տավուշի մարզ: Տավուշի մարզում արդեն երեկվանից ակտիվ աշխատանքներն ընթանում են, շուրջ 800 փրկարար է ներգրավված աշխատանքներում: Ունենք նաեւ ռեզերվ: Ներկա պահին իրավիճակը վերահսկելի է: Մենք ներգրավել ենք Պաշտպանության նախարարության մեկ ուղղաթիռ, որի միջոցով իրականացնում ենք հրդեհաշիջման աշխատանքներ:

Ներքին գործերի նախարարությունը ներկայումս նման տեխնիկա ձեռքբերելու անհրաժեշտություն չունի, քանի որ դա համարվում է թանկ պահվող տրանսպորտային միջոց: Մենք ունենք այլ մեթոդներ, որոնք փորձում ենք կիրառել նման դեպքերում ավելի արդյունավետ օգտագործելու օդային տրանսպորտը՝ անտառային հրդեհները մարելու համար: Փորձում ենք մոդիֆիկացնել եղած ուղղաթիռները՝ անտառային հրդեհների դեմ պայքարի համար: Նրանց մեջ փորձում ենք կահավորել հատուկ բաքեր, որոնք հնարավորություն կտան ուղղաթիռին ավելի մոտիկից իրականացնել հրդեհաշիջում»,- հավելեց ՆԳՆ Փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալը:

Բագրատ Վարդազարյանն ասաց, որ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրաված են ոչ միայն փրկարար ծառայության աշխատակիցները, ոստիկանության ծառայողները, նաեւ էկոպարեկները, կամավորները, բնակչությունը, եւ ներկա պահին իրավիճակը վերահսկելի է, ուժերը՝ բավարար են: Նա նշեց, որ իր տեղեկություններով, հրդեհը դեռ չի հասել Դիլիջան ազգային պարկի տարածք:

ՆԳՆ Փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալը տեղեկացրեց, որ հրդեհներ են բռնվել նաեւ Շիրակի, Սյունիքի, Լոռու մարզերում, սակայն այժմ դրանք մարվել են, մնացել է միայն Դիլիջանի հրդեհը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930