«Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալների համաձայն՝ Երեւան քաղաքում, հատկապես Կենտրոն վարչական շրջանում նոյեմբերի 17-25-ն ընկած ժամանակահատվածում մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիան գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 1,4-4 անգամ: Այն հատկապես բարձր է եղել նոյեմբերի 21-ին եւ նոյեմբերի 25-ին ՝ 4,3 անգամ գերազանցելով սահմանային թույլատրելի կոնցենտրացիան»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի» ղեկավարի տեղակալ Գայանե Շահնազարյանը:
«Արաբկիր վարչական շրջանում նույն ժամանակահատվածում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է 1,1-1,6 անգամ, իսկ Շենգավիթ վարչական շրջանում միայն նոյեմբերի 25-ին գերազանցել է 1,2 անգամ: Նոր Նորքում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան չի գերազանցվել: Ազոտի երկօքսիդի պարագայում նոյեմբերի 17-25-ն ընկած ժամանակահատվածում կրկին Կենտրոն վարչական շրջանում 17-19 գերազանցվել է 1,4-1,6 անգամ, Արաբկիր վարչական շրջանում՝ նոյեմբերի 17-ին եւ 20-ին նաեւ Նոր Նորք վարչական շրջանում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է 1,1 անգամ: Շենգավիթ վարչական շրջանում նոյեմբերի 25-ին գերազանցվել է 1,3 անգամ»,-հավելեց Գայանե Շահնազարյանը:
Նա տեղեկացրեց, որ նույն ժամանակահատվածում ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան աճել է, սակայն ոչ մի վարչական շրջանում չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան: Նրա խոսքով, գետնամերձ օզոնի պարունակությունը եւս չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:
Գայանե Շահնազարյանը տեղեկացրեց, որ վերջին օրերին անտիցիկլոնի առկայությամբ օդի տորբուլենտականությունը Արարատյան գոգավորությունում դադարել է, ինչն էլ հանգեցրել է օդի տեղաշարժի կանգնման եւ օդի աղտոտվածության կուտակման: Նա ընդգծեց, որ այս պատկերը առաջիկայում էլ կպահպանվի մինչեւ հետագա օդային հոսանքների փոփոխությունը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































