Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային գիտաժողովում ուսումնասիրվեց հայ և վրացի կանանց դերը՝ որպես եկեղեցիների, վանական կենտրոնների, կրթական ու մշակութային նախաձեռնությունների հովանավորներ

Նոյեմբեր 26,2025 16:25

Ֆլորենցիայի համալսարանի SAGAS (Պատմություն, հնագիտություն, աշխարհագրություն, արվեստ և թատրոն) բաժնում նոյեմբերի 24–25-ին կայացավ միջազգային գիտաժողով՝ նվիրված IX–XIV դարերի հայ և վրացի առաքինի կանանց։ Միջոցառումը միավորեց Գերմանիայից, Իտալիայից, Վրաստանից, Հայաստանից, ԱՄՆ-ից, Թուրքիայից և Ֆրանսիայից ժամանած ճանաչված գիտնականների։

Գիտաժողովը կազմակերպվել էր Ֆլորենցիայի համալսարանի բյուզանդագիտության պրոֆեսոր և «Armenia Entangled» (ArmEn) եվրոպական հետազոտական ծրագրի ղեկավար Զարա Պողոսյանի, ինչպես նաև նույն ծրագրի անդամ, պատմաբան և ձեռագրագետ Գոհար Գրիգորյանի նախաձեռնությամբ։

Գիտաժողովում ուսումնասիրվեց հայ և վրացի կանանց դերը՝ որպես եկեղեցիների, վանական կենտրոնների, կրթական ու մշակութային նախաձեռնությունների հովանավորներ։

Բացման խոսքով ներկաներին դիմեց SAGAS բաժնի տնօրեն, պրոֆեսոր Ֆուլվիո Չերվինին։

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Արևմտյան Եվրոպայի Հայ Առաքելական Եկեղեցու Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսության ներկայացուցիչ Գերշն. Տեր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը։ Նա ընդգծեց հայ և վրացի կանանց մեծարժեք դերակատարության պատմագիտական ուսումնասիրության անհրաժեշտությունը և շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին՝ այսպիսի հեղինակավոր միջազգային մասնագիտական հանրույթ համախմբելու համար։

Սրբազան Հայրը, հղում կատարելով Սուրբ Գրքին և պատմությանը, ընդգծեց, որ Նոր Կտակարանում կանայք երկրորդական կերպարներ չեն, այլ փրկագործության իրական դերակատարներ։ Նա հիշեցրեց, որ IX–XIV դարերում հայ և վրացի թագուհիներն ու իշխանուհիները մեծապես աջակցել և նպաստել են եկեղեցիների ու վանքերի կառուցմանը, կրթական հաստատությունների հիմնադրմանը և արվեստի գործերի ստեղծմանը։

Նրանք պարզապես մեկենասներ չեն եղել, այլ՝ իրենց համայնքների հոգևոր ու մշակութային ուղղություն ձևավորող առաջնորդներ։

Սրբազանը ցավով նաև նշեց, որ այս կանանց ժառանգությունը մինչ օրս հաճախ թերագնահատված կամ խեղաթյուրված է ավանդական պատմագրության և ժամանակակից հանրային խոսույթի մեջ։ Այս համատեքստում նա կարևորեց նման միջազգային գիտաժողովները՝ որպես հնարավորություն «երևան բերելու մոռացված էջերը» և «ձայն տալու այն կանանց, որոնք դարեր շարունակ մնացել են ստվերում»։

Գիտաժողովը շարունակվեց մասնագիտական զեկույցներով և քննարկումներով, որոնք ուղղված էին հայ և վրացի քրիստոնեական իրականության պատմամշակութային զարգացման մեջ կանանց որոշիչ դերի խորքային ուսումնասիրությանը։

Գիտաժողովի ամբողջական ծրագիրը հասանելի է հետևյալ հղմամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930