Լրահոս
Օրվա լրահոսը

Կենդանիներին լքելու համար պատասխանատվություն է նախատեսվում. օրենքի նախագիծը դրական եզրակացություն է ստացել

Նոյեմբեր 26,2025 17:36

Հայաստանի Հանրապետությունում ոչ վայրի կենդանիների հետ կապված իրավահարաբերությունները, բացառությամբ գյուղատնտեսական նշանակության, հստակ կարգավորումներ չունեն: Բաց է տնային, թափառող, ծառայողական նշանակության, ցուցադրման, սպորտային եւ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների հետ կապված համալիր եւ ամբողջական կարգավորումների դաշտը: Այս մասին ասել է պատգամավոր Մերի Գալստյանը՝ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 26-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով իր եւ պատգամավոր Արուսյակ Մանավազյանի հեղինակած «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:

Օրենքի նախագծով սահմանվում են ՀՀ տարածքում տնային եւ թափառող, ծառայողական նշանակության, ցուցադրման, սպորտային կամ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների հետ կապված իրավահարաբերությունները:

Մերի Գալստյանի տեղեկացմամբ առաջարկվող կարգավորումները չեն տարածվելու գյուղատնտեսական, որսի, ինչպես նաեւ մարդու կենսագործունեության վրա վնասակար ազդեցություն ունեցող կենդանիների հետ կապված իրավահարաբերությունների վրա: Նշվել է, որ նախագծերի մշակման փուլում հեղինակներն ուսումնասիրել են շուրջ 20 երկրի ոլորտային փորձը: Տեղի են ունեցել քննարկումներ Կենդանիների պաշտպանության հարցերով աշխատանքային խմբի անդամների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, փորձագետների, կենդանասերների, պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Փաթեթի առանձին կարգավորումներ վերաբերում են թափառող կենդանիների, մասնավորապես` շների հետ կապված հիմնախնդրի լուծմանը: Մասնավորապես, նախատեսվում է 3 մարզկենտրոնում կառուցել կենդանիների կացարան` վայր, որտեղ կերակրվելու, բուժվելու կամ պահվելու են թափառող, կորած կամ լքված կենդանիները, ինչպես նաեւ ժամանակավոր պահման եւ կերակրման հանձնված կենդանիները:

Պատասխանատվություն է նախատեսվում կենդանիներին լքելու համար:

Նախագծերի ընդունման եւ կիրակման արդյունքում ակնկալվում է նվազեցնել կենդանիների նկատմամբ դաժան եւ անպատասխանատու գործողությունները եւ ունենալ իրավական մեխանիզմներ, որոնք կապահովեն կենդանիների բարեկեցությունն ու պաշտպանվածությունը:

Մտքերի փոխանակության ընթացքում հեղինակները պատասխանել են պատգամավորների հարցերին:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ներկայացրել է Կառավարության դրական կարծիքն օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ:

Գործադիր մարմինը ներկայացրել էր մի խումբ առաջարկներ, որոնք հեղինակներն ընդունել են:

Օրենսդրական փաթեթին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930