Ամերկացի փորձագետ Իրինա Ցուկերմանը տարիներ շարունակ Ադրբեջանի պետական քարոզչամեքենայի ու լրատվամիջոցների նախընտրելի փորձագետներից է, ով ակտիվորեն զբաղվում է հակահայկական գործունեությամբ։ Վերջինս միջազգային մամուլում Բաքվի քարոզչական թեզերով ու նարատիվներով «համեմված» հոդվածներ է հրապարակում՝ թիրախավորելով Հայաստանը, վերջինիս քաղաքականությունը՝ հիմնականում Արցախի հակամարտության համատեքստում։
Հատկապես ուշագրավ են նրա հակահայկական գործունեությունն ու Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ տեղեկատվական տիրույթում Ադրբեջանին աջակցությունը, ինչպես նաև՝ համագործակցությունը Բաքվից ֆինանսավորում ստացած անձանց ու լրատվականների հետ։
Մարդու իրավունքների և ազգային անվտանգության հարցերով փորձագետ, լրագրող, վերլուծաբան Իրինա Ցուկերմանը Վաշինգտոնում գործող Arabian Peninsula Institute, իսրայելական Jerusalem Center for Security and Foreign Affairs վերլուծական կենտրոնների գիտաշխատող է։
Ի․ Ցուկերմանը The Washington Outsider Center for Information Warfare կազմակերպության խորհրդի անդամ է։ Մասնագիտական հետաքրքրությունների շրջանակն է աշխարհաքաղաքականությունը, արտաքին քաղաքականություն և անվտանգության հարցեր՝ ներառյալ ներքին և միջազգային մի շարք գործընթացների վերլուծություն։
Կարդացեք նաև
Հակահայկական հոդվածներ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ
Jewish National Syndicate (JNS) լրատվական գործակալությունում 2020 թվականի հոկտեմբերի 12-ին հրապարակվել է Ցուկերմանի՝ «Իրան և Հայաստան. փոխադարձ աջակցությունն սպառնալիք է Իսրայելի համար» վերնագրով հոդվածը։
«Չնայած քննարկումների մեծ մասը կենտրոնացած է Հայաստան-Ադրբեջան պատերազմի վրա՝ որպես պրոքսի՝ Ռուսաստանի և Թուրքիայի տարածքային նկրտումների համար, Հայաստանին աջակցելու գործում Իրանի դերն արժանի է ավելի լայն ուշադրության, մասնավորապես՝ տարածաշրջանում Իսրայելի շահերի վրա դրա հնարավոր ազդեցության առումով»,- նշել է հակաիրանական քաղաքականության ջատագով Ցուկերմանը։
«WikiLeaks»-ի կողմից հրապարակված ԱՄՆ Պետդեպարտամենտի փաստաթղթերի համաձայն՝ Հայաստանն անցյալում Իրանին մատակարարել է սպառազինություն, որը հետագայում օգտագործվել է ամերիկացի զինվորների սպանության համար։ Մյուս կողմից՝ Իրանն աջակցել է Հայաստանին այնպիսի կարևոր հարցերում, ինչպիսին է Լեռնային Ղարաբաղի շրջանի օկուպացիան Հայաստանի կողմից»,- գրել է Ցուկերմանը։
Հավելենք, որ այստեղ Ցուկերմանը հղում է կատարել 2010 թվականի «WikiLeaks»-ի հրապարակումներին, որից մեկը ներկայացնում է 2008 թվականի դեկտեմբերի 24-ին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջոն Նեգրոպոնտեի՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանն ուղղված ուղերձը։ Դրանում մտահոգություն է արտահայտվում իբր Հայաստանից Իրանին վաճառված զենքի մասին, որով իբրև թե հետագայում Իրաքում սպանվել և վիրավորվել են ամերիկյան զինծառայողներ:
2011 թվականին Эхо Москвы ռադիոկայանին տված հարցազրույցում ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանն արձագանքել էր «WikiLeaks»–ի հրապարակած փաստաթղթերին․«Կասեմ, որ Հայաստանը երբեք զենք չի վերավաճառել և չի վաճառել Իրանին։ Մեր երկրների միջև գոյություն չունի ռազմատեխնիկական համագործակցություն։ Նման բաներ երբեք չեն եղել»։
Խեղաթյուրված ներկայացնելով իրականությունը 44-օրյա պատերազմի ընթացքում՝ այս պարագայում Ցուկերմանն անտեսում է Բաքվի ու Թեհրանի սերտ կապերը՝ փորձելով Ադրբեջանի համար ապահովել ԱՄՆ-ի աջակցությունը։
Ի դեպ, «Jewish National Syndicate»-ը տարիներ շարունակ զբաղվում է Ադրբեջանի քարոզչությամբ։ Այստեղ կարելի է գտնել Բաքվի քարոզչական նարատիվներով տարաբնույթ հոդվածեր։ Այսպես՝ 2025 թվականի հուլիսին այս լրատվականը հրապարակել է «Ամերիկան չի կարող արհամարհել Մեծամորի ատոմակայանում դանդաղ գործող ռումբը» վերնագրով հոդվածը։ Նշված է, իբր թե ատոմակայանը «ժամանակի ռումբ է Հարավային Կովկասի սրտում, և Մեծամորում վթարը ոչ միայն կվտանգի Հայաստանը, այլև կարող է անկայունացնել ամբողջ տարածաշրջանը»։
Հարկ է նշել, որ 2022 թվականի հոկտեմբերին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին անձամբ էր այցելել Մեծամորի ատոմակայան՝ բարձր գնահատելով կայանի աշխատանքը։ «Հայաստանի տնտեսությունը հենված է Մեծամորի ատոմային էլեկտրակայանի վրա, և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը շարունակելու է իր աջակցությունն առաջարկել՝ օգնելու ատոմակայանին ցածր ածխածնային էներգիան մատակարարել ապահով և անվտանգ կերպով։ Ուրախ եմ տեսնել Մեծամորում արված անվտանգային բարեփոխումները, տպավորված եմ նվիրված անձնակազմի հանձնառությամբ»,- գրել է Գրոսսին «X»-ի իր միկրոբլոգում։
Պետք է հիշեցնել Ի․ Ցուկերմանին, որ 2020 թվականի հուլիսին՝ տավուշյան մարտերի ժամանակ, Ադրբեջանի ՊՆ խոսնակն սպառնացել էր, որ ժամանակակից հրթիռային համակարգերը, որոնք գտնվում են ադրբեջանական բանակի զինանոցում, կարող են մեծ ճշգրտությամբ հարվածել Մեծամորի ԱԷԿ-ին։ Ասել է թե՝ Մեծամորի ատոմակայանին եթե վտանգ էլ սպառնա, ապա կլինի Ադրբեջանից։
2020 թվականի հունվարին «JNS»-ի նախկին գլխավոր խմբագիր Ջեյքոբ Կամարասը հիմնադրել է Stellar Jay Communications PR ընկերությունը, որի պատվիրատուներից է նաև Ադրբեջանի կառավարությունը։ Վերջինս 2020 թվականին ընկերությանը վճարել էր 92,600 ԱՄՆ դոլար:
2020 թվականի հոկտեմբերի 20-ին «Newsweek»-ում (ամերիկյան լրատվամիջոց) հրապարակվել է Ի․Ցուկերմանի մեկ այլ հոդված՝ «Արևմտամետ Ադրբեջանն արժանի է Ամերիկայի աջակցությանը» վերնագրով․ համահեղինակ Ջեյսոն Էփշտեյն։
Իրենց բացահայտ աջակցությունը հայտնելով Բաքվին՝ հոդվածագիրները նշել են, որ «միասնական են սունի մեծամասնությամբ Թուրքիայի շիա դաշնակից Ադրբեջանին աջակցելու հարցում, որը բացահայտ արևմտամետ երկիր է, որը որոշակի քաղաքական, դիվանագիտական և լրատվական շրջանակներում անարդարացիորեն զրպարտվում է հարևան Հայաստանի հետ արյունալի կռվի վերջին փուլում՝ ինքնապաշտպանվելու համարձակության համար»։
Հարկ է հիշեցնել, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմում ոչ թե հայկական կողմն էր պատերազմ սանձազերծել, այլ Ադրբեջանը՝ ռազմական ագրեսիա սկսելով Արցախի դեմ, իրականացնելով ռազմական մի շարք հանցագործություններ։
Հոդվածի հեղինակները, առաջ մղելով ադրբեջանական կեղծ թեզերը, գրել են, թե իբր 1991 թվականին՝ անկախության հռչակումից հետո, «Կրեմլի աջակցությամբ Հայաստանը ներխուժել է Ադրբեջան, որի արդյունքում գրավվել վերջինիս տարածքի մոտ 20 տոկոսը: Գրեթե մեկ միլիոն ադրբեջանցիներ դարձել են ներքին տեղահանվածներ»։ Հրապարակումն ավարտվում է ԱՄՆ-ին ուղղված կոչով՝ աջակցել Ադրբեջանին։
Հավելենք, որ Ցուկերմանի հետ հոդվածի համահեղինակ Էփշտեյնը Southfive Strategies LLC միջազգային հասարակայնության հետ կապերի խորհրդատվական ընկերության նախագահն է: «Southfive»-ի հաճախորդների թվում են եղել Բաքվում Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիան` ADA համալսարանը։ Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայի հետ Էփշտեյնի աշխատանքն սկսվել է դեռևս 2008 թվականի օգոստոսի 1-ին, երբ նա գրանցվել է որպես օտարերկրյա գործակալ ԱՄՆ Արդարադատության նախարարության FARA (Օտարերկրյա գործակալների գրանցման մասին ակտ) բաժնում։
Աջակցություն Արցախում հայերի բռնի տեղահանմանն ու էթնիկ զտմանը
Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ի․Ցուկերմանն ակտիվորեն շարունակել է առաջ մղել Բաքվի քարոզչական նարատիվները, արդարացնել ԼՂ-ի հայերի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան, դրան հաջորդած բռնի տեղահանումն ու էթնիկ զտումը։
Իր հարցազրույցներում նաև աջակցել է Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքի փակման ու Արցախում հումանիտար ճգնաժամի ստեղծման քաղաքականությանը։
2023 թվականի օգոստոսին նա իր դժգոհությունն է հայտնել, որ Հայաստանը, ԼՂ-ի շրջափակման հարցի հետ կապված, դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ արտակարգ նիստ հրավիրելու համար։ Ըստ Ցուկերմանի՝ Հայաստանի այդ փորձը ոչ կառուցողական քայլ է, և որ Հայաստանի քայլը խաթարում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի բանակցությունների ընթացքը։
Ադրբեջանի իշխանություններին հաճոյանալու մոլուցքով տարված Ցուկերմանը հակամարդասիրական հայտարարություններ է անում՝ փաստացի կոչ անելով միջազգային օգնություն չտրամադրել Արցախի բնակչությանը․ «Անհեթեթություն է․ պնդել, որ Ղարաբաղի հայ բնակչությունը կարիք ունի օտարերկրյա մարդասիրական օգնության, երբ Բաքուն նրանց առաջարկում է քաղաքացիություն և նույն իրավունքները, ինչ երկրի մյուս բոլոր բնակիչներին»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում


















































