Գյումրեցի ընդդիմադիր քաղաքական գործիչ, նախկին իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը, որին խուլիգանություն կատարելու կասկածանքով մեղադրանք էր առաջադրվել 2024 թվականի հունիսի 5-ին Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքին ու ավտոերթին մասնակցելու նպատակով Գեղարքունիքի մարզ կատարած այցի ժամանակ, և որը 8 ամիս շարունակ պատիժ կրելուց՝ բանտախցում գտնվելուց, այնուհետ տնային կալանքի ենթարկվելուց հետո Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Արամ Մարտիրոսյանի կողմից արդարացվեց, ՀՀ գլխավոր դատախազից պահանջել էր ներողություն խնդրել իրենից։
Քրեական հետապնդում հարուցած մարմինը բավարարել է նրա պահանջը․ ներողություն է խնդրել:
Այսօր ընդդիմադիր քաղաքական գործիչը իր ֆեյսբուք սոցիալական ցանցում հրապարակել էր այս մասին՝ շնորհակալություն հայտնելով իր փաստաբաններ Արտակ Նավասարդյանին ու Սլավիկ Պողոսյանին (տես լուսանկարներում)։
Կարդացեք նաև
«ՀՀ դատախազությունը հրապարակային ներողություն է խնդրում ինձանից 2024 թ․-ի հունիսի 5֊ին՝ ինձ ապօրինի ձերբակալելու, կալանավորելու, ութ ամիս շարունակ իմ խոսքի ազատությունը խոչընդոտելու համար։
Ցավալի է, երբ կալանավորում են զուտ հայրենիք սիրելու համար..»,-նման գրառում էր կատարել Կարապետ Պողոսյանը։
Aravot.am-ի հետ զրույցում ընդդիմադիր գործիչն ասաց՝ աննախադեպ երևույթ է Հայաստանի Հանրապետությունում, երբ քրեական հետապնդում իրականացնող մարմինը ներողություն է խնդրում ընդդիմադիր գործչից։
«Աննախադեպ է այն առումով, որ սովորաբար քաղաքական թեմաներով բանտարկվածներին նախ չեն արդարացնում, որպես այդպիսին՝ կարծեմ չկա, կամ 1-2 դեպք կա, բայց ոչ հայտնի։
Արդարացվելուց հետո ես գլխավոր դատախազից պահանջել էի ներողություն խնդրել, բայց ինչպես նկատեցիք, իրենք իրենց կայքում նույնիսկ չէին տեղադրել, իսկ սովորաբար վարկաբեկելուց հենց իրենց կայքում են տեղադրում։ Այս անգամ անծանոթ, անհայտ կայքում էին տեղադրել․ ինձ էլ գրավոր տեղեկացրել էին այդ մասին։
Իհարկե, սա չի կարող որևէ կերպ փոխհատուցել այն վնասը, որը պատճառվել է ինձ՝ քաղաքական հայացքներիս ու հայրենիք սիրելուս համար, բայց միևնույն ժամանակ ինձ համար կարևոր էր։ Երբ ինձ ձերբակալել էին, վարկաբեկիչ հայտարարություններ էին հնչեցրել իմ մասին, նույնիսկ մի քանի լրատվամիջոցներ առանց ստուգելու տեղադրել էին իրենց կայքերում, փորձել էին հանրության մեջ իմ անձը հնարավորինս վատ ձևով ներկայացնել, հետևաբար և մինչև վերջ ես պնդեցի ինձանից ներողություն հայցելը։
Այդ նույն հասարակությունը պիտի տեսնի՝ այն, ինչ իրենք շրջանառել են իմ անվան շուրջ, կեղծ էր։
Եթե հիշում եք, նաև հայտարարել էին, որ իմ մոտից թմրանյութեր, չգիտեմ ինչեր էին հայտնաբերել»,-ասաց Կարապետ Պողոսյանը։
Ըստ նրա, եթե ապրեինք ժողովրդավարական երկրում, ապա հենց այս պահին քրեական վարույթ պիտի նախաձեռնվեր կեղծ ցուցմունքներ տված պարեկների, նրանց հրահանգ տվողների ու իրավական ոլորտի այն աշխատակիցների նկատմամբ, որոնք կեղծ քրեական վարույթը նախաձեռնել էին ու հասցրել ավարտին՝ ցանկություն ունենալով իրեն ազատությունից զրկել։
Հիշեցնենք, որ Կարապետ Պողոսյանը մեղադրվում էր այսպես ասած «Լայվի գործով»։
Պարեկները նրա «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան կանգնեցրել էին Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի՝ Արծվանիստ բնակավայրի հատվածում, դեպի Գեղարքունիքի մարզ ավտոերթի շրջանակներում՝պատճառաբանելով, որ տեխնիկական զննություն չի անցել։
Այնուհետ նրան ձերբակալել էին իրենց նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելու, անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելու կասկածանքով։
Ըստ պարեկների, երբ իրենք Կարապետ Պողոսյանի ավտոմեքենան փորձել էին տեղափոխել Մարտունու բաժին՝ հատուկ պահպանվող տարածք, ճանապարհին «Կարապետ Պողոսյանը իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ ցուցաբերել էր բացահայտ արհամարհական վերաբերմունք», որը դրսևորվել էր ՀՀ վարչապետի, ՆԳ նախարարի ու մյուս բարձրաստիճան ղեկավարների հասցեին անպարկեշտ արտահայտություններով ու հայհոյանքներով։
Ըստ մեղադրանքի, ընդդիմադիր գործիչը իր անձնական օգտագործման հեռախոսի միջոցով ուղիղ հեռարձակմամբ էր կատարել խուլիգանական արարքը։
Դատարանում, սակայն, չհաստատվեցին պարեկների ցուցմունքները, Կարապետ Պողոսյանի փաստաբաններն ապացուցեցին, որ նա ոչ միայն իրավական, այլ բարոյական նորմ չի խախտել․ ընդդիմադիր գործիչը լայվի ժամանակ օգտագործել է ճիշտ այն բառապաշարը, որը օգտագործում են երկրի օրենսդիր ու գործադիր իշխանությունների ներկայացուցիչները, մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ





















































