Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է սփյուռքահայ արվեստագետներին ներկայացնող «Մոդեռնիզմի հոսքեր» ցուցահանդեսը: Ներկայացված է ավելի քան 40 արվեստագետների շուրջ 100 աշխատանք՝ Գառզու, Երվանդ Քոչար, Հարություն եւ Արմինե Կալենցներ, Հովհաննես Ալխազյան, Ժիրայր Օրագյան, Հակոբ Գյուրջյան, Գեորգի Յակուլով, Հակոբ Հակոբյան, Վահան Ամատունի եւ այլք:
Համադրողներն են Հասմիկ Բադալյանը եւ Վիգեն Գալստյանը:
«Սա թեմատիկ հետազոտական ցուցահանդես է, որն անդրադառնում է 20-րդ դարի հայ արվեստի առանցքային ժամանակաշրջանին 1940-ականներից մինչեւ 60-ականների վերջը: Դա մի ժամանակահատված էր, երբ հայկական մշակույթը եւ արվեստը շատ բարդ իրադարձությունների միջով էին զարգանում:
Կարդացեք նաև
Ցուցահանդեսի նպատակն է վեր հանել մինչ օրս ոչ այդքան հետազոտված կամ գիտակցված, նույնիսկ անտեսված կապերը, որոնք գոյություն ունեին Խորհրդային Հայաստանի եւ Սփյուռքի արվեստային շրջանակների միջեւ, եւ որոնց շնորհիվ Խորհրդային Հայաստան էին ներթափանցում արեւմտաեվրոպական մոդեռնիզմի տարբեր հոսանքներ: Դա շատ կարեւոր էր արվեստի եւ մշակույթի զարգացման համար՝ տոտալիտար համակարգի պայմաններում:
Սա մինչ օրս պատշաճ ձեւով գիտակցված հետագիծ չէ: Իմ եւ համահամադրող Հասմիկ Բադալյանի ցանկությունն ու նպատակն էր փորձել հասկանալ, թե ինչպես էին այդ հարաբերությունները ձեւավորում Խորհրդային Հայաստանի արվեստի զարգացումը, երբ շատ կտրուկ քաղաքական փոփոխություններ էին տեղի ունենում, ինչպես օրինակ, ստալինյան բռնաճնշումներից անմիջապես հետո սկսված ձնհալը, բրեժնեւյան լճացումը եւ այլն:
Ցուցահանդեսը հնարավորություն է տալիս գիտակցելու, որ Խորհրդային Հայաստանի արվեստը զարգանում էր Խորհրդային Միության մշակութային եւ քաղաքական հրահանգներից փոքր-ինչ դուրս: Կային պատուհաններ, որոնց միջոցով տեղական մշակույթը առնչվում, առերեսվում եւ ազդվում էր դրսում կատարվող մշակութային եւ արվեստային իրադարձություններից, ինչում առանցքային դեր է խաղացել հենց սփյուռքահայ մշակութային շրջանակները»,- լրագրողների հետ զրույցում նշեց Վիգեն Գալստյանը:
«Ամբողջովին հիմնված Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուի վրա՝ այս հետազոտական դիտարկումը նոր հայացք է առաջարկում, ցույց տալով, թե ինչպես էին Խորհրդային Հայաստան – Սփյուռք արվեստային փոխառնչությունները շարունակում զարգանալ Սառը պատերազմի գաղափարական եւ քաղաքական սահմանափակումներին հակառակ։
«Մոդեռնիզմի հոսքեր» ցուցահանդեսը նաեւ ցույց է տալիս, թե ինչպես այս արվեստային հաղորդակցությունները ձեւավորեցին մի փխրուն, բայց ծավալուն ցանց Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ՝ նպաստելով հետցեղասպանական հայկական մշակութային իրականության մասնատվածության սպիացմանը։ Սա պատմական գործոն է, որը խնդրականացնում է խորհրդահայ արվեստի «հերմետիկության» վերաբերյալ ընդունված պատկերացումները՝ առաջարկելով 20-րդ դարի հայկական մոդեռնիզմի ավելի փոխկապակցված եւ բազմակենտրոն տեսլական»,-փաստում են համադրողները:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ



























































