Լրահոս
Օրվա լրահոսը

Թեեւ չի հայտնաբերվել հանցագործության գործիքը. Ուսանողի գործով

Նոյեմբեր 27,2025 13:00

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2024 թ. մայիսի 2-ի որոշմամբ կայացվել էր մեղադրական վերդիկտ Վահե Բ-ի գործով: Իսկ հունիսի 14-ի դատավճռով Վահե Բ-ն մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, նրա նկատմամբ պատիժ էր սահմանվել 5 տարի ժամկետով ազատազրկումը: Ազատազրկման ձեւով նշանակված պատժին հաշվակցվել էր Վահեի անազատության մեջ գտնվելու 3 օրը: Նրա նկատմամբ խափանման միջոցը տնային կալանքն էր եւ բացակայելու արգելքը:

Պաշտպան Ա.Կարապետյանը վերաքննիչ բողոք էր բերել: Սեպտեմբերի 20-ին բողոքը մերժվել էր:

Այս տարվա մարտից վճռաբեկ բողոքը դատարանում էր:

Ըստ մեղադրանքի կողմի, երիտասարդը, ով ուսանող է, մարմնական վնասվածք էր հասցրել տուժողին նախապես պատրաստած դանակով: Պաշտպանական կողմի տեղեկացմամբ`նախաքննության ժամանակ չէր հայտնաբերվել դանակը, իսկ դանակի գործադրմամբ անձի առողջությանը ծանր մարմնական վնասվածք հասցնելը դեռ չի նշանակում, թե բոլոր նմանատիպ դեպքերը համապատասխանում են օրենսգրքում նշված հոդվածների հանցակազմին:

Բողոքաբերը համաձայն չի եղել մեղադրանքում տեղ գտած «նախապես պատրաստված, հարմարեցված առարկա» ձեւակերպմանը, քանի որ, ըստ նրա, նախաքննության ժամանակ ձեռք չեն բերել փաստական տվյալներ, տեղեկություններ դանակը կամ սուր-ծակող-կտրող գործիքը նախապես մարմնական վնասվածք պատճառելու համար վերցնելու մասին: Այսինքն, կան չփարատված կասկածներ, որոնք հօգուտ մեղադրյալի պետք է մեկնաբանվեն:

Վահե Բ-ն, ըստ պաշտպանական կողմի, ներկայացել է ոստիկանության բաժին կամավոր, իսկ առաջին-երկու դատարանները հաշվի չեն առել մեղմացուցիչ մի քանի հանգամանքներ, այդ թվում, նաեւ կամավոր ներկայանալը: Դատարանում նշվել էր, որ ձերբակալվել է, տարվել Սպիտակի բաժին…

Դեպքը տեղի էր ունեցել երկու տարի առաջ, Սպիտակ համայնքի Շիրակամուտ բնակավայր տանող ճաապարհին, անձնական հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ, Վահե Բ-ն դանակով հարվածել է տուժողի մարմնի ձախ հատվածին`կրծքավանդակի կողմնային մակերեսին (ըստ փորձագետի, մի փոքր շեղումը կարող էր վրա բերել մահ):

Ի դեպ, առաջին ատյանի դատարանն արձանագրել էր. «Թեեւ չի հայտնաբերվել հանցագործության գործիքը, սակայն տուժողի կողմից ցուցմունքով հայտնած տվյալները, մեղադրյալի եւ տուժողի կողմից բանավոր տրված հաղորդում ընդունելու մասին կազմված արձանագրություններում արտացոլված փաստական տվյալները, համադրելով փորձագետի կողմից տրված եզրակացության հետ, մասնավորապես, որ այն կատարվել է սուր, ծակող-կտրող գործիքի` հնարավոր է դանակի ներգործության հետեւանքով, բավարար են հաստատված համարելու, որ Վահե Բադիկյանը տուժողին մարմնական վնասվածք հասցրել է դանակով հարվածելու արդունքում»:

Վահեն հայտնել էր, որ նախորդ օրը մի մեքենա կպել էր իր թեւին, դրա համար դիմել է վարորդին, ասել, որ պետք չի նման ձեւով մեքենա վարել…

Ապա հաջորդ օրը զանգել են, իրեն հրավիրել են դեպքի վայր։ Ոտքով գնացել է դեպքի վայր, ճանապարհին ստացել է երկրորդ զանգը, այդ ժամանակ ասել են, որ նախորդ օրվա դեպքի հետ կապված են իր հետ ցանկանում հանդիպել։ «Հասնելով դեպքի վայր, տեսել է 3 ավտոմեքենա, մոտ 7-8 անձ, որոնց նախկինում չի ճանաչել։ Այդ անձանց հետ ունեցել է խոսակցություն նախորդ օրվա դեպքի վերաբերյալ, տվել են մի քանի հարց, ինքն էլ չի կարողացել միաժամանակ բոլորին պատասխանել, սկսել է քաշքշուկ եւ ինքը հայտնվել է գետնին։ Այդ ժամանակ գետնին նկատել է առարկա, վերցրել է եւ անկանոն շարժումներ կատարել, հետո խոսակցություններից հասկացել է, որ այդ առարկայով հարված է դիպել վիճաբանության մասնակիցներից մեկին, ում նստեցրել են ավտոմեքենան եւ հեռացել դեպքի վայրից։ Ինքը զանգահարել է մորեղբորը, որից հետո գնացել է տուն եւ տատիկից տեղեկացել, որ երկու անձ իրեն են փնտրել, նաեւ տունն են խուզարկել, հասկացել է, թե ինչի համար են եկել այդ անձինք։ Զանգահարել է մորեղբորը, պատմել եղելությունը, որից հետո մորեղբոր ընկերոջ հետ ներկայացել է ոստիկանության Սպիտակի բաժին։ Ոստիկանության աշխատակիցը հարցրել է, թե նա է դանակով հարվածել, ինքն էլ դրական պատասխան է տվել, խոստովանել իր գործած հանցանքի մասին եւ ոստիկանության աշխատակիցները նրան ասել են, որ եթե ասի, որ դեպքի վայրում երկուսով են եղել, գործն ավելի արագ կընթանա։ Քննիչն իրեն ասել է, որ եթե մեղադրյալը օգնում է գործի բացահայտմանը, ապա պատիժը ավելի մեղմ է լինում, ինքն էլ տվել է դանակի հորինված նկարագրություն, փորձելով մեղմացնել իր վիճակը եւ ոստիկանության աշխատակիցներին ուղղորդել է դեպքի վայր։ Պաշտպանի հետ խորհրդակցելուց հետո հասկացել է, որ պետք է տա ճշմարտացի ցուցմունք՝ իրականությանը համապատասխանող», արձանագրվել էր դատական նիստում:

Դատարաններում որոշակի գնահատականի պիտի արժանանար Վահեի ասածներից` որ երբ ավտոմեքենան դեպքի նախորդ օրը դիպել է իրեն, այդ ժամանակ փողոցը լուսավորված չի եղել եւ ավտոմեքենայի մակնիշը չի տեսել, տնից ոտքով է գնացել դեպքի վայր, իր մոտ դանակ չի եղել, տեղյակ չի էլ եղել քանի անձ են իրեն սպասում, չի հիշում, թե իրեն քանի հոգով են քաշքշել, հետո հարվածել, որի պատճառով ինքը հայտնվել է գետնին, ինքը փոխադարձ քաշքշոցի միջոցով ցանկացել է պաշտպանվել, ինչ-որ առումով գնահատական պիտի տրվեր նաեւ տուժողի, նրա հետ եկածների գործողությունններին, վարքագծին: Վահեն նույնպես ստացել է մարմնական վնասվածքներ: Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Վահեի մարմնական վնասվածքները՝ ձախ արմնկահոդի շրջանի, ձախից կրծքավանդակի առաջնային մակերեսի, աջից ճակատի քերծվածքները հասցվել են բութ, կոշտ առարկաների վնասվածքների տեղակայման շրջաններում առնվազն մեկական ներգործությունների հետեւանքով, հնարավոր է գործի հանգամանքներում նշված ժամկետում եւ պայմաններում, որոնք ինչպես համակցության մեջ, այնպես էլ առանձին-առանձին առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չեն պարունակում:

Դատարանն արձանագրել էր, որ տուժողի նախաքննական եւ դատաքննական ցուցմունքների միջեւ էական հակասություն կար: Նա հայտնել էր, որ դեպքի օրը ավտոմեքենայով ընթանալիս է եղել դեպի Շիրակամուտ գյուղ՝ քրոջ տուն։ Ճանապարհին տեսել է Վահեին, նրան նախկինում չի ճանաչել, ուղղակի գիտի, որ նա Ջրաշենից է, ավտոմեքենայով կանգնել է ճանապարհին, Վահեն մոտեցել է, սկսել են խոսել, սակայն չի հիշում, թե ինչ են խոսել, հետո քաշքշուկ է տեղի ունեցել, որի ընթացքում Վահեն դանակով հարվածել է իրեն, մինչեւ դանակով հարվածելը իրենք միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել, ինքը նրան է հարվածել, Վահեն՝ իրեն, հարվածները եղել են ձեռքով՝ մարմնի տարբեր մասերին։ Ինքը միայնակ է եղել իր Լեքսուս մակնիշի ավտոմեքենայում, այլ մարդիկ կամ ավտոմեքենաներ շրջակայքում չեն եղել։

Դատական տեղեկատվական համակարգից երեկ տեղեկացանք, որ նոյեմբերի 21-ին ՀՀ վճռաբեկ դատարանը փոխել է ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռն ու վերաքննիչ դատարանի որոշումը, Վահեն անազատության մեջ կկրի 2 տարի 11 ամիս 27 օր ժամկետով իր պատիժը: Պատժի կրման սկիզբը հաշվել 2023 թվականի հուլիսի 12-ից:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.11.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930