Լրահոս
Օրվա լրահոսը

Թող «այո»-ն «այո» լինի, «ոչ»-ը՝ «ոչ»

Նոյեմբեր 27,2025 10:00

Ես հասկանում եմ, երբ իշխանության քարոզիչներն ասում են․ «Ով դեմ է մեր առաջնորդին, նա կա՛մ ռսի շպիոն է, կա՛մ ապուշ»: Անկախ նրանից, թե որքանով է այդ դիրքորոշումն անկեղծ, դա դիրքորոշում է։ Ես հասկանում եմ նաեւ, երբ այս իշխանությունները, ինչպես նախորդ բոլոր իշխանությունները, ասում են, որ իրենց դեմ «խաղ չկա»: Դուք կարող եք բողոքել, չհամաձայնվել, զգուշացնել, որ դա պատրանք է, կարեւոր չի՝ դա հին (34 տարվա) հայկական քաղաքական ավանդույթ է։

Ինձ համար ավելի խնդրահարույց է, երբ մարդիկ ընդհանրապես խուսափում են դիրքորոշում հայտնելուց։ Օրինակ՝ հոգեւորականները։ Դուք համաձա՞յն եք, որ պատարագի ժամանակ կարելի է չարտասանել Ամենայն հայոց կաթողիկոսի անունը։ Այո՞, թե՞ ոչ։

Դուք համաձա՞յն եք, որ կարգալույծ քահանան, այսինքն՝ աշխարհականը, կարող է պատարագ մատուցել։ Ուրեմն ինձ է՞լ է կարելի։

Դուք համաձա՞յն եք, որ վարչապետը Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին «Կտրիճ Ներսիսյան» է անվանում։

Դրանք, ինչպես ընդունված է ասել լրագրության մեջ, «փակ հարցեր» են, որոնք ենթադրում են միայն դրական կամ բացասական պատասխաններ։ Ոչ թե մեկ ժամ խոսելով՝ խուսանավել, մեր լեգենդար ֆուտբոլիստ Լեւոն Իշտոյանի նման «խաբսեր տալ», ոչ թե նույնիսկ հայտարարել, որ «եպիսկոպոսաց դասը դատապարտելի է համարում» (որ դատապարտելի է համարում, հետո՞ ինչ՝ հաջորդ կիրակի կարելի՞ է դա անել, թե՝ ոչ), այլ անհատապես եւ հստակ ասել՝ «այո» կամ «ոչ»: «Ձեր խոսքը թող լինի «այո»-ն «այո» եւ «ոչ»-ը՝ «ոչ». սրանից ավելին չարից է» (Մատթեոս 5:37)։

Նույն միանշանակ վերաբերմունքն է պահանջվում մնացած հարցերում։ Մեզանում կան ուղեղները լվացած քաղաքացիներ, որոնք կարծում են, թե անազատության մեջ հայտնված մեր եպիսկոպոսները ահաբեկիչներ են։ Կան նաեւ ցինիկ քարոզիչներ, որոնք դա պնդում են «ի պաշտոնե»: Դարձյալ կարեւոր չէ՝ դա անկեղծ է ասվում, թե պարզապես մարդկանց խաբելու համար։

Բայց կան մարդիկ, որոնք կամ լռում են, կամ էլ՝ չասելով «այո» կամ «ոչ», սկսում են «խաբսեր տալ»՝ «բա որ Սերժի վախտ…», կամ՝ «բա որ կաթողիկոսը զավակ ունի»: Բայց ինձ համար հատկապես անընդունելի են նրանք, ովքեր լռում են, վախենում են ծպտուն հանել։ Կամ, ավելի ճիշտ՝ վախենում են, բայց ձեւ են անում, թե անտարբեր են՝ «բոլորն իրար արժեն» ասելով:

Մինչդեռ քաղբանտարկյալների հարցով դիրքորոշում պետք է հայտնեն բոլոր նորմալ քաղաքացիները։ Ոչ թե ՀՀԿ-ականներին պաշտպանեն ՀՀԿ-ականները, դաշնակցականներին՝ դաշնակցականները։ Դա «հաշիվ չի»՝ սկզբունքային «այո»-ն կամ «ոչ»-ը կուսակցություններ եւ «թայֆաներ» չի ճանաչում։

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930