Ինֆոքոմ. Հայաստանում հաշվառված է Արմեն Ղազարյան անուն-ազգանունով 643 մարդ։ Ի տարբերություն Արմեն Ղազարյանների, Հայաստանում շատ չեն Մոհամադ Մաքքի, Գարեգին Հովիկյան, Արգիշտի Սահինյան, Արիկ Սուքիասյան, Վահան Խալոյան անունները կրող մարդիկ։
Մայիսի 13-ին ՔՊ կուսակցությանը 2.5 միլիոն դրամ է փոխանցել Գարեգին Հովիկյանը։ Վերջինս «Ա. Մելքոնյան» ընկերության սեփականատերն է, որն ավելի հայտնի է «Կաթենի» կաթնամթերքի ապրանքանիշով։ Մեկ ամիս անց էլ Գարեգին Հովիկյանի եղբայրը՝ Հրանտ Հովիկյանն է ՔՊ-ին փոխանցել 2 միլիոն դրամ։
Հատկանշական է, որ «Ա. Մելքոնյան» ընկերության «խելացի» անասնաշենքը կառուցվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող «խելացի» անասնաշենքերի կառուցման պետական օժանդակության ծրագրի շրջանակներում։
Երկու նվիրատու 2.5-ական միլիոն դրամ են փոխանցել արդեն մայիսի 14-ին, 6 նվիրատու՝ մայիսի 15-ին, ևս 1-ը՝ մայիսի 16-ին։ Վերջին նվիրատուն Հակոբ Նազարյանն է՝ ԱԺ նախկին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին անդամ։ Նազարյանը 2023 թվականին հիմնադրված «Արմ-պրոֆիտ» ընկերության տնօրենն է։ Ընկերությունն իրականացնում է Կոտայքի մարզի Զովունի գյուղում «Նաիրի 2» բնակելի համալիրի կառուցապատումը։ Նազարյանի փոխանցումից մեկ օր առաջ 2․5-ական միլիոն դրամներ են փոխանցել վերջինիս կինը՝ Լիլիթ Նազարյանը, 19-ամյա դուստրը, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված Տիգրան Մարոյանը և Էլմիրա Մարոյանը։
Թեև «Նաիրի 2» բնակելի համալիրի կառուցապատման շինարարական թույլտվությունը Նազարյանի ընկերությունը ստացել է 2025 թվականի փետրվարի 19-ին, անշարժ գույքի գործակալության կայքում, որն իրականացնում է համալիրի բնակարանների վաճառքը, նշված է, որ կառուցապատումը մեկնարկել է 2024 թվականի ապրիլի 1-ին։
2023 թվականի դեկտեմբերի 20-ին Երևանի քաղաքապետարանը մեկ անձից գնման պայմանագիր է կնքել «Տիգրան Մարոյան Յուրիի» ԱՁ-ի հետ։ Վերջինս 71 միլիոն դրամի դիմաց իրականացրել է սուրբծննդյան տոնավաճառի տաղավարների պատրաստում, տեղադրում և ապամոնտաժում։
Մայիսի 14-ին 2.5 միլիոն դրամի նվիրատվություն կատարած անձանցից մեկը Վահան Խալոյանն է, վերջինս ներկայանում է որպես «ՎՄՎ Քամփանի» ընկերության տնօրեն։ 2019-ի վերջին հիմնված այս ընկերությունը 2020 թվականից ակտիվորեն մասնակցում է պետական գնումներին և միայն 2024 թվականին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ կնքել է ավելի քան 1.2 միլիարդ դրամի պայմանագրեր՝ ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների համար։ Թեև որպես ընկերության տնօրեն ներկայանում է Վահան Խալոյանը, սակայն իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալների համաձայն՝ ընկերության միակ բաժնետերը և տնօրենը Շուշիկ Խալոյանն է, որը գրանցված է նույն հասցեում, ինչ նախկինում Վահան Խալոյանը, իսկ այժմ՝ նրա հայրը։
Նույն օրը ՔՊ կուսակցությանը խոշոր՝ 2 միլիոն դրամի նվիրատվություն է կատարել Ղևոնդ Էմյանը։ Վերջինիս «Գոլդ Ֆաերվորկ» ՍՊԸ-ով և «Ղևոնդ Էմյան Գևորգի» Ա/Ձ-ով 2019 թվականի մայիսին Վարչապետի աշխատակազմի հետ կնքել է երկու պայմանագիր՝ մեկը՝ «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների կազմակերպման և սպասարկման ծառայությունների, մյուսը՝ մշակութային միջոցառումների կազմակերպման և սպասարկման ծառայությունների մատուցման համար։ Երկու պայմանագրերն էլ կնքվել են հրատապ մեկ անձից ընթացակարգով, իսկ պայմանագրերի ընդհանուր գինը կազմել է շուրջ 1.4 միլիոն դրամ։
Ընդհանուր առմամբ, մայիսի 13-17-ն ընկած ժամանակահատվածում ՔՊ կուսակցությունը ստացել է ավելի քան 34 միլիոն դրամի նվիրատվություն, որից 32 միլիոնը՝ 1 միլիոն և ավելի դրամ փոխանցած 13 նվիրատուներից։
Ոսկե շաբաթ․ 3 օրում՝ 29 միլիոն դրամ
Հաշվետվության համաձայն՝ 2024 թվականի մարտի 29-ին ՔՊ կուսակցությանը 2.5-ական միլիոն դրամ են փոխանցել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ Մաազա» ընկերության տնօրեն Արգիշտի Սահինյանը, «Սիլ Կոնցեռն» ընկերության տնօրեն Էդգար Մկրտչյանը և «Սիլ» հանքային ջրերի գործարան ՍՊԸ տնօրեն Վահագն Ալեքսանյանը։ Երկու օր անց՝ ապրիլի 1-ին, ՔՊ կուսակցությանը 2.5 միլիոն դրամ է փոխանցել Արիկ Սուքիասյանը՝ Խաչատուր Սուքիասյանի եղբոր՝ Ռոբերտ Սուքիասյանի որդին։
Հենց նույն օրը ՔՊ-ին 2.5 միլիոն դրամ է փոխանցել նաև Մոհամադ Մաքքին։ Վերջինս այժմ Հայաստանի քաղաքացի է, սակայն նախկինում եղել է Սիրիայի քաղաքացի, ունի Հայաստանում գրանցված ընկերություն՝ «Իմպերիալ լայֆսթոք» ՍՊԸ-ն, որը զբաղվում է կենդանիների մեծածախ առևտրով։ Ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների՝ նույն անունով անձից մի նվիրատվություն էլ 2022 թվականին ստացել էր «Իմ քայլը» հիմնադրամը՝ 50 հազար ԱՄՆ դոլար չափով, իսկ 2020 թվականին՝ Մատենադարանը՝ հրատարակչական ծրագրերի իրականացման համար:
Ապրիլի 1-ին 2․5 միլիոն դրամի նվիրատվություն է կատարել նաև Տիգրան Աֆոյանը, որի ընտանիքին են պատկանում ճանապարհների և ավտոմայրուղիների շինարարությամբ զբաղվող «Վեհ Իշխանասար» և «ՎԱՌՄԱՇ» ՍՊԸ-ները։ «Վեհ Իշխանասար» ՍՊԸ-ն միայն 2024 թվականին Տավուշի մարզպետարանի հետ կնքել է ավելի քան 640 միլիոն դրամի աշխատանքների իրականացման պայմանագրեր։
Ապրիլի 1-ին 2.5-ական միլիոն դրամ են փոխանցել ևս 4 նվիրատու, որոնց, սակայն, նույնականացնել չի հաջողվել։
Ընդհանուր առմամբ մարտի 29-ին, ապրիլի 1-ին և ապրիլի 2-ին 12 անձ կատարել է 29 միլիոն դրամի նվիրատվություն։


















































