«Դի Էս Էյ խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, ՊԵԿ նախկին նախագահ, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության առաջնորդ Արման Թաթոյանի երեկվա ասուլիսի շուրջ առաջացած աղմուկը օրվա ընթացքում գնալով ուժգնացավ՝ դադարելով լինել պարզապես ամենօրյա հերթական քննարկվող իրադարձություն։ Եթե ուշադիր դիտենք արձագանքներին, մի բան հստակ պարզ է դառնում․ ասուլիսը հասավ իր թիրախին։
Ե՛վ իշխանական թևը, և՛ ընդդիմադիր որոշ շրջանակներ գրեթե միաժամանակ սկսեցին թիրախավորել, սրել հարձակումները և կոշտ արձագանքել Թաթոյանի հասցեին, և հենց սա է ապացույցը, որ նրա խոսքը դիպել է քաղաքական դաշտի ամենացավոտ կետերին։
✦ Կոռեկտության մասին
Կարդացեք նաև
Թաթոյանը ոչ մեկին չի վիրավորել, չի նվաստացրել, չի սերմանել ատելություն։ Նա խոսել է հանգիստ, կոռեկտ, բայց խորքային ճշմարտություններով։
Եվ հենց այդ կոռեկտ, հավասարակշռված խոսքն է, որ խախտեց քաղաքական դաշտի «հարմարավետ» հաշվարկները։ Քանի որ, երբ ճշմարտությունն ասվում է առանց հայհոյանքի, առանց վիրավորանքի, առանց ցածր մակարդակի լեզվի, բայց ուղիղ՝ առանց շեղվելու, դա քաղաքական դաշտում առաջացնում է ամենաուժեղ անհանգստությունը։
Երեկվա վայնասունը սկսվեց ոչ թե ասուլիսի հիմնական գաղափարներից, այլ մի արտահայտությունից՝ «վիզը կպոկեմ»։
Այս ամբողջ աղմուկը ցույց տվեց մեկ կարևոր բան ևս․ «վիզը կպոկեմ» արտահայտության հնչերանգը ոչ մեկին չէր անհանգստացնում այնքան, որքան դրա իմաստային հեղափոխությունը՝ համակարգը հիմքից փոխելու այն վերաբերմունքը, որով տարիներ շարունակ պաշտոնյան իրեն զգացել է «տեր» և ոչ «ծառայող»։
✦ Իշխանական նյարդայնությունը՝ բացատրելի
Այն, որ իշխանական շրջանակների նյարդերը այդ աստիճան պրկվեցին, վկայում է նրա մասին, որ կոռեկտ քննադատությունը նրանց համար վտանգավոր է ավելի, քան աղմկոտ ընդդիմախոսությունը։
Թաթոյանի կեցվածքն ու խոսույթը խախտում է հին բևեռականության վրա կառուցված ամբողջ քաղաքական հարմարավետությունը։ Նա բարձրաձայնեց ճշմարտությունը, մասնավորապես, այն, որ նոր քաղաքական դաշտ չի կարող ձևավորվել հին դեմքերի մշտական ստվերի և հին պատմությունների ձևափոխման շուրջ։
Սա հարմար ու ընդունելի չէ հնի համար, որովհետև նշանակում է՝ քաղաքական նոր ուժը չի պարտավորվում խաղալ նրանց ստեղծած «ճակատային» քարտեզով։ Դա էր պատճառը, որ նրանք էլ սկսեցին թիրախավորել նոր քաղաքական ուժի առաջնորդին։
✦ Ի՞նչ է իրականում տեղի ունենում
Այսպիսի սինխրոն նյարդայնություն լինում է միայն այն ժամանակ, երբ ասվածը փոխում է խաղի կանոնները, ոչ թե հերթական անգամ հարմարեցվում է դրանց։
Երեկվանից չդադարող աղմուկը վկայում է նրա մասին, որ Արման Թաթոյանը դուրս է եկել «անվնաս քննադատողների» շրջանակից և դարձել է իրական քաղաքական դերակատար։
Քաղաքական դաշտը չի սիրում, երբ որևէ մեկը խոսում է բարձր մակարդակի կոռեկտությամբ, բայց անզիջում ճշմարտությամբ։ Չի սիրում, երբ նոր ուժը գալիս է ազատ՝ առանց հին կախվածությունների։ Եվ չի սիրում, երբ նոր արժեքային առանցքը վտանգում է հնի և ներկայի գոյության բանաձևը։


















































