Վարչական վերաքննիչ դատարանը հրապարակել է ֆունկցիոնալության բանաձևի գործով որոշումը։
Ցավոք, Վերաքննիչ դատարանն ամբողջությամբ բեկանել է նախորդ տարի կայացված վճիռը և կարճել վարչական գործի վարույթը։
Դատարանի գնահատմամբ՝ հաշմանդամության հիմքով խտրականությունից պաշտպանվելու իրավունքի խախտման մասին չի կարող խոսք գնալ, քանի դեռ անձն օրենքով սահմանված կարգով ճանաչված չէ որպես հաշմանդամություն ունեցող։
Ըստ դատարանի՝ ֆունկցիոնալության գնահատման գործընթացով անցնող անձինք գնահատման փուլում ճանաչված չեն որպես «հաշմանդամություն ունեցող անձ», հետևաբար մենք՝ որպես հաշմանդամություն ունեցող անձանց ներկայացնող կազմակերպություն, չէինք կարող հայցադիմումը ներկայացնել։
Կարդացեք նաև
Այդ պատճառով Վերաքննիչ դատարանն անհրաժեշտ չի համարել անդրադառնալու ներկայացված բողոքների հիմքերին։
Դատարանում մենք բազմիցս վկայակոչել էինք Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոմիտեի ընդհանուր մեկնաբանությունը, որը հստակ նշում է՝ հաշմանդամության հիմքով խտրականության կարող են ենթարկվել ոչ միայն այն անձինք, որոնք ներկայում ունեն հաշմանդամություն, այլ նաև՝
– անձինք, որոնք նախկինում հաշմանդամություն են ունեցել,
– անձինք, որոնց մոտ հնարավոր է ապագայում լինի հաշմանդամություն,
– անձինք, որոնք հասարակության կողմից ընկալվում են որպես հաշմանդամություն ունեցող,
– անձինք, որոնք որևէ կերպ կապված են հաշմանդամություն ունեցող անձի հետ։
Մեր գնահատմամբ սա խտրականությունից պաշտպանության իրավունքի նեղ և վտանգավոր մեկնաբանություն է և հակասում է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի հայեցակարգին։
Որոշումը կբողոքարկենք Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարան: Մենք շարունակելու ենք պաշտպանել հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց իրավունքներն՝ անկախ հաշմանդամության սահմանված լինել-չլինելու հանգամանքից։
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ


















































