Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ-ը իրերը պետք է կոչի իրենց անունով, մեր երկրում քաղբանտարկյալների լինելը դատապարտի. Հովհաննես Իշխանյան

Նոյեմբեր 27,2025 14:58

«Օրերս խորհրդարանական լսումների ժամանակ ես ավելի շատ կենտրոնացել էի Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի ձեւավորման խնդրահարույց լինելու վրա, որովհետեւ ՄԻՊ-ն, ըստ Սահմանադրության, ըստ օրենքի, ինչպես նաեւ Փարիզի սկզբունքներով պետք է լինի անկախ գործիչ, եւ ինստիտո՛ւտը պետք է լինի անկախ: Սակայն Հայաստանի օրենսդրությունն այնպիսին է, որ այդ անկախությունը որեւէ ձեւով չի ապահովվում»,- «Հայելի» ակումբում ասաց վավերագրող, հանրային գործիչ Հովհաննես Իշխանյանը:

«Սահմանադրությամբ նշված է, որ ՄԻՊ թեկնածուի առաջադրումը տեղի է ունենում ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում: Այդ հանձնաժողովում կա 5 ՔՊ ներկայացուցիչ, 2-ը «Հայաստան» դաշինքի եւ 1-ը «Պատիվ ունեմ»-ի: Այսինքն, զգալի մեծամասնությունը ՔՊ-ից է: Ստացվում է, որ իշխանությունը կարող է հանգիստ իր թեկնածուին առաջ տանել եւ դրանից հետո դնել ԱԺ-ում իր ուզած թեկնածուին քվեարկելու համար: ԱԺ-ում անհրաժեշտ է ձայների առնվազն 3/5-րդը ՝ մեր պարագայում 65 հոգի, իսկ ՔՊ-ն ունի 71 պատգամավոր: Այսինքն, միանձնյա 65 հոգով կարող են ընտրել ՄԻՊ-ին, 6 հոգին էլ այդ ընթացքում կարող է գնալ Լոնդոնում «տժժալու»: ՔՊ-ով 65 հոգով ընտրում են մի գործչի, որը պետք է Սահմանադրության համաձայն լինի անկախ, բայց մեր պարագայում այդպես չի լինում»,-հավելում է Հովհաննես Իշխանյանը:

«Իմ առաջարկն ԱԺ-ում այն էր, որ նախ ՄԻՊ ընտրության կարգը փոխվի, հանձնաժողովը, որտեղ պետք է ներկայացնեն թեկնածու, առնվազն հավասար բաշխվածություն ունենա ընդդիմության եւ իշխանության միջեւ: Ընդ որում` ես սա ասում եմ նորմալ Հայաստանի պայմաններում, ոչ թե դավաճանական իշխանության… Օրինակ, հիմիկվա Մարդու իրավունքների պաշտպանը դատախազի նախկին տեղակալն է, դատախազությունից բերել ու դրել են ՄԻՊ, որ մարդկանց պաշտպանի այն կառույցից, որի ներսում ինքն էր: Նախկինում էլ է այդպես եղել: Արման Թաթոյանը արդարադատության նախարարության ներկայացուցիչ էր, հետո դարձավ ՄԻՊ…. Իհարկե իշխանափոխությունից հետո փոխվեցին հարաբերությունների ձեւերը, ինքն անկախացավ»,-ի թիվս այլնի՝ նշեց Իշխանյանը:

Հավելեց, որ քաղբանտարկյալների մասով էլ է առաջարկ արել. «Իմ առաջարկն այդ մասով եւս հարցին ուշադրություն դարձնելն էր, եւ որ Մարդու իրավունքների պաշտպանն իրերը պետք է կոչի իրենց անունով, մեր երկրում քաղբանտարկյալների լինելը դատապարտի, ոչ միայն մտահոգիչ համարի, օրինակ` գնացել քաղբանտարկյալ Լիդյա Մանթաշյանի հետ էր խոսել պահման պայմաններից, սակայն էականը դա չէ, այլ այն, որ ՄԻՊ-ը պետք է զբաղվի Լիդյա Մանթաշյանով եւ մնացած բոլոր քաղբանտարկյալներով, եւ պետք է դատապարտի ամեն օր քաղբանտարկյալների գոյության երեւույթը»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930