Եթե Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանքը ՀՀ գլխավոր դատախազը փոխեց իր նախաձեռնությամբ, ինչո՞ւ նույն իրավական մոտեցումը չի կիրառվում քաղբանտարկյալ Լիդյա Մանթաշյանի նկատմամբ
Այսօր պաշտոնապես դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ պահանջելով նախաձեռնել միակ կին քաղբանտարկյալ Լիդյա Մանթաշյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի հրատապ փոփոխություն։
Հիշեցնեմ, որ դեռ 2024 թ․ փետրվարի 12-ին ՀՀ գլխավոր դատախազը սեփական նախաձեռնությամբ փոխեց Անի Գևորգյանի (ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ) ու Լիլի Մկրյանի նկատմամբ կիրառված կալանքը՝ հիմնավորելով, թե նրանք ցուցմունքներ են տվել, առերեսումներ են կատարվել և այլևս չկա միջամտության ռիսկ։
Ի՞նչ ունենք այսօր.
✔ Լիդիա Մանթաշյանի գործով նախաքննությունն ավարտված է,
✔ Գործը դատաքննության փուլում է,
✔ Միջամտության կամ ճնշման ռիսկեր բացակայում են,
✔ Նա այս գործով միակ կալանավորված կինն է,
✔ Իսկ նրա տեսակցությունների իրավունքը ամբողջությամբ փակված է՝ բացառությամբ մոր և քրոջ:
Եվ հիմա հարց․
Եթե ԱԺ նախագահի եղբոր կնոջ՝ Անի Գևորգյանի կալանքը Գլխավոր դատախազը փոխեց նախաքննության ամենաբարձր ռիսկայնության պահին, ինչո՞ւ նույն իրավական մոտեցումը չի կիրառվում Լիդյա Մանթաշյանի նկատմամբ, երբ ռիսկերը զրոյացված են։
Կարդացեք նաև
🔺Արդյոք արդարադատությունը դարձել է ընտրյալների սպասարկող մեխանի՞զմ։
🔺Արդյոք օրենքը գործում է միայն ընդդիմադիրների՞ համար։
🔺Արդյոք անհամաչափությունն արդեն դարձել է համակարգայի՞ն։
Այս բոլոր պատճառները նկատի առնելով, որպես ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հարցերով հանձնաժողովի ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, ՀՀ գլխավոր դատախազից պահանջում եմ․ հենց իր նախաձեռնությամբ անհապաղ փոխել Լիդյա Մանթաշյանի խափանման միջոցը և ազատ արձակել նրան՝ կիրառելով որևէ այլընտրանքային միջոց։
Այլևս հիմնավորում չկա երիտասարդ կնոջը պահելու բանտում։
Կալանքը չի կարող լինել պատիժ, և չի կարող ծառայել քաղաքական հաշվեհարդարի գործիք։
Այս հարցը ոչ միայն մեկ կնոջ ազատության հարց է, այլ արդարադատության օբյեկտիվության և իրավական համակարգի անկախության ամբողջական խնդիր։
Թագուհի ԹՈՎՄԱՍՅԱՆ
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր


















































