Այսօրվա ասուլիսում «Առավոտ»-ը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին՝ արդյոք չպետք է քրեական գործեր հարուցվեն՝ պարզելու, թե իր հրամանները կամ գործողությունները ի՞նչ հետեւանք են ունեցել ՀՀ համար։
44-օրյա պատերազմի տարբեր դրվագներով քրեական գործեր են հարուցված եւ դատարանների առաջ են կանգնել Արցախի Պաշտպանության բանակի բարձրաստիճան եւ միջին օղակի զինվորականներ։ Այս համատեքստում հնչող գլխավոր հարցն այն է, թե ի՞նչ գործ ունի Փաշինյանն Արցախի զինվորականների հետ, եթե Արցախը «ճանաչել է Ադրբեջանի կազմում»։
Մյուս հարցն այն է, թե արդյոք քննության առարկա չպե՞տք է լինեն հենց Փաշինյանի գործողություններն ու հրամանները․ 2020 թվականի պատերազմից հետո իր ստորագրությամբ հանձնվեցին Քարվաճառն ու Քաշաթաղը, այնուհետեւ Փաշինյանի կողմից հայկական զորքերը հետ քաշելու հրաման տրվեց, ադրբեջանական զինված ուժերն առաջացան ու տեղակայվեցին ՀՀ ռազմավարական բարձունքներին եւ հետագա տարիներին ագրեսիա իրականացրեցին ՀՀ նկատմամբ։
Նիկոլ Փաշինյանը 2021 թվականին ԱԺ ամբիոնից հայտարարել էր՝ «Սյունիքում զորքերի հետքաշման հրամանը անձամբ ես եմ տվել։ Եթե այդ որոշումը չկայացվեր, այնտեղ ռազմական գործողություններ էին սկսվելու, եւ Սյունիքում մենք ունենալու էինք խնդիրներ»։
Կարդացեք նաև
Անդրադառնալով արցախցի զինվորականների վերաբերյալ քրեական գործերին՝ Փաշինյանն ասաց. «Դատավարություններ են ընթանում, թող իրավաբաններն այդ հարցին պատասխանեն, ես հարկ չեմ համարում այդ հարցերին պատասխանել»։
Ինչ վերաբերում է իր գործողություններն ու հրամանները քննության առնելու մասին հարցին՝ նա ասաց. «Այդ քննությունը տեղի է ունեցել, ես այդ գործով հարցաքննվել եմ, քննվել եմ Քննիչ հանձնաժողովում, ավելին՝ քննվել եմ ժողովրդի կողմից։ 2021 թվականի ընտրություններն այդ ամբողջ քննություն են եղել։ Այսինքն՝ պատերազմի հետ կապված մի բան կա, որը որեւէ մեկը չգիտի՞։ Էդ որ ասում եք՝ քրեական գործեր, ձեր կարծիքով այդ քրեական գործերի մեջ ավելին կա, քան հանրությունը գիտի՞։ Դա թյուր կարծիք է։ Եվ հետեւաբար իմ գործողությունները քննվել են, կարող են էլի քննվել եւ շարունակաբար քննվել»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նիկոլ Փաշինյանը հավելեց. «Ես երբեք որեւէ հրաման չեմ տվել ՀՀ որեւէ ինքնիշխան տարածքից ՀՀ որեւէ զորքի հետքաշման մասին։ Իմ գործողությունները քննվել են, էն մնացած մասերով թող էլի քննվեն, թող անընդհատ քննվեն»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































