Լրահոս
Օրվա լրահոսը

Ալավերդու մշակույթի տան վերաբացումը վկայում է գործընկերության և նորարարության զորության մասին. Նաթիա Նացվլիշվիլի

Նոյեմբեր 27,2025 15:21

Ալավերդի, Լոռու մարզ, 26  նոյեմբերի 2025թ – Ալավերդու վերանորոգված մշակույթի տունն այսօր պաշտոնապես բացեց իր դռները՝ նշանավորելով զգալի ձեռքբերում համայնքի մշակութային կյանքում և համայնքային զարգացման գործում։ Բացման արարողությունը մի հարկի տակ էր հավաքել Եվրոպական միության (ԵՄ), Հայաստանի կառավարության, Շվեդիայի դեսպանատան, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), տեղական իշխանությունների ներկայացուցիչներին և համայնքի բնակիչներին։

Վերանորոգումն իրականացվել է Հայաստանի կառավարության, Ալավերդու համայնքապետարանի, ԵՄ կողմից ֆինանսավորվող և ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» (ՀՀՏԶ/M4EG) ծրագրի, ինչպես նաև Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) կողմից ֆինանսավորվող և ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող «Համայնքային կայունության ամրապնդումն էներգաարդյունավետության և ցածր արտանետումներով զարգացման միջոցով» ծրագրի համագործակցության և համաֆինանսավորման շնորհիվ։

Բացման արարողությանը ներկա էին Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Հայաստանում Շվեդիայի դեսպանատան Զարգացման համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սառա Օբերգ Հոպերը,  և Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը։ Միջոցառումը ներառում էր ժապավենի կտրման արարողություն, շրջայց վերանորոգված համալիրում, Ալավերդու մասին ֆիլմի ցուցադրություն և տեղական ստեղծագործական խմբերի մշակութային կատարումներ։

«Եվրոպական միությունը հպարտ է, որ աջակցում է տեղական զարգացումը և մշակութային վերածնունդը խթանող նախաձեռնություններին։ ԵՄ-ի համար մշակութային տարածքներում ներդրումներ կատարելը նշանակում է ներդրում մարդկանց՝ հատկապես երիտասարդների, տաղանդների և ապագա հնարավորությունների մեջ։ Ալավերդու մշակույթի տան վերափոխումը ցույց է տալիս տեղական իշխանությունների, միջազգային գործընկերների և համայնքի բնակիչների միջև համագործակցության ուժը», – ասաց Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։

«Ալավերդու մշակույթի տան վերաբացումը վկայում է գործընկերության և նորարարության զորության մասին՝ համայնքների վերականգնման, ներառական, դիմակայուն քաղաքային տարածքներ ստեղծելու գործում», – ասաց Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին՝ շնորհակալություն հայտնելով բոլոր դոնորներին ու գործընկերներին՝ տեղական կարողությունների ամրապնդման և Ալավերդու քաղաքային կյանքի վերակենդանացման գործում իրենց նշանակալի ներդրման համար։

«Շվեդիան հանձնառու է աջակցելու Հայաստանում կայուն և ներառական զարգացմանը։ Մշակույթի տան էներգաարդյունավետ վերանորոգումը օրինակ է այն բանի, թե ինչպես կարող ենք կառուցել դիմակայուն համայնքներ և հնարավորություններ ստեղծել բոլորի համար», – ասաց Հայաստանում Շվեդիայի դեսպանատան Զարգացման համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սառա Օբերգ Հոպերը։

«Մշակույթի տան վերաբացումը վկայում է այն ամենի մասին, ինչին կարող ենք հասնել գործընկերության և ընդհանուր տեսլականի շնորհիվ։ Այս տարածքը կրկին կդառնա մեր համայնքի սիրտը՝ մարդկանց միավորելով մշակութային, կրթական և սոցիալական միջոցառումների շուրջ», – ասաց Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը։

Ալավերդու մշակույթի տունը, որը երկար տարիներ գտնվում էր անգործության մեջ, վերածվել է համերգների, թատերական ներկայացումների, ֆիլմերի ցուցադրությունների, պաշտոնական հանդիպումների և համայնքային միջոցառումների համար նախատեսված կենսունակ վայրի։ Այն նաև կհյուրընկալի Լոռու միջազգային թատերական փառատոնը՝ էլ ավելի ընդլայնելով տարածաշրջանի մշակութային կյանքը։

ՄԱԿի զարգացման ծրագիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930