«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում քաղհասարակության և իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալու համար Հայաստանից Բաքու մեկնած քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մամուլի ասուլիսից հետո խմբի անդամների հասցեին հնչող քննադատությունների ալիքը չմարեց։ Հնչեցին տեսակետներ, որ «այդ մարդիկ քաղհասարակության ներկայացուցիչներ չեն, այլ պրոիշխանական գործիչներ, Ալիևի, Հաջիևի թեզերը ՀՀ-ում վերաթողարկողներ», նրանց անվանեցին գործակալներ և այլն։
Նշենք, որ ասուլիսի ժամանակ Բաքու մեկնած քաղհասարակության ներկայացուցիչները ներկայացրել էին այն ուղերձները, որոնք Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը խնդրել էր փոխանցել ՀՀ հասարակությանը։
«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում քաղհասարակության և իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալու համար Հայաստանից Բաքու մեկնած խմբի անդամ, Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանին Aravot.am-ը հարցրեց՝ իր համար սպասելի՞ էին այս արձագանքներն ու քննադատությունները, նա պատասխանեց․ «Լրիվ սպասելի էր, քանի որ մենք հասկանում էինք մոտավոր՝ մեր հասարակական-քաղաքական զարգացումներն ու տրամադրություններն ինչպիսին են։ Ակնհայտ է, որ քննադատությունների մեջ բավականին մեծ տեղ է զբաղեցնում այն մարդկանց խոսքը, որոնք ներկայացնում են այսօրվա ընդդիմությունը, որը հիմնականում դեմ է այն օրակարգին, որն իրականացնում է հայ-ադրբեջանական հարաբերություններում ՀՀ իշխանությունը։ Եվ, համապատասխանաբար, ցանկացած գործողություն, որը ինչ-որ տեղ տեղավորվում է այդ օրակարգում՝ մասամբ, թե ամբողջությամբ, անմիջապես արժանանում է քննադատության։ Եվ այն մարդիկ, որոնք անգամ ակտիվորեն չեն մասնակցում քաղաքական կյանքին, բայց հանդիսանում են աջակից ընդդիմադիր ուժերին, նրանք միանում են այս քննադատության շքերթին։
Նաև կան այլ սուբյեկտիվ պահեր, որոնք պետք է հաշվի առնել․ սովորաբար ցանկացած ոչ սովորական նախաձեռնություն անմիջապես կասկածների և դժգոհության ալիք է բարձրացնում և դա դիմադրողականություն է առաջացնում որոշ շրջանակների կողմից։
Կարդացեք նաև
Եվս մեկ սուբյեկտիվ պահ կա․ ես ճանաչում եմ շատ մարդկանց, որոնք այսօր քննադատում են, բայց եթե իրենց առաջարկվեր նույն ծրագրին կամ նախաձեռնությանը մասնակցել, շատ հպարտ կլինեին։ Այստեղ ինչ-որ տեղ խանդի կամ նախանձի դրսևորումներ էլ կան, որոնք ի վերջո անդրադառնում են՝ որպես քննադատություն այս նախաձեռնությանը»։
Մեր հակադարձմանը՝ բայց քննադատողների շարքում կան մարդիկ, որոնք արդեն այցելել են Բաքու, Բորիս Նավասարդյանն այսպես արձագանքեց․ «Հիմա էլ մեծ ոգևորությամբ կմասնակցեին նման նախաձեռնությանը, բայց քանի որ իրենց չի բախտ վիճակվել այդ առաքելությունն իրականացնել, հիմա քննադատում են և փորձում գտնել բացասական կողմեր մեր արածի մեջ, թեև շատ դեպքերում քննադատում են նրա համար, ինչ իրականում գոյություն չունի։ Դուք նշեցիք՝ մենք տարածում ենք Ալիևի և Ադրբեջանի քաղաքական վերնախավի ուղերձները, բայց ինչ-որ տեղ մեր այցելության և ադրբեջանական այցի նպատակն այն է, որ մենք հասցնենք Ադրբեջանի ու Հայաստանի հասարակություններին՝ ինչպիսի մոտեցումներ կան հարաբերությունների նորմալացման ուղղությամբ Ադրբեջանում ու Հայաստանում։ Եվ այն, ինչ մենք ենք տարածում, ոչ թե քարոզչություն է, այլ այն ձևակերպումներն են, որոնցով ուզում են երկու կողմին էլ համոզել, որ այս գործընթացը դրական միտում ունի և կարող է հասնել դրական արդյունքների։ Ես կարծում եմ՝ նման ուղերձներ տարածելը միայն նպաստում է, որպեսզի հանրային տրամադրությունները համապատասխան լինեն խաղաղության օրակարգին»։
Կրկին հակադարձեցինք՝ բայց ադրբեջանական գործիչները տրամագծորեն հակառակ ուղերձներն են փոխանցում իրենց հանրությանը, որ Հայաստանն իրենց տարածքն է և այլն, Բորիս Նավասարդյանն ի պատասխան ընդունեց, որ դա խնդիր է և վստահեցրեց․ «Դա այն խնդիրն է, որ մենք Երևանում և Բաքվում խորապես քննարկել ենք մեր գործընկերների հետ և անգամ մշակել որոշել «հակաթույն» նման դրսևորումների համար»։
Հետաքրքրվեցինք՝ իսկ վստա՞հ եք, որ ինչպես ձեր խմբի անդամները ադրբեջանական կողմից ուղերձներն են հասցնում հայ հանրությանը, այնպես էլ ադրբեջանական կողմից իրենց հասարակությանը հասցնում են մեր ուղերձները, Բորիս Նավասարդյանը պատասխանեց․ «Այո, մենք հետևում ենք իրենց վարքագծին այս նախաձեռնության սկզբից։ Համոզվել ենք, որ բավականին վստահելի գործընկերոջ հետ գործ ունենք՝ ի դեմս այդ հնգյակի, որը ներկայացնում է Ադրբեջանը»։
Արցախի ԱԺ նախկին փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանը օրերս կարծիք էր հայտնել քաղհասարակության ներկայացուցիչների՝ Բաքու այցի մասին և նշել՝ եթե Ադրբեջանն իր նպատակների մեջ անկեղծ լիներ, ապա կկազմակերպեր, որպեսզի Բաքու մեկնած հայերը հանդիպեին այնտեղ պահվող հայ պատանդների ու գերիների հետ։ Բորիս Նավասարդյանը հայտնեց․ որ իրենք նման խնդիր առաջադրել են և պարզաբանեց․ «Սա բարդ հարց է, թեև մենք, իրոք, դրել ենք խնդիր տեսակցելու մեր ռազմագերիներին։ Սա ունի որոշ ռիսկեր։ Մենք մտածել ենք այդ ռիսկերի մասին, թեև գտել ենք, որ դրանցով հանդերձ՝ ցանկալի էր, որ հանդիպումը տեղի ունենա։ Պատկերացրեք՝ մենք տեսնեինք, որ ամեն ինչ նորմալ է, և նրանց իրավիճակը՝ որպես բանտարկված մարդկանց, ապահովում են, և գայինք, այդ նույնը ՀՀ-ում ասեինք։ Դա կընկալվեր որպես քարոզչություն, որպես, ինչպես նշում են, Ադրբեջանի նարատիվների տարածում ՀՀ-ում։
Իսկ եթե տեսնեինք, որ կան խնդիրներ, և մեզ այդ խնդիրների մասին գերիները և պահվող անձինք պատմեին, մենք գայինք, այստեղ դրա մասին խոսեինք՝ ո՞նց եք կարծում՝ իրենց վիճակը Բաքվում կբարելավվե՞ր, թե՝ կվատանար՝ հաշվի առնելով, թե ինչպիսի սառնասրտությամբ է Ադրբեջանը վերաբերվում ցանկացած միջազգային կառույցի քննադատության։ Նման տեղեկությունների տարածումը ՀՀ-ում կարծում եմ միայն կվատթարացներ մեր գերիների վիճակը։
Մենք ամեն դեպքում դա էլ հաշվի առնելով՝ գտնում էինք, որ արժի հանդիպել, բայց բավականին հակասական հետևանքներ նման հանդիպումը կարող էր ունենալ։ Դրա համար մեզ համար առաջնահերթություն էր ոչ այնքան տեսակցությունը, որքան գերիների վերադարձի հարցի վրա շեշտադրում անելը»։
Մեր հստակեցմանը՝ դուք գերիներին տեսակցելու հարցով դիմել եք ադրբեջանական կողմին և մերժո՞ւմ ստացել, Բորիս Նավասարդյանն այսպես պատասխանեց․ «Դեռ Երևանում մենք այդ ցանկությունը հայտնել ենք, և այդ ցանկությունն անմիջապես փոխանցվել է Բաքվում որոշում կայացնողներին, սակայն նրանք էլ նպատակահարմար չեն գտել․ չի բացառվում՝ նույն ռիսկերը հաշվի առնելով, որը ես Ձեզ ներկայացրի»։
Հարցին՝ պատճառաբանություն կա՞ր, Բորիս Նավասարդյանը պատասխանեց․ «Մենք իրար ընկալում ենք՝ որպես հասկացող մարդիկ, եթե պարզապես ծրագրում դա չներառվեց՝ հակառակ մեր խնդրանքին, դա նշանակում է, որ ոչ, առանց ոչ ասելու»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































