Արշակ սրբազանը պնդում է՝ երբ իր ծառայության կասեցման պահանջագրի տակ ստորագրած բարձր հոգեւորականները կհաստատեն, որ իրենք իրոք ստորագրել են, ինքն իր ասելիքը կասի:
«Երբ ստորագրող անձինք կհաստատեն, այդ թեմայի շուրջ պատշաճ ձեւաչափով կզրուցենք»,- 24news-ի եւ news.am-ի լրագրողներին ասաց Արշակ սրբազանը:
Լրագրողի դիտարկմանը, թե եպիսկոպոսաց ժողովին ձեր հարցը չի՞ քննարկվել, կաթողիկո՞սն է որոշել եպիսկոպոսների 7 հոգանոց կազմը, որոնց ընդունել է, ի պատասխան Արշակ սրբազանն ասաց. «Ներքին ընթացակարգերով կարգավորվող հարաբերություններ են, պատշաճ չեմ համարում այդ գործընթացի մասին բարձրաձայնել, որքան էլ, ինձ համար տարօրինակ կերպով, հանրային դաշտ է նետվել»:
Անդրադառնալով իրեն վերագրվող սկանդալային տեսանյութերի իսկության հաստատմանը, որի մասին ըստ իշխանական «Հայկական ժամանակ» լրատվամիջոցի տարածած փաստաթղթի, ասել են եպիսկոպոսները, Արշակ սրբազանն ասաց՝ իր փաստաբանը հանգամանալից արձագանքել է, իրեն հայտնի չէ փորձաքննություն կամ փորձաքննության եզրակացություն. «Եթե ուղղակիորեն ակամայից ներգրավված եմ այս գործընթացի մեջ ու հայտնի չէ փորձաքննության եզրակացություն, ինչպես կարող են գործին չառնչվող անձանց ձեռքին այդպիսի փորձաքննության եզրակացություններ լինել»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով իր բոլոր պաշտոններից հեռանալու պահանջին՝ նա ասաց՝ ցանկացած որոշում պետք է ունենա իրավական հիմք, կամ տրամաբանական հիմնավորում. «Ես այդպիսի հիմնավորումներ չեմ տեսնում: Ինչի՞ համար հեռանամ, ցանկացած որոշման տակ պետք է լինի իրավական ու կանոնական, բարոյական կամ գեթ մեկ տրամաբանական հիմք, ես հիմքեր չեմ տեսնում: Ես պետք է որոշում կայացնեմ, որովհետեւ ինչ-որ մարդիկ այդպե՞ս են ցանկանում»:
Արշակ սրբազանի խոսքով՝ իր դեմ սկսված գործընթացն էլ եկեղեցու եւ Վեհափառի դեմ ուղղված արշավի ցայտուն դրսեւորում է. «Մնացյալը տեխնիկայի եւ տեխնոլոգիաների հարց է: Չեմ ցանկանում իմ դերակատարությունը որեւէ ձեւով գերագնահատել, եւ կարծում եմ՝ իրականության մեջ գերագնահատում են իմ դերակատարությունը, բայց ես Մայր Աթոռի շարքային եպիսկոպոսներից մեկն եմ, որն ունի իր դիրքորոշումը եւ, որը հավանաբար շատերին դուր չի գալիս: Բնական եմ համարում դա, որովհետեւ ինձ էլ շատերի դիրքորոշումը դուր չի գալիս: Բայց ի տարբերություն ինձ՝ այդ մարդիկ, որոնք ունեն ռեսուրսներ, հետեւողականորեն որոշել են իրենց դուր չեկող դիրքորոշումներով հանդես եկող անձին ոչնչացնել, ժամանակը ցույց կտա՝ ինչպես կստացվի: Իմ դիրքորոշում եղել ու մնում է նույնը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































