ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ փաստաբանների պալատի անդամ փաստաբանը, տեղեկանալով Հայաստանի բանկերի միության ֆինանսական արբիտրաժային դատարանի կողմից իր ծանոթի օգտին կայացված ոչ բարենպաստ վճռի մասին, պատրաստակամություն է հայտնել ստանձնել նրա շահերի ներկայացումը և բողոքարկել վճիռը։ Վճիռը բեկանելու համար փաստաբանը դիմում է ներկայացրել իրավասու դատարան և, տեղեկանալով, որ գործը վարույթ է ընդունել իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող դատական իշխանության ներկայացուցիչը, իր ծանոթի օգտին վճիռ կայացնելու խնդրանքով դիմել է նրան: Վերջինս, խոստանալով կայացնել ակնկալվող ելքով դատական ակտը, դրա դիմաց պահանջել է 3.000.000 ՀՀ դրամ կաշառք: Այդ մասին փաստաբանն իրենց ընդհանուր ծանոթի միջոցով տեղեկացրել է հիշյալ անձին, ով ընդունել է կաշառքի առաջարկը, սակայն համաձայնվել է տալ 2.000.000 ՀՀ դրամ կաշառք:
Դրանից հետո փաստաբանը, խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակելով դատական իշխանության ոլորտում մշտապես պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձի կողմից ապօրինի գործողության համար կաշառք ստանալուն, 2025 թվականի ապրիլին դստեր միջոցով նշված անձից ստացել է կաշառքի առարկա հանդիսացող 2.000.000 ՀՀ դրամը։
Միաժամանակ փաստաբանը, իր և հանցակիցների հանցավոր գործողությունները քողարկելու դիտավորությամբ, հետին ամսաթվով կազմել և կաշառք տվողին է ներկայացրել «իրավաբանական ծառայությունների մատուցման» վերաբերյալ ձևական պայմանագիր՝ այդ կերպ փորձելով օրինական տեսք հաղորդել նկարագրված հանցավոր արարքներին, որից հետո դատական իշխանության ոլորտում մշտապես պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձի կողմից կայացված վճռով չեղյալ է ճանաչվել Հայաստանի բանկերի միության ֆինանսական արբիտրաժային դատարանի վճիռը:
Դատական իշխանության ներկայացուցչի կողմից կաշառք ստանալուն օժանդակելու համար փաստաբանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-435-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, կաշառք տված անձին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, իսկ կաշառքի օժանդակություն կատարած անձին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-435-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Փաստաբանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, որը հետագայում փոխարինվել է տնային կալանքով և գրավով։
Կարդացեք նաև
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵ


















































